ԱԺ արտահերթ նիստի օրակարգի առանցքային հարցերից մեկը ՀՀ կառավարության հեղինակած «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծն էր: Հիշյալ նախագծի ընդունման դեպքում հիմնականում փաստի առջեւ են կանգնելու, այսպես կոչված, մարդ-կուսակցությունները: «ժողովուրդ»-ը «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահից հետաքրքրվել է՝ արդյո՞ք մտավախություն չունեն՝ ՝ կապված նոր օրենքի ընդունման հետ:
-Պարո՛ն Գիմիշյան, տեղյա՞կ եք Կառավարության հեղինակած «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծից:
-Տեղյակ չեմ, ճիշտն ասած, առանձնակի չեմ էլ հետաքրքրվում, որովհետեւ ԱԺ-ից, այս իշխանությունից ինչ օրենք սպասենք:
-Նշում են, որ ինքնաբերաբար անհետանալու են մարդ-կուսակցությունները:
-Գիտեք ինչ, Սահմանադրությունն ասում է` ցանկացած ոք իրավունք ունի քաղաքական կառույց ստեղծելու: Իրենց ասածը անգրագիտություն է, հակասահմանադրական մոտեցում է: Ի՞նչ է նշանակում մարդ-կուսակցություն: Ընդհանրապես ինչքան մարդ քաղաքականությամբ զբաղվի, այնքան ժողովրդի որակին համապատասխան կլինի քաղաքական համակարգը: Այսօր զբաղվում են գող-ավազակները հիմնականում, եւ իրենք հավաքել են, թայֆա սարքել` հարյուր-հազարավոր կուսակցության անդամներով, եւ համարում են, որ իրենցից բացի՝ ոչ ոք չպետք է լինի: ՀՀԿ-ն իննսունական թվականներին չորս-հինգ հոգի էր, թող վերանային, այն ժամանակ իրենք չեն վերացել, իշխանության մի տեղը մտած զարգացում են ապրել, զավթել են հետո իշխանությունը եւ սկսում են խոսել մարդ-կուսակցություններից: Մեր կուսակցությունը շատ փոքր է, ու՞մ է խանգարում: Ավելի լավ չէ՞ շատ մարդիկ զբաղվեն, թե՞ պետք է մենաշնորհ ստեղծել: Հնարավորություն չենք տալիս նոր կուսակցություններ ստեղծել եւ դրդում ենք` ուզում ես քաղաքականությամբ զբաղվել, արի կեղտոտ Հանրապետական համակարգը մտի, դու էլ փչացի, որ համակարգը եւ մոտեցումները չփոխվեն, որ բոլորը լինեն փչացած, սա՞ է իրենց ուզածը: Մի մարդ կարող է այնքան գաղափար ունենալ, ինչքան ամբողջ կյանքում ՀՀԿ-ն չունենա: Վաղը զրկեք իրենց փողից, այնտեղ մարդ չի մնա, որովհետեւ այդ կեղտի կճուճից բոլորը կցանկանան փախչել:
Վահագն Հակոբյան