Այն, որ մեր երկրի գլխավոր դրամատունը հանդիսացող Կենտրոնական բանկում աշխատելը բավականին եկամտաբեր է եւ շահեկան, նորություն չէ: ԿԲ-ում անգամ «շարքային» աշխատողների միջին աշխատավարձն է նկատելիորեն բարձր մյուս գերատեսչություններում տրվող վարձատրությունից: «Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ փորձել է ԿԲ-ի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացրած հայտարարագրերից պարզել, թե ով է Հայաստանի գլխավոր դրամատան ամենաունեւոր եւ համեմատաբար «ամենաչունեւոր » պաշտոնյան:
Այսպիսով՝ ԿԲ ամենաունեւոր պաշտոնյան, ինչպես եւ սպասելի էր, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն է: Վերջինս 2008թ. հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ, իսկ 2014թ. հունիսի 12-ից վերանշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում: Ջավադյանի՝ 2015 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա դրամական միջոցները կազմել են 121 մլն դրամ, 525 հազար դոլար եւ 151 հազար եվրո: Տվյալ տարվա եկամուտը եղել է ավելի քան 45 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից, տրված փոխառությունների` վարկերի դիմաց ստացված տոկոսից եւ շահաբաժնից:
Համեմատ գործընկերների՝ «համեստ» խնայողություններ ունի ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Աշոտ Մկրտչյանը: Վերջինս այս պաշտոնին նշանակվել է 2010 թ. փետրվարի 26-ին, ապա՝ 2014 թ. օգոստոսի 30-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ հինգ տարի ժամկետով: Մկրտչյանի` 2014 թվականին պաշտոնը ստանձնելիս ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ այս պաշտոնյան ունի անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում, նաեւ BMW 318 մակնիշի ավտոմեքենա: Մկրտչյանի փոխառությունները` վարկերը, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 21 մլն 905 հազար դրամ եւ 12 մլն դրամ: Այս պաշտոնյայի «հետ գցած» գումարը պաշտոնը ստանձնելիս կազմել է 33 մլն 905 հազար դրամ, իսկ եկամտի չափը` ավելի քան 16 մլն դրամ: 2014 թվականի դրությամբ այսքանը կբավականացներ, որ Մկրտչյանը չհամարվեր ամենաքիչ ունեցվածքն ունեցող պաշտոնյան: Սակայն 2015 թվականին նրա հայտարարագրած տվյալները լրիվ այլ պատկեր են ներկայացնում: 2015 թվականին Մկրտչյանը հայտարարագրել է MAZDA 6 2.5 L ավտոմեքենա, որը ձեռք է բերել 14 մլն 500 հազար դրամով, Մկրտչյանի փոխառության գումարը (չափը) հարկային տարվա վերջում կազմել է ավելի քան 32 մլն դրամ եւ 12 մլն դրամ: 2015 թվականի դրությամբ Մկրտչյանին հաջողվել է հետ գցել ընդամենը 150 հազար դրամ: Հետ գցած գումարը քիչ է, բայց եկամտի չափը «սփոփիչ»` ավելի քան 30 մլն դրամ:
Վահագն Հակոբյան