ArmLur.am-ի զրուցակիցն է ԼՂՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը:
– Պարո′ն Բեգլարյան, հայտնի է, որ Թալիշի բարեկարգման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում: Ո՞ր փուլում են աշխատանքներն այժմ:
– Հիմա արդեն ակտիվ աշխատանքներն ընթանում են, նախագահի հանձնարարությամբ որոշ պետական մարմիններ ընդգրկված են տվյալ աշխատանքներում և ենթակառուցվածքների վերականգնման, նույնիսկ բարելավման աշխատանքներ են ընթանում: Կարծում եմ` քննարկման ընթացքում աշխատանքները մի քիչ դանդաղ տեմպով կընթանան, գարնանը` եղանակային պայմաններից ելնելով,ավելի ակտիվ կլինեն: Դա ենթադրում է, որ առաջիկայում արդեն շոշափելի արդյունքներ կլինեն: Համապատասխան աշխատանքները կատարվում են, նաև համապատասխան շտկումները կատարելու համար: Առիթից օգտվելով զարգացման տեսանկյունից էլ աշխատանքներ են լինելու, որպեսզի ավելի հարմար պայմաններում բնակիչներն ապրեն:
– Անվտանգության առումով կոնկրետ ի՞նչ քայլեր են արվում:
– Կարող ենք ձևակերպել այսպես, որ Թալիշի անվտանգության ապահովումն ազգային արժանապատվության հարց է, հետո նոր վերականգնումը կամ վերաբնակեցումը: Դրանք ոչինչ են, եթե անվտանգությունը չապահովենք տվյալ գյուղի կամ ընդհանրապես մնացած գյուղերի բնակչության համար: Կարծում եմ, որ համապատասխան քայլեր նաև առաջիկայում կկատարվեն, և մինչև հիմա էլ կատարվել են, այսինքն` առաջնագծի ամրապնդման, ինժեներական ամրությունների ստեղծման, ինչը բարձրացնում է նաև Թալիշի բնակչության համար անվտանգության երաշխիքները: Այս երկու ուղությունները` անվտանգության ապահովումն ու բարեկարգումը կատարվում են զուգահեռ: Չեմ կարող ասել` այլ ինչ քայլեր են կատարվելու, հիմա դեռևս պլանավորման փուլում են:
– Այս պահի դրությամբ ունեք տվյալներ` թալիշցիներից քանիսն են Հայաստանում բնակվում և քանիսն են վերադարձել ԼՂՀ:
– Անձամբ ես այս պահին վերջնական թվերի չեմ տիրապետում, քանի որ դրանք անընդհատ թարմացվում են: Այսինքն, մի մասը նախորդ երկու, երեք, չորս ամիսների ընթացքում վերադարձել են Արցախ, Ալաշան համայնքում իրենց համար համապատասխան պայմաններ են ստեղծվել: Եթե չեմ սխալվում` 23-24 ընտանիքի համա, կան պայմաններ համապատասխան: Մասնավորապես, բոլորին տրամադրվել է բնակարան կամ առանձնատուն, և մոտ քսան ընտանիքի համար էլ պլանավորվում է կրկին առանձին տներ տալ, որովհետև պահանջարկը կա: ՀՀ-ում ապաստանած թալիշցիների որոշ մասը ցանկություն է հայտնել վերադառնալ Ալաշան, եթե իրենց տրամադրվեն բնակարաններ: Չեմ կարող ասել` ինչ փոփոխություններ կլինեն թալիշցիների վերադարձման ծրագրում: Թերևս ովքեր կամավոր ցանկանան կվերադառնան Թալիշ, ովքեր ցանկանան Ալաշանում կմնան, բայց համոզված եղեք, որ Արցախի կառավարությունը համապատասխան պայմանները ստեղծելու է, որպեսզի Արցախից դուրս ապաստանած թալիշցիները վերադառնան և Արցախում մնան:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը