ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` բարձրացնելով քրեական գործով վարույթի շրջանակներում քաղաքացիների անձնագրերը վերցնելու, ինչպես նաև նրանց նկատմամբ հանրապետությունից դուրս գալու արգելքի հետ կապված խնդիրները:
Սահմանադրական դատարանին ուղղված դիմումում նախևառաջ ուսումնասիրվել են անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը երաշխավորող միջազգային իրավական մոտեցումները և ՀՀ սահմանադրության պահանջները: Դրա հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վիճարկվել են ինչպես քաղաքացիների իրավունքներին այդպիսի միջամտություն ենթադրող գործող օրենսդրական կարգավորումները, այնպես էլ իրավակիրառ պրակտիկան` հիմնվելով Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքների քննարկման արդյունքների վրա:
Դիմումում, մասնավորապես, նշվել է, որ քրեական գործով վարույթի շրջանակներում կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց անձնագրերը վերցնելու, վերջիններիս հանրապետությունից դուրս գալու հնարավորությունից զրկելու ընթացակարգերը չեն բխում Սահմանադրության և քրեադատավարական օրենսդրության կարգավորումներից և չեն բավարարում որոշակիության, կանխատեսելիության և թափանցիկության պահանջները` այդպիսով իրական խոչընդոտ հանդիսանալով նաև անձի սահմանադրական այլ իրավունքների լիարժեք իրացման համար:
Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված քաղաքացիների բողոքների ուսումնասիրության արդյունքներով դիմումում քննարկման առարկա է դարձել քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեցող անձանց (օրինակ` տուժողի կամ վկայի) անձնագրերը վերցնելու և վերջիններիս նկատմամբ հանրապետությունից դուրս գալու արգելք սահմանելու պրակտիկան:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ