Տավուշի մարզի 13 համայնքներում սողանքային գոտիները սպառնալիք են մնում բնակիչների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի 14 համայնքներում առկա են սողանքի օջախներ: Մարզում առավել ակտիվ սողանքային գոտիները գտնվում են Դիլիջան քաղաքում, Գետահովիտ, Վազաշեն, Հաղարծին, Այրում եւ Լճկաձոր համայնքներում: Դիլիջան քաղաքի սողանքային գոտում դեռեւս խորհրդային շրջանում կառուցված հակասողանքային թունելները մաքրելու, գործարկելու շնորհիվ սողանքի խնդիրը լուծվել է: Գետահովիտ գյուղում սողանքն ակտիվացել է անցյալ դարի 90-ական թվականներին: Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը հայտնեց, որ գյուղի սողանքային գոտում է գտնվում 91 առանձնատուն, որից 8-ը սողանցքից քանդվել են եւ բնակության համար պիտանի չեն:

Դրանց տերերին պետական բյուջեից դրամական փոխհատուցում է տրվել, բնակիչները գյուղում նոր տներ են կառուցել կամ գնել: Անցյալ տարի ճապոնական «Ջայկա» կազմակերպության երկրաբանները Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հետ Գետահովտում սողանքի ուսումնասիրության ծրագիր են իրականացրել: Նրանք սողանքի գոտում հորատանցքեր են բացել, հողի տարբեր շերտերից նմուշներ վերցրել, որպեսզի պարզեն սողանքի պատճառ դարձած կավե շերտերի գտնվելու խորությունը: Հողի նմուշներն ուղարկվել են երկրաբանական հետազոտութան: Գյուղապետ Ա. Ղազարյանն ասաց, որ այս տարի «Ջայկա» կազմակերպության երկրաբանները եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողները սողանքային գոտու 4 տարբեր հատվածներում հորիզոնական ուղղությամբ ընդհանուր 200 մետր երկարությամբ ջրահեռացնող խողովակներ են տեղադրել, աշխատանքներն ավարտվել են մեկ ամիս առաջ: 2015թ. «Ջայկա» կազմակերպության երկրաբանները Գետահովտում 27 մետր խորությամբ սարքավորում են տեղադրել, որը կապված է արտակարգ իրավիճակների նախարարությունում գտնվող համակարգչի հետ:

Սողանքի ակտիվացման դեպքում այդ սարքավորումը ահազանգող ազդանշան կուղարկի համակարգչին: Եթե Գետահովիտ համայնքի սողանքի հարցը քիչ թե շատ լուծված կարելի է համարել, ապա մարզի 13 համայնքներում սողանքային գոտիները սպառնալիք են մնում բնակիչների համար:




Լրահոս