«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուրջ երկու տարի տեւած դատական քաշքշուկից հետո ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի եւ ճանապարհային ոստիկանության վեճը ստացավ իր հանգուցալուծումը: «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2014 հոկտեմբերին գրել էր, որ ՃՈ-ն տուգանել է Թեւան Պողոսյանին եւ դատական կարգով փորձում է նրանից գանձել 50 հազար դրամ:
Պատգամավորն իր հերթին հակընդդեմ հայց էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել իր նկատմամբ կայացրած ակտը: Պողոսյանը պնդում էր, որ ՃՈ-ն իրեն տուգանելու համար պետք է ստանար ԱԺ համաձայնությունը: Հոկտեմբերի 30-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը պատգամավորի հայցը վարույթ էր ընդունել: Արդյունքում՝ շուրջ երկու տարի տեւած քաշքշուկից հետո դատարանը մերժեց պատգամավորի՝ ՀՀ վարչական վերաքննիչ բողոքը: Ասել է, թե նա պետք է կատարի ՀՀ վարչական դատարանի վճիռը: Թեւան Պողոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կբռնագանձվի 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի գումար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: