Պետք է հնարավորություն տանք դպրոցին ինքնուրույն ձևավորել իր կրթական ծրագիրը. Լևոն Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել կրթակարգի մշակմանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել է հանրակրթության զարգացումը նախանշող հիմնարար փաստաթղթի նախագիծը: Քննարկմանը մասնակցել են ԿԳ նախարարի տեղակալները, ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի, ԾԻԳ-ի, «ԱՅԲ» կրթական հանգույցի, «Քվանտ» վարժարանի, ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ և Երևանի թիվ 198 ավագ դպրոցների տնօրենները, հանրակրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Ներկայացնելով կրթակարգի մշակման առաջնահերթությունները՝ նախարարն ընդգծել է ազգային կրթակարգի գաղափարի և հանրակրթության պլատֆորումի ամբողջացումը. «Մենք պետք է ազնվորեն հարցնենք ինքներս մեզ՝ առաջարկվող կրթակարգի նախագիծը բավարարո՞ւմ է մեր պահանջներին. եթե այո փորձենք կատարելագործել այն, եթե ոչ՝ անկախ նրանից, որ որոշակի աշխատանք արդեն կատարվել է, առաջարկենք մասնագետներին մի քանի նախագծային նոր առաջարկներ ներկայացնել, որպեսզի համատեղ քննարկումների ժամանակ լավագույն տարբերակը ստանանք»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ կրթակարգին հաջորդելու են կրթական ծրագրերի և հենքային առարկայական ուսումնական պլանների մշակման աշխատանքները, որտեղ հստակեցվելու են առարկայական ծավալների տեղաբաշխվածության հարցերը: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ առարկայական չափորոշիչների մշակման աշխատանքային խմբերում ընդգրկվեն տվյալ ոլորտի լավագույն մասնագետները»,- ընդգծել է նախարարը՝ ավելացնելով, որ այժմ զուգահեռաբար մշակվում են և օտար լեզուների զարգացման հայցեկարգերը և մշակվող կրթակարգում այդ պահանջները պետք է հաշվի առնվեն:

Նախարարի խոսքով՝ կրթակարգի հիմնական խնդիր է դիտվում դպրոցական ծրագրի բեռնաթափումը, դասագրքերի և առարկայական ծրագրերի վերանայումը, դասավանդման նոր մեթոդների ներմուծումը: «Շատ կարևոր է, որ մենք կարողանանք պահպանել նաև դպրոցների ակադեմիական ազատությունների շրջանակը: Առարկայական պարտադիր ծավալին զուգահեռ մենք առնվազն մեկ քառորդի չափով պետք է հնարավորություն տանք դպրոցին ինքնուրույն ձևավորել իր կրթական ծրագիրը»,- ընդգծել է նախարարը:

Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են տարբեր առաջարկներ՝ առարկայական համամասնությունների տեղաբաշխման, ծրագրերի բեռնաթափման և դպրոցների ազատությունների վերաբերյալ: Որոշվել է առաջիկայում կազմակերպել կրթակարգի նախագծերի մի քանի տարբերակների քննարկում:

unnamed-2




Լրահոս