ՀՀ քննչական կոմիտեն փրկեց Մովսես Հակոբյանին. Վահան Բադասյանն այլ գեներալների անուններ ևս հնչեցրել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արցախի հերոս Վահան Բադասյանի հայտարարության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչությունում մեկ ամիս առաջ սկսված քննությունը, որով նյութեր էին նախապատրաստվում, օպերատիվ կերպով հանգուցալուծվեց: Արդյունքը որեւէ մեկին, անգամ բանակից կատարվող թալանի մասին հայտարարություններ անող Վահան Բադասյանին անակնկալի չբերեց: ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ յուրացումներ անելու մասին հայտարարության հիման վրա հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ չի հարուցվել:

Այս որոշմանը հանգելու համար 1 ամիս քննիչները հույժ գաղտնի քննություն էին իրականացնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անգամ Վահան Բադասյանից ստորագրություն էին վերցրել, որպեսզի նախաքննության ընթացքում արված իր պնդումների մասին որեւէ մանրամասն չհրապարակի: Հիշեցնենք, որ Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը հնչեցրել էր մի քանի այլ գեներալների անուններ` առանց փակագծերը բացելու: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով ՔԿ որոշմանը, Բադասյանը տողատակերով հասկացրեց, որ մեծ աղմուկ հանած ցորենի մատակարարման մրցույթներում ապօրինաբար հաղթած կազմակերպություններից մեկը կապվում է ՊՆ արդեն նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանի եղբոր անվան հետ: Իսկ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի անունը չի հնչեցրել:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է իր դեմ սուտ մատնության կամ զրպարտության հատկանիշներով քրգործ հարուցվի, Բադասյանը բացառեց. «Չեն կարող: Ես հանցակազմն ապացուցող փաստեր ունեմ: Նոր հայտարարություն կտամ: Թեեւ չէի ցանկանա՝ զինված ուժերը խեղկատակության վերածվեն, բայց բանակից գողությունն այլեւս հանդուրժել չենք կարող»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս