Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական թատերաբեմում հայտնված բոլոր ուժերը փորձում են ի մի բերել իրենց մտքերը եւ պատրաստվել սպասվելիք «հակամարտությանը»: Հերթը այս անգամ ԲՀԿ-ինն է: Դեկտեմբերի 3-ին տեղի է ունենալու ԲՀԿ խորհրդի ընդլայնված նիստ, որի դռները փակ են լինելու լրագրողների համար, ինչպես մյուս կուսակցությունների խորհրդի նիստերի դեպքում է լինում:
Այնուամենայնիվ, սպասելի է, իհարկե, որ խորհրդի նիստը տեղի է ունենալու բախումների մթնոլորտում, որովհետեւ ամեն մեկը փորձելու է իր դիրքերն ամրացնել կուսակցությունում, ասել է թե՝ մանդատի կռիվ է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ խորհրդի ընդլայնված նիստի ինտրիգային հարցը լինելու է Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հարցը: ԲՀԿ-ականները փորձելու են հստակեցնել՝ ինչպես է դա տեղի ունենալու, վերջ ի վերջո, գալո՞ւ է նախկին կուսակցապետը, թե՞ ոչ:
Ըստ էության խորհրդի օրակարգում ընդգրկված է լինելու երեք հարց:
Մեկը վերաբերելու է խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելուն: Որքան էլ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, որ դաշինքներ կարող են լինել միայն հավասարազոր քաղաքական ուժերի միջեւ, այնպիսի կուսակցությունների, որոնք գտնվում են միանման քաշային կատեգորիաներում, այնուամենայնիվ, այդ հարցի մասին ԲՀԿ-ականները պատրաստվում են քննարկում անցկացնել:
Մյուս հարցը վերաբերելու է, այսպես ասած, ռեյտինգային պատգամավորներին: ԲՀԿ-ում պատրաստվում են հստակեցնել, թե ում որտեղից պետք է առաջադրեն ռեյտինգային կարգով: Ինչպես հայտնի է՝ նոր ԸՕ-ով ԱԺ ընտրությունների ժամանակ մասնակից կուսակցություններից յուրաքանչյուրն ունենալու է առանձին քվեաթերթիկ: Ի տարբերություն ԸՕ նախագծի առաջին տարբերակի՝ քվեաթերթիկները ոչ թե տարբեր գույնի են լինելու, այլ միանման: ԱԺ ընտրության քվեաթերթիկի մի կողմում նշված են լինելու տվյալ քաղաքական ուժի անվանումը եւ համամասնական ցուցակի առաջին երեք անունները: Մյուս կողմում նշված են լինելու տվյալ ընտրատարածքում քաղաքական ուժի առաջադրած թեկնածուների անունները: Հենց այդ երեք թեկնածուներն էլ համարվելու են ռեյտինգային կարգով առաջադրվածները:
Տեղեկացնենք, որ ԱԺ ընտրությունների ժամանակ հանրապետությունը բաժանված է լինելու 13 ընտրատարածքների՝ չորսը՝ Երեւանում, մնացած ինը՝ մարզերում: Բացառությամբ Վայոց ձորի մարզի, որը Սյունիքի հետ մեկ ընտրատարածք է կազմելու, մնացած դեպքերում գործելու է մարզ-ընտրատարածք սկզբունքը: Երեւանի դեպքում ընտրատարածքները ձեւավորվելու են հետեւյալ կերպ՝ առաջին ընտրատարածք՝ Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ, երկրորդ՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն, երրորդ՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, եւ չորրորդ՝ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն:
«Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, թե ովքեր են ԲՀԿ-ից առաջադրվելու այդ ընտրատարածքներում` որպես ռեյտինգային թեկնածուներ: ԲՀԿ-ն հաշվի է առել իր թեկնածուների ճանաչումը եւ հարգվածությունը տվյալ համայնքներում եւ մարզերում: Այսպիսով՝ Երեւանի Դավիթաշեն համայնքում ԲՀԿ-ի ռեյտինգային թեկնածուն լինելու է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո), Աջափնյակում` ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանը, Քանաքեռ-Զեյթուն համայնքում` ԲՀԿ փոխնախագահ, քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը: Իսկ մարզերում բաշխվածությունը հետեւյալ տեսքն է ստանալու. Արմավիրի մարզում առաջադրվելու է երկու թեկնածու` Էջմիածին քաղաքում ԱԺ պատգամավոր Հրանտ Դավթյանը, իսկ Արմավիր քաղաքում Արայիկ Աղաբաբյանը:
Արարատի մարզում ԲՀԿ-ն որոշել է եւս երկուսին առաջադրել՝ Մասիսում` Տիգրան Ստեփանյանի, իսկ Արարատում` նախկին պատգամավոր, ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի թեկնածությունները: ԲՀԿ ցուցակում Սյունիքի մարզից ընդգրկվելու են ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյանը եւ Արթուր Մարտիրոսյանը, որը Կապանի քաղաքապետի թեկնածու էր: Վերջինս եղել է նաեւ զորամասի հրամանատար: Եղեգնաձորում առաջադրվելու է Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը, Գեղարքունիքում ԲՀԿ-ի համար պայքարի մեջ են մտնելու նախկին մարզպետ Նվեր Պողոսյանը եւ նախկին պատգամավոր Հրանտ Մադաթյանը: Գեղարքունիքում ռեյտինգայինների մեջ կլինի նաեւ կոմունիստ, ԱԺ նախկին պատգամավոր Խորեն Սարգսյանը՝ Թռչունիչը:
Տավուշի մարզում ռեյտինգային ցուցանիշ է փորձելու ապահովել ԱԺ պատգամավոր Արմեն Ավետիսյանը: Կոտայքի մարզում առաջադրվելու են միանգամից երեք թեկնածուներ` ԱԺ պատգամավորներ, Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը, Մելիք Մանուկյանը եւ Արշակ Մխիթարյանը, բայց Ծառուկյանի վերադարձի դեպքում նրանց հարցը դեռ քննարկվելու է: Լոռու մարզի պարագայում ԲՀԿ-ն դեռ հստակեցումներ չի կատարել: Հնարավոր է՝ ԲՀԿ-ն «ստավկա անի» բժիշկ Այծեմնիկ Օհանյանի վրա: Վերջինս Վանաձորի ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ի ցուցակն էր գլխավորում: Շիրակի մարզում ԲՀԿ ներկայացուցիչը Գյումրու ՏԻմ ընտրություններին կուսակցության ցուցակը գլխավորած Վարդեւան Գրիգորյանն է լինելու, ում հաջողվեց այդ ընտրություններում ավելի քան 10 հազար ձայն ստանալ Գյումրի քաղաքում: Եւ, վերջապես, Արագածոտնի մարզից առաջադրվելու է ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
ԲՀԿ-ում կա տեսակետ, որ կուսակցության քաղաքական «կորիզը»` Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ էլի մի քանիսը եւս պետք է ռեյտինգայինով ընտրակարգով առաջադրեն իրենց թեկնածությունը` իրենց վարկանիշը չափելու համար: Վերջում չստացվի նաեւ այնպես, որ ռեյտինգայինները ապահովեցին ԲՀԿ-ի ձայները, իսկ իրենք ԱԺ մտան նրանց ձայների շնորհիվ:
«ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ի համագումարը կկայանա փետրվարից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում: Այդ իսկ պատճառով ԲՀԿ-ականները դեռ շտապելու պատճառ չունեն: Նրանք հանգիստ ծանր ու թեթեւ են անում: Թե ինչ եզրահանգման կգան ԲՀԿ-ականները, հայտնի կլինի համագումարից հետո: Չի բացառվում նաեւ, որ ԲՀԿ-ի ցուցակը էական փոփոխություններ կրի Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո:
Վահագն Հակոբյան