Շիրակում ՀՀԿ-ն կպայքարի ինքն իր դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ Գագիկ Ծառուկյանը, սառը ցնցուղ պահելով իր կուսակիցների գլխին, հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մտադրության մասին, շատ ԲՀԿ-ականներ օպերատիվ կերպով կարգավորեցին իրենց հարցերը իշխող ՀՀԿ-ի հետ: Բայց պարզվում է, որ ոչ բոլոր ԲՀԿ-ականներն են իրենց հարցերը կարողացել լուծել: Շատերը, թերեւս, այդպես էլ կմնան լուսանցքում:

Բայց ինչպես ասում են՝ իրադարձություններին մոտենանք հերթով եւ սկսենք Շիրակի մարզից:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Շիրակի մարզում ՀՀԿ-ն արդեն կողմնորոշվել է իր անելիքների հարցում: Այստեղ իշխող կուսակցության առանցքային թեկնածուն կլինի նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, որը ռեյտինգային կարգով կառաջադրվի Շիրակի մարզում: ՀՀԿ-ի համար 2-րդ ռեյտինգային թեկնածուն լինելու է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, որը պարբերաբար հերքում է տեղեկությունները: Բայց նախագահականում տպավորություն ունեն, որ նա հայրաքաղաք Գյումրիում սիրված կերպար է, հեշտ կլինի ձայներ հավաքել ընդդիմադիր հայացքներ ունեցող Գյումրիում: Ու եթե հաջողվի ՀՀԿ-ի համար ցանկալի ձայներ ապահովել, մարզից գուցե 3-րդ պատգամավորը ընտրվի Արման Սահակյանը, որի շանսերը շատ փոքր են գնահատվում` հաշվի առնելով Շիրակի մարզի սոցիալական պայմաններով թելադրված հասարակական
տրամադրությունները: Հավելենք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին` Խաչատուր Բալասանյանը եւս մտադիր է առաջադրվել, եթե, իհարկե, «դաբրո» ստանա:

ՀՀԿ-ն իր հավատարիմ կուսակցին` Սուքիաս Ավետիսյանին, որոշել է գործադիրում «տեղավորել», դե, իսկ Աշոտ Աղաբաբյանը, որ ավանդաբար այդ մարզից է ընտրվել, այս անգամ պատգամավորական մանդատ չի ստանալու: Ասել է թե` ՀՀԿ հնաբնակներին փոխարինելու են գալիս ՀՀԿ-ին մշտապես քննադատած անձինք, որոնք նախեւառաջ պայքար են մղելու միմյանց դեմ: Իսկ ՀՀԿ-ականները սպասում են կուսակցապետի որոշմանը ու նույնիսկ եթե ունենան առարկություններ, լուռ կհամաձայնեն:

Եւ այս առումով հետաքրքիր է Մարտուն Գրիգորյանի «կանգառը» ՀՀԿ-ում: Արդյո՞ք դառնալու եք ՀՀԿ-ի թեկնածուն Շիրակում, «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին Մարտուն Գրիգորյանը հստակ պատասխան չտվեց. «Այս պահին դրությամբ մենք մեր թիմով քննարկում ենք անում, կոնկրետ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված: Համամասնական ցուցակի մասով երեւի առաջիկայում ավելի հստակություն կլինի, եւ կոնկրետ կասենք: Եթե նախկին ընտրական օրենսգրքով լիներ մեծամասնական ընտրակարգը, որով մասնակցելու համար պարտադիր չէր լինի կուսակցական հանգամանքը, ուրիշ էր, հիմա ռեյտինգայինը պարտադիր պետք է կուսակցական լինես»:

Ըստ Գրիգորյանի.«Այն ժամանակ, երբ Բարգավաճից դուրս եկա, մեր ծրագիրը, պլանը այդ էր, որ մասնակցելու եմ անկուսակցական կարգավիճակով, մեծամասնականով` որպես անկախ պատգամավորի թեկնածու, բայց քանի նոր օրենքով արդեն պարտադիր մեկ կուսակցության համամասնական ցուցակում պետք է լինես, որ ռեյտինգայինով մասնակցես, այս պարագայում բնականաբար պետք է որոշենք, թե որ կուսակցության համամասնական ցուցակում պիտի ընդգրկվեմ»: Մարտուն Գրիգորյանը ակնարկեց, որ համամասնական ցուցակում տեղ ունենալն այլ բան է, կուսակցություն մտնելը` այլ: Այսինքն` գուցե ՀՀԿ չմտնի:

Նկատենք, որ ՀՀԿ-ն երիտասարդ Գրիգորյանի կյանքում կլինի 3-րդ կուսակցությունը: Նա առաջին անգամ պատգամավոր ընտրվեց Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցության կողմից առաջադրված մեծամասնական ընտրակարգով, հետո դարձավ կարկառուն ԲՀԿ-ական, ապա կգնա դեպի ՀՀԿ, որին տարիներ շարունակ քննադատել է: ««Դաշինք» կուսակցությունը լուծարվել է, այսինքն՝ «Դաշինք» կուսակցության մեջ եղել եմ, դա ընդհանրապես կապ չունի կուսակցություն մտնել, դուս գալու հետ,- բացատրեց Մ. Գրիգորյանը` հավելելով,-իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ես բազմիցս ասել եմ, նորից կրկնում եմ՝ տվյալ ժամանակահատվածում, երբ հանրահավաքներ էր, եւ առաջին կոնկրետ կազմակերպիչն էի այդ ամեն ինչի, մարդկանց Երեւան տանող, այդ ժամանակ ժողովուրդն է ինձ հարց տվել, եթե հանկարծ այս ամեն ինչը մինչեւ վերջ չգնա, եթե խաբված դուրս գանք, ես ասել էի, որ ես էլ եմ դուրս գալու ու արդեն փետրվարյան դեպքերից հետո ես իմ խոսքի տերն եմ եղել: Դուրս եկա կուսակցությունից»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հասցեին հնչեցված քննադատությանը, ապա այս իմաստով Մարտուն Գրիգորյանը «խելքի է եկել»:

Ըստ նրա. «Քննադատությունը եւ համագործակցությունը ինքնանպատակ չպետք է լինեն: Բոլորս էլ արդեն հասկանում ենք, որ այսօր ավելի շատ մեր ժողովուրդը կոնկրետ աշխատանքի կարիք ունի, ո՛չ հանրահավաքների, ո՛չ ընդդիմադիր խոսքերով մարդկանց ականջները շոյելու: Գյումրին հոգսաշատ քաղաք է, եւ պետք է կարողանանք այս քաղաքի համար հարցեր լուծել: Ով կարող է օգտակար լինել այս քաղաքին, որ թիմը կարող է այս քաղաքի հարցերը լուծել, պետք է առաջնորդվենք այս սկզբունքով»:

Այսպիսով՝ Շիրակում ՀՀԿ-ն թեժ պայքար է մղելու ինքն իր դեմ. բոլոր թեկնածուներն ու պոտենցիալ թեկնածուները դուրս կգան միմյանց դեմ, որի արդյունքում կընտրվի թերեւս նրանցից մեկը, բայց վերջնարդյունքում իշխող ՀՀԿ-ն կհաղթի այդ մարտում` ստանալով շատ ձայներ:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն այդ մարզում առաջադրելու է Վարդեւան Գրիգորյանին, իսկ ընդդիմության թեկնածուն, թերեւս, կլինի ԳԱԼԱ-ի կողմից առաջադրված Վահան Խաչատրյանը: Առայժմ նախընտրական Շիրակի պատկերն այսպիսին է:

Թամարա Միքայելյան




Լրահոս