Ով է ՔԿՀ պետի` ձերբակալված տեղակալը. ինչով է հայտնի նրա ոստիկանպետ հայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մարմնավաճառությամբ զբաղվող կանանց բանտ տանելու առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը: Հիշեցնենք, որ դեպքի առթիվ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Իսկ ով է ՔԿՀ պետի` ձերբակալված նախկին տեղակալը եւ ինչով է հայտնի:
«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Ըստ այդմ, Կարապետ Մկրտչյանը վերջերս է ազատվել զբաղեցրած պաշտոնից: Ներքին ծառայողական քննության արդյունքները ստանալուց հետո ՔԿ վարչությունը որոշել է աղմուկ չբարձրացնելու համար «բարիով» ազատել երիտասարդ աշխատակցին, ով, ի դեպ, համակարգում բավականին երկար ժամանակ է ծառայել: Նա «Դատապարտյալների հիվանդանոց»-ում հիմնարկի սոցիալ-հոգեբանական եւ իրավական աշխատանքների գծով պետի տեղակալի պաշտոնում փոխարինել է Խաչիկ Հարությունյանին, ով այժմ նույն պաշտոնը զբաղեցնում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ձերբակալված նախկին պաշտոնյայի անունը տարիներ առաջ շոշափվել է նաեւ կոռուպցիոն գործարքներում: Նա թեեւ որպես վկա է գործով անցել, այնուամենայնիվ, նախկին դատապարտյալ Արտակ Հակոբյանը, ումից հիմնարկի անձնակազմը գումար է վերցրել, հաղորդում է տվել նաեւ Կարապետ Մկրտչյանի դեմ: Այս մասով եւս, մեր տեղեկություններով, ՀՔԾ-ում քննությունը շարունակվում է:

Կարապետ Մկրտչյանը Էրեբունու նախկին ոստիկանապետ, ԱԻՆ նախկին փոխնախարար Ավետիք Մկրտչյանի՝ Աղվես Ավոյի որդին է: Տարիներ առաջ խոսվում էր այն մասին, որ Ա. Մկրտչյանը այդ պաշտոնին էր առաջադրվել իր քավորի՝ Երեւանի նախկին ոստիկանապետ, Երեւանի փրկարարական վարչության պետ Ներսես Նազարյանի ջանքերով: Էրեբունու ոստիկանապետի պաշտոնից ազատվելուց հետո Ավետիք Մկրտչյանը երկար ժամանակ աշխատանք չուներ:

Տարբեր միջնորդությունների արդյունքում, վերջապես, մոտ 2 տարի հետո Մկրտչյանի համար աշխատանք գտնվեց ՀՀ ԱԻՆ-ում. նրան այդ հնարավորությունը տվեց նախարար Արմեն Երիցյանը, ով ՀՀ նախկին փոխոստիկանապետն էր:
Իսկ ով էր գնդապետ Ավետիք Մկրտչյանը: «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2014-ի փետրվարի 4-ի համարում, անդրադառնալով Ավետիք Մկրտչյանի կենսագրությանը, որոշ փաստեր էր ներկայացրել նրա կյանքից: Նախկինում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել, որի կիզակետում Մկրտչյանի ղեկավարած ԱԻՆ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունն էր: Այստեղ չարաշահումներ էին հայտնաբերվել: Սակայն գործը հետագայում կարճվել էր, ըստ երեւույթին Մկրտչյանի պաշտոնը կորցնելու գնով: Եվ հիմա էլ, փաստորեն, իրավապահների ուշադրության կիզակետում է հայտնվել նախկին ոստիկանապետի երիտասարդ որդին: Թե ինչ կպարզվի քննությամբ, եւ արդյոք նա պատիժ կկրի, դեռեւս վաղ է կանխատեսել:

Հավելենք, որ նա այն նույն ոստիկանապետն էր, որին հայտնի հեղինակություն Փայլակը որպես պատիժ շան բնում էր պահել, իսկ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանն էլ իր տղաների հետ ոստիկանապետի սենյակում ծեծի ենթարկեց Ավոյին:

Հավելենք, որ քիչ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկիպետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քննվողքրեական գործով իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիշյալ քրեակատարողականհիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց, դատարանի որոշմամբ, կիրառվել է կալանավորումը:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս