«Я тут причем. դիմե՛ք էներգետիկայի նախարարին». անտարբեր և անտեղյակ նորանշանակ նախարարները` Հայաստան տարանցող գազատարի վաճառքի մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում անդրադարձել էր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի՝ դեռեւ անցած շաբաթ արած հայտարարությանը, որ Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում: Հիշեցնենք, որ հենց այս կորպորացիան է տնօրինում Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը: «Ժողովուրդ» օրաթերթին վրացական աղբյուրներից հայտնի էր դարձել, որ այս օրերին՝ Վրաստանի վարչապետի հայտարարությունից հետո, ակտիվացել է ադրբեջանական նավթագազային «Soccar» ընկերությունը, որը ցանկանում է գնել գազատարն ամբողջությամբ: Թվում է, թե սա այն հարցն է, որը պետք է մտահոգի ոչ միայն երկրի առաջին դեմքերին, այլեւ կառավարության անդամներին:

ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո «Ժողովուրդ»-ը նախարարներից հետաքրքրվեց, թե ինչպես են վերաբերվում Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսի վաճառքի հեռանկարին եւ ինչ քայլեր են պատրաստվում իրականացնել՝ այն կանխելու համար:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյան

-Պարո՛ն Մարտիրոսյան, արդեն մեկ շաբաթ է՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում: Ի՞նչ եք մտածում այս առնչությամբ:

-Ես Ձեզ պես մամուլից եմ տեղեկացել:

vahan-martirosyan

-Իսկ Դուք՝ որպես ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, չե՞ք փորձել կապ հաստատել Ձեր վրաց գործընկերների հետ, հասկանալ, թե որքանով են լուրջ վրացական կողմի մտադրությունները: Ընդհանրապես, ինչո՞վ եք բացատրում կամ մեկնաբանում վրացական կողմի նման մտադրությունը:

-Ես ինչ բացատրեմ, ինչ մեկնաբանեմ Վրաստանի վարչապետի որոշման հետ կապված:

-Պարո՛ն Մարտիրոսյան, այսինքն՝ Ձեզ չի՞ մտահոգում ռուսական գազը Հայաստան տարանցող մայրուղային գազատարի բաժնետոմսերի վաճառքի հնարավորությունը:

-Հարցը ինձ մի՛ ուղղեք, մտահոգիչ է, բայց այդ հարցի լուծման պատասխանը ես չունեմ, եւ չեմ կարող տալ:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան

-Պարո՛ն Ամիրյան, նախորդ շաբաթ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում: Հիշեցնենք, որ հենց այս կորպորացիան է տնօրինում Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը, եւ արդեն իսկ այն գնելու ցանկություն է հայտնել ադրբեջանական նավթագազային ընկերությունը: Սա Ձեզ՝ որպես ՀՀ կառավարության անդամ, չի՞ մտահոգում:

armen-amiryan

-Ես բավարար ինֆորմացված չեմ, դժվարանում եմ պատասխանել: Ինֆորմացված եմ զուտ վերլուծությունների առումով, բայց հայտարարություն անել վերլուծությունների առումով չեմ կարող:

-Իսկ այդ հարցը կառավարությունում քննարկե՞լ եք, ի՞նչ քայլեր են արվում նման հեռանկարը կանխելու ուղղությամբ:

-Չեմ կարծում, որ քայլեր չեն արվում, քայլեր արվում են, բայց նորից եմ կրկնում՝ բավարար ինֆորմացված չեմ, ուստի քաղաքական հայտարարություն չեմ կարող անել:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան

-Պարո՛ն Առաքելյան, տեղյա՞կ եք վրացական կողմի մտադրության մասին՝ վաճառել Հայաստանին գազ մատակարարող խողովակաշարի բաժնետոմսերը:

ignati-araqelyan

-Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի էներգետիկայի նախարարին այդ հարցով դիմեք:

-Դուք համարում եք, որ դա միայն Էներգետիկայի նախարարի խնդի՞րն է: Այսինքն՝ Դուք՝ որպես կառավարության անդամ, այդ հարցի շուրջ Ձեր տեսակետը չունե՞ք:

-Պայմաններից տեղյակ չեմ, դա էներգետիկ քննարկում է, կարող է՝ եղել է էներգետիկ հանձնաժողովի քննարկում, գյուղատնտեսության նախարարությունում այդ հարցով որեւէ քննարկում չի եղել:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան

-Պարո՛ն Մինասյան, Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել, ի՞նչ գիտեք այդ մասին:

artsvik-minasyan

-Տեղյակ չեմ:

-Նման խնդիր ծագել էր նաեւ 2012 թվականին, երբ Մ. Սահակաշվիլին ցանկանում էր Հայաստանին գազ մատակարարող խողովակաշարի մի մասը վաճառել ադրբեջանական ընկերությանը: Սակայն ՀՀ իշխանությունները կարողացան հասնել նրան, որ վրացական կողմը չգնա այդ քայլին: ՀԻմա, կարծես թե, նույնպիսի իրավիճակ է, ի՞նչ պետք է անի ՀՀ կառավարությունը:

-Տեղեկություն չունեմ, ավելի լավ է՝ իրավասու նախարարին դիմեք այդ հարցով:

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է հենց հիմա նման հայտարարություն արվում:

-Եթե տեղեկություն չունեմ, բաժակ չեմ ուզում նայել, ներող եղեք:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյան

216301

-Պարո՛ն Հարությունյան, Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել, սա Ձեզ չի՞ մտահոգում:

-Я тут причем: Դիմե՛ք էներգետիկայի նախարարին:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս