Նախօրեին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ պարզվել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում նոյեմբերի 18-ին 32-ամյա ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան պատճառը, այն է` հեմոռագիկ շոկ՝ պայմանավորված ներքին օրգանների եւ անոթների սուր արյունապակասության հետ: ՔԿ փոխանցմամբ` որոշում է կայացվել նշանակել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն՝ բժշկի սխալի առկայությունը պարզելու համար: Հիշեցնենք՝ ծննդկանի հարազատները կատարվածում մեղադրում են ԲԿ ծննդատան բաժանմունքի վարիչի պաշտոնակատար, մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանին եւ հերթապահ բժիշկ Արսեն Բալայանին` նշելով, որ վերջիններիս անուշադրության եւ անպատասխանատու վերաբերմունքի պատճառով է Հ. Նազլուխանյանը մահացել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մահացած ծննդկանի ամուսինը՝ Համլետ Ղուկասյանը, հայտնեց, որ փորձաքննության եզրակացությունն իրենց դեռեւս չի տրամադրվել, դրանից հետո պարզ կլինի՝ կա՞ բժշկական սխալ, թե՞ ոչ:
Հ. Ղուկասյանի խոսքով՝ իրենք վկա ունեն, թե ինչպես են բուժաշխատողները կնոջը արյան մեջ շաղախված ծածկոցով տեղափոխում այլ բաժանմունք. «Ես հիմա չեմ կարող ասել այդ վկայի անունը, սակայն նա պատրաստ է հասնել մինչեւ դատարան եւ հաստատել, որ պատգարակը վերելակ չի մտել, եւ բուժաշխատողները կնոջս ադյալով քաշ տալով տեղափոխել են: Եթե նրանք գոնե հավաքարարին կանգնեցնեին կնոջս մոտ, նա չէր զանգի ու ասի, որ մենակ է, արնաքամ է լինում: Մինչեւ հիմա արյան մեջ կորած հեռախոսը փաթեթավորված է, գործի մեջ են ներառելու: Քննությունը կանեն, կիմանան՝ կինս երբ է զանգել մեզ, ինչ վիճակով: Թող մեղավորները պատժվեն. նրանց առաջարկած փողերը մեզ պետք չեն»: Դե, իսկ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը պնդում է, որ մահացած ծննդկանների հարցով զբաղվում է «մորգը»: