ՊՈԱԿ-ի գույքը վաճառքի է հանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը աճուրդի է հանել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի սեփականություն համարվող տրանսպորտային միջոցները: Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ ՊՈԱԿ-ը վաճառում է ռուսական արտադրության հին տարեթիվ ունեցող իր ավտոմեքենաները: Աճուրդի է հանվել թվով 13 ե՛ւ մարդատար, ե՛ւ բեռնատար ավտոմեքենաներ, որոնց մեծ մասը սարքին չէ: Այսպես՝ աճուրդի է հանվել 2003 թվականի արտադրության «Գազ-3110», որի մեկնարկային գինը կազմում է 470 հազար դրամ, 1991 թ.-ի «Գազ-3102»՝ 100 հազար դրամ մեկնարկային գնով, 3 հատ՝ 1986թ., 1987թ., 1984թ. արտադրության «Կամազ-5320»՝ 220 հազար դրամ, 500 եւ 560 հազար դրամ մեկնարկային գներով, 1984 թվականի արտադրության եւ 170 հազար դրամ մեկնարկային գնով «Գազ-5312»: Իսկ 1987-88 թվականների արտադրության անսարք 3 հատ «Ուազ-3303» բեռնատար ավտոմեքենաների մեկնարկային գները կազմում են 26 հազար դրամ, 28 հազար եւ 30 հազար դրամ: «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ավտոմեքենաները գտնվում են Նորատուսում, Սեւանում, Վարդենիկում, Մարտունիում:

Նշենք, որ գույքը չվաճառվելու դեպքում այն ներկայացվում է նոր աճուրդի, որի ժամանակ դրա մեկնարկային գինը նվազում է օտարման մասին որոշմամբ հրապարակված եւ գույքի աճուրդով վաճառքի մասին հայտարարությամբ սահմանված չափով, իսկ այդպիսի չափ սահմանված չլինելու դեպքում՝ վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

Ի դեպ, հին տարեթվով եւ անսարք ավտոմեքենաների աճուրդը տեղի կունենա նոյեմբերի 16-ին: Եթե նշված օրը ավտոմեքենաները չվաճառվեն, եւ հայտ չլինելու պատճառով աճուրդը չկայանա, ապա այն դեկտեմբերի 4-ին նորից կանցկացվի:
Տեղեկացնենք, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը մի քանի տարի է, ինչ տնօրեն չունի: Սերժ Սարգսյանի համակուրսեցի, 65-ամյա Աշոտ Գնդոյանը, ազատվելով ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից, նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս