Վահան Մարտիրոսյանն այցելել է ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 1-ին այցելեց Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ:

Ինստիտուտում իրականացվում են համակարգչային գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեսական և կիրառական հետազոտություններ:

Տնօրեն Վլադիմիր Սահակյանը նախարարին ներկայացրեց ինստիտուտի ստեղծման պատմությունը, գործունեությունն ու ձեռքբերումները::

Գիտական այս հաստատությունը կրթական ծրագրերի շրջանակում սերտ համագործակցում է արտասահմանյան մի շարք նմանատիպ ինստիտուտների հետ: Գիտաշխատողների մշակած տեխնոլոգիական լուծումները ներդրվում են պետական տարբեր գերատեսչությունների աշխատանքային գործընթացում: Համագործակցում են նաև մասնավոր ընկերությունների հետ տեխնոլոգիական որոշակի նախագծեր իրականացնելիս:

Նախարարը, բարձր գնահատելով ինստիտուտի կրթական ու գիտական ներուժը, առաջարկեց ներկայացնել բոլոր այն խնդիրների ցանկը, որոնց լուծմանը կարող է աջակցել նաև նախարարությունը:

Գիտաշխատողների հետ քննարկվեցին մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության խնդիրներն ու նորարարական գաղափարների իրագործման խոչընդոտները: Ինստիտուտի աշխատակիցները ներկայացրեցին «Սուպերկոմպյուտերային կենտրոնի» ստեղծման իրենց նախագիծը և այդ ուղղությամբ արված առաջին քայլերը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս