Երեկ հայտնել էինք, որ Արցախում նոյեմբերի 30-ին երկու պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Իրավիճակը սահմանին լարված է, կան երկկողմանի վիրավորներ: Ի՞նչ իրավիճակ է եղել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին այս գիշեր, ArmLur am –ը փորձեց պարզել ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից:
«Որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: Այսինքն՝ ունենք նույն հակառակորդը, նույն նենգ հարևանը, որը խախտում է զինադադարի ռեժիմը»,-ասաց նա:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ դա նրանց ամենօրյա առօրյան է և որևէ տարօրինակ բան չկա. «Տարօրինակ կլիներ, եթե չխախտեին զինադադարի ռեժիմը: Կարևորն այն է, որ, բարեբախտաբար, որևէ զոհ չունենք»:
Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ, ճիշտ է, կան վիրավորներ, բայց Աստված տա շուտ ապաքինվեն. «Բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի նրանք շատ շուտ կազդուրվեն»:
Նրա հավելմամբ՝ ցանկացած զարգացում թշնամու կողմից ցավալի է. «Իրավիճակը տագնապալի չէ: Սա ամենօրյա մեր իրավիճակն է»:
Նշենք, որ այս գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Լիդա Եղիազարյան