Մովսես Գորգիսյան (դեկտեմբերի 3, 1961, Երևան[1] – հունվարի 19, 1990, Երասխ), հայ քաղաքական գործիչ, հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը։ Հայաստանի ազգային հերոս։
Առաջիններից էր, որ դուրս եկավ պայքարի Խորհրդային միության դեմ։ Պարույր Հայրիկյանի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի հետ միասին եղել է 1967 թ. Հայկազ Խաչատրյանի ստեղծած Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) գաղտնի կազմակերպության անդամ։ 1984 թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։ 1986-1987 թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։ 1987 թ. սեպտեմբերին ԽՍՀՄ տարածքում առաջին բացահայտ գործող քաղաքական այլընտրանքային կազմակերպության՝ Հայրիկյանի ստեղծած Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) վարչության անդամ էր։
Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում։ Արցախյան շարժման առաջամարտիկներից էր։ Առաջինն էր, որ 1988 թ. մայիսի 28ին Ազատության հրապարակում եռագույնն է ծածանել։ Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։ 1990 թվականին զոհվել է Երասխի պաշտպանության ժամանակ։ 1996 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արժանացել է Ազգային հերոսի կոչման։ Թաղված է Ծիծեռնակաբերդում։
Մովսես Գորգիսյանի կնքահայրը և գաղափարական կերտողն էր Հակոբջան Թադևոսյանը։