ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված «Ուսանողական կառույցների ազդեցությունը և դերը բարձրագույն կրթական համակարգում» խորագրով ուսանողական միջազգային ֆորումի մասնակիցներին: Ֆորումն անցկացվում է երրորդ անգամ, մասնակցում են Գերմանիայի, Իտալիայի, Հունաստանի, Իսպանիայի, Լիտվայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Չինաստանի և Վրաստանի ուսանողական կառույցների ղեկավարները:
Ողջունելով մասնակից ուսանողներին՝ ԿԳ նախարարի տեղակալը նշել է, որ ուրախ է ողջունել տարբեր երկրներից ժամանած երիտասարդներին, ովքեր մոտիվացված են կրթության որակի բարելավման և կառավարման արդյունավետության բարձրացման հարցում: Կարևորելով ուսանողների դերակատարության բարձրացումը բուհերի կառավարման գործընթացում՝ Կ. Հարությունյանն ընդգծել է, որ ՀՀ օրենսդրությունը բուհերի կառավարման համակարգում ուսանողության մասնակցության ապահովման տեսանկյունից ազատական է. « Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում մեր երկրի օրենսդրությունն առաջադեմ է՝ օրինակ մենք իրավական պահանջ ենք ամրագրել, որ բուհերի կառավարման խորհուրդների կազմում առնվազն 25 տոկոսը պետք է ուսանողներ լինեն:
Կառավարմանը մասնակցելու և կայացվող որոշումների վրա ազդեցություն ունենալու առումով սա բավականին լուրջ ցուցանիշ է: Բացի այդ մենք ունենք նաև ազգային ուսանողական կառույցներ, որոնք բավականին ակտիվ նախաձեռնություններով են հանդես գալիս»,- նշել է Կ. Հարությունյանը: Հանդիպման ընթացքում ուսանողները տարբեր հարցեր են ուղղել նախարարի տեղակալին, որոնք վերաբերել են ուսանողների շարժունությանը, բուհերի դասավանդման մեթոդաբանությանը, կրեդիտային համակարգի արդյունավետությանը, ՀՆԱ-ի մեջ կրթության ծավալի մասնաբաժնին և մի շարք այլ խնդիրների: