«Ժողովուրդ»-ը զրուցել է երաժշտական նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող, երգիչ Վրեժ Կիրակոսյանի հետ, ով Երեւանի մշակույթի պետական քոլեջում աշխատում է որպես փոխտնօրեն, ինչպես նաեւ «Emmy-B» պրոդյուսերական ընկերության գործադիր տնօրենն է:
-Վրե՛ժ, երկրպագուները սպասում են Ձեր կենդանի կատարումներին: Նրանց ե՞րբ կընձեռվի նման հնարավորություն:
-Հուսամ, որ գալիք տարում կենդանի նվագակցությամբ համերգ կունենամ: Չեմ ցանկանա ակումբային ֆորմատով համերգի` մի քանի հոգանոց կազմ հավաքել, փոխարենը նախընտրում եմ պրոֆեսիոնալ նվագախմբով ելույթ: Կարծում եմ` համերգս կհեռարձակվի նաեւ հեռուստաընկերությամբ: Նշեմ նաեւ, որ ունեմ մի քանի նոր երգեր. դրանք հեղինակային ստեղծագործություններ են` գրված հատուկ ինձ համար: Երգերից մեկի հիման վրա պատրաստվում եմ նկարահանել տեսահոլովակ: Այդ ստեղծագործությունը հայերեն է, հայրենասիրական թեմայով:
-Դուք երգարվեստի դաշտում Ձեր դիրքերն ամրապնդելու, հիմնավորվելու նպատակ ունե՞ք:
-Ինձ համար կայացած, պահանջված երգիչը նա է, որի համերգի տոմսերը ձեռք բերելու համար մարդիկ իրար «սպանում են», պատրաստ են դրանց դիմաց մեծ գումարներ վճարել: Սա է շոուբիզնեսյան միջավայրը: Իսկ եթե պետք է համերգ տաս, բայց դու բերես, դահլիճը լցնես, այդ երեւույթն արդեն շոու-բիզնեսի հետ կապ չունի: Այսօր մեր երգիչ-երգչուհիներից շատերը, որոնք շոուբիզնեսյան միջավայրում գտել են իրենց տեղը, դրսեւորվում են կոորպորատիվներում. հենց այդպիսի միջոցառումների միջոցով են նրանք մեծ գումարներ վաստակում եւ ոչ համերգների: Իսկ իմ մոտեցումը հետեւյալն է. թող ինձ լսի 100 հոգի, բայց ես չփոխեմ իմ ոճը, շարունակեմ հանդես գալ դասական ժանրում:
-Դուք` որպես արտիստ եւ որպես քաղաքացի, աչքի եք ընկնում համարձակ եւ օբյեկտիվ դատողություններով: Վերջին շրջանում էլ սոցցանցերից մեկում անդրադարձել էիք «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Իքս ֆակտոր» երաժշտական նախագծին, քննադատական խոսք էիք հնչեցրել ժյուրիի պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ: Եթե հաշվի առնենք, որ այդ նախագծի միջոցով մեծ հաջողություններ ունեցաք եւ ճանաչվեցիք, հետաքրքիր է` նման տեսակետներ արտահայտելուց հետո Ձեզ «դավաճան» համարողներ եղե՞լ են:
-Խոսքը վերաբերում է ինձ շատ սիրելի եւ հարազատ հեռուստաընկերության ռեյտինգի ապահովմանը: Իմ պոռթկումը սրտացավ վերաբերմունքի արդյունք է: Ես այդ հեռուստաընկերության տաղավարներում ամիսներ շարունակ աշխատել եմ, չարչարվել եւ անգամ այդ տաղավարների հոտն եմ հիշում ու սիրում: Ուստի չեմ կարող անտարբեր անցնել ցավալի իրողության կողքով: Նշեմ, որ տարին մի քանի անգամ լինում եմ տարբեր միջազգային մրցույթներում, որտեղ հանդես եմ գալիս նաեւ որպես ժյուրի, զուգահեռաբար հետեւում եմ երաժշտական նախագծերի անցկացման համաշխարհային փորձին, եւ այն կարծիքին եմ, որ հայկական «Իքս ֆակտոր»-ի շրջանակում բարձր ռեյտինգ ապահովելու համար սխալ նշանակետ են ընտրել:
Տեսեք, թե նույն նախագծի արտասահմանյան տարբերակների դեպքում ինչ միջոցներով են այդ ծրագրերը վարկանիշ ապահովում: Շեշտը դրվում է ցնցող ելույթների, ուշագրավ կատարումների վրա: Սա՛ պետք է լինի նաեւ մեր նշանակետը: Ովքեր չգիտեն, ասեմ, որ «Իքս ֆակտոր»-ի մասնակիցը եթերում հայտնվելուց առաջ անցնում է փակ փուլ, նրան լսում են պրոֆեսիոնալները: Ինձ զայրացնում է այն, որ որոշ մասնակիցների, որոնք չեն համապատասխանում մրցույթի պահանջներին, այդ մարդիկ թողնում են եթեր, հետո դրա միջոցով շոու են անում: Եթե մասնակիցը վատ է երգում, մի՛ թողեք եթեր, դրա հաշվին ռեյտինգ մի՛ հավաքեք, այդ ռեյտինգը թիթեռի կյանք է ունենում, այսօր կա, վաղը չկա: Եվ, ի վերջո, եթե մասնակիցը չի գիտակցում, որ տվյալ մրցույթն իր տեղը չէ, դուք նախապես հասկացրեք, մի՛ ազդեք նրա հեղինակության վրա: Պետք է ժողովրդին կերակրել համեղ, որակյալ ու թարմ սնունդով: Կցանկանայի նաեւ, որ ժյուրին լուրջ մոտենար իր աշխատանքին, պատճառաբաներ` ինչու է տվյալ մասնակցին ասում այո կամ ոչ, չէ՞ որ ժյուրիի անդամները մարդկանց ճակատագրեր են կերտում:
Աննա Բաբաջանյան