ՊՆ աշխատակիցն իր պաշտոնեական դիրքը օգտագործելով՝ օգնել է զինվորներին զինակոչից խուսափել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 23-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ բացահայտվել է առողջական խնդիրների պատճառաբանությամբ, կեղծիքների միջոցով 2010-2015թթ. զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու 32 դեպք, որոնց հետ կապված մեղադրանքներ են առաջադրվել 12 անձի, եւս մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ըստ քննչական կոմիտեի՝ Երեւանի մի բնակչուհի, չունենալով մշտական կամ ժամանակավոր աշխատանք, զարտուղի ճանապարհով, խարդախությամբ գումար վաստակելու նպատակով, տարբեր քաղաքացիների ներկայացել է որպես ՀՀ զինված ուժերի նախկին աշխատակից, գործող բուժհաստատություններում ազդեցիկ ծանոթներ ունեցող անձ եւ իր ծառայություններն առաջարկել ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից ազատվելու ցանկություն ունեցող անձանց՝ խոստանալով տարբեր չափերի գումարների դիմաց տարկետումներ տրամադրել, որոշ դեպքերում նաեւ ընդհանրապես ազատել զորակոչից:

Քննության տվյալներով՝ նշված կինն ընդհանուր առմամբ համաձայնություն է ձեռք բերել մոտ երեք տասնյակ անձանց հետ: Ըստ կոմիտեի՝ այս առիթով դատարան է ուղարկվել երկու քրեական գործ, երրորդ քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է: Մինչ իրավապահները քննում են մյուս դեպքերը, «Ժողովուրդ»-ին քննչական կոմիտեի քննիչների կողմից դատարան ուղարկված գործից որոշ մանրամասներ հայտնի դարձան: Եվ այսպես՝ քաղաքացի Կարինե Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. մայիսի վերջերին իր ծանոթ Աշոտ Գրիգորյանի միջոցով ծանոթացել է Սաթենիկ Սարգսյանի հետ եւ առաջարկել 2 միլիոն 864.160 ՀՀ դրամ գումարին համարժեք 6000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց Խաչիկ Խաչատրյանին ստացիոնար բուժման նպատակով «պառկեցնել» եւ զինծառայությունից ազատել: Նկատենք, որ Կարինե Խաչատրյանը այս գործընթացի մեջ է ներգրավել նաեւ իր ամուսնուն` Արգամ Սիմոնյանին:

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ վերոնշյալ աղմկալի գործը չէր կարող գլուխ գալ առանց ՊՆ համապատասխան պաշտոնյաների աջակցության: Եվ ահա, ինչպես տեղեկանում ենք այս աղմկահարույց գործից, խառնվել են նաեւ ՀՀ ՊՆ N զորամասի աշխատակիցները: Պարզվում է` ՀՀ ՊՆ N զորամասի ուռոլոգիական բաժանմունքի օրդինատոր-սեքսապաթոլոգ, կոչումով բ/ծ կապիտան Աշոտ Սիմոնյանը, օժտված լինելով մի շարք լիազորություններով, 2015թ. մայիսին միջնորդ Երվանդ Կարապետյանի հետ համաձայնություն է ձեռք բերել ԼՂՀ ՊԲ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Խաչատրյանին ստացիոնար բուժման ընդունել: Ասել է, թե ՊՆ աշխատակիցը իր պաշտոնեական դիրքը օգտագործելով՝ օգնել է վերոնշյալ անձանց:

Հիշեցնենք` «Ժողովուրդ»-ը գրել էր, որ նոյեմբերի 22-ին ՀՀ ՊՆ ՌՈ բաժին էր հրավիրվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի մի բնակիչ եւ իրավապահներին պատմել, թե ինչպես է ինքը խաբվել Երեւանի բնակչուհու կողմից: Ըստ Դիլիջանի բնակչուհու` իրեն ներկայացած կինը ասել է, թե ինքը գործող բուժհաստատություններում ազդեցիկ ծանոթներ ունի, կարող է օգնել: Ինքն էլ հավատալով՝ նրան է փոխանցել յոթ հազար ԱՄՆ դոլար, որ իր որդուն նույն թվականի ամառային զորակոչից երեք տարի ժամկետով տարկետում ձեւակերպի: Բայց չի ստացվել:

Քնար Մանուկյան

 




Լրահոս