ArmLur.am-ն արդեն հայտնել է , որ Կառավարությունում ընթանում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ԶԼՄ-ների ղեկավարների միջև հանդիպումը:
Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանին հարց ուղղեց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը` անդրադառնալով Հայաստանի կտրուկ անցմանը ԵԱՏՄ-ին, ինչպես նաև ՀՀ արտաքին իմիջի համար քայլեր մշակելուն:
«Արտաքին իմիջը այն չի, որ գնաս վարսավիրանոց` սանրվես, հագնվես եւ իմիջդ փոխվում է. աշխատանքով է ձևավորվում իմիջը: Ինչ վերաբերվում է ԵԱՏՄ-ին, համարում եմ, որ ԵԱՏՄ մտնելը տրամաբանական քայլ էր, որովհետեւ մեր տնտեսության պոտենցյալը ամենաշատը հավանականություն եւ հնարավորություն ունի այդ շուկայում իր տեղը գտնելու»,-ասաց Կարապետյանը:
Վարչապետը նաև նկատեց` «Ցավոք սրտի մենք շատ ապրանք, արտադրանք չունենք, որոնք Եվրոպայում մրցունակ, ընկալելի, ընդունելի են: Մտնելով այդ ակումբը մենք հնարավորություն ունենք 200 միլիոնանոց շուկայում աշխատելու: Էֆեկտիվ կաշխատենք`լավ կլինի, ոչ էֆեկտիկ կաշխատենք` լավ չի լինի: Եթե լավ չլինի, չի նշանակում` ակումբն էր վատը, պատճառը մեր ոչ արդյունավետ աշխատելը կլինի»:
Խոսելով մամուլին հետևելու, հրահանգներ տալու մասին` վարչապետը նշեց. «Նման հանձնարարական մենք չենք տվել, բայց մամուլին մաքսիմալ հետևում ենք, որպեսզի այն պրոբլեմները, որոնք էական են, հուզող են անդրադառնանք: Հետադարձ կապը մենք ունենք մամուլի գործընկերների միջոցով, գործընկերների աշխատակազմի միջոցով»: