Ճանապարհային ոստիկանության հետ համագործակցելով, փորձեք որոշակի լուծումներ գտնել և բավարարել տաքսու վարորդների խնդրանքը. Տարոն Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ շարունակվում է հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման, ինչպես նաև մայթերում և կամարանցումներում ավտոմեքենաների կայանման դեպքերը բացառելու ուղղությամբ: Քաղաքապետը ոլորտի պատասխանատուների ուշադրությունն է հրավիրել վերջին շրջանում տաքսու վարորդների կողմից կրկին բարձրացվող անվճար կայանատեղիների տրամադրման խնդրին:
«Մենք պարբերաբար անդրադառնում ենք այս խնդրին ու որոշակի քայլեր, իհարկե, ձեռնարկել ենք այդ ուղղությամբ:

Տաքսու վարորդներն ու նրանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունները ևս շեշտում են, որ հատկապես վերջին տարիներին այս հարցում իսկապես զգալի են եղել Երևանի քաղաքապետարանի ներդրումն ու ջանքերը, ինչի համար մարդիկ անկեղծորեն շնորհակալ են: Այո, մայրաքաղաքում այսօր ունենք տաքսիների անվճար կայանման 122 առանձնացված և համապատասխան կահավորված տեղ, բայց այդքանը, փաստորեն, բավարար չէ: Եվ հիմա նրանց խնդրանքն է, որ հնարավորին ավելացվի նման կայանատեղերի քանակը: Ըստ այդմ, հարցը քննարկեք այդ մարդկանց հետ և, Ճանապարհային ոստիկանության հետ համագործակցելով, փորձեք որոշակի լուծումներ գտնել և բավարարել մարդկանց խնդրանքը», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել է հարցը համակողմանիորեն քննարկելուց հետո ներկայացնել առաջարկություն՝ տաքսիների անվճար կայանատեղիների ավելացման հետ կապված:




Լրահոս