ՀՀԿ մտնելով` Կարեն Կարապետյանի վարկանիշը իջավ. վարչապետի անկեղծ խոստովանությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բարձր վարկանիշ ունի, արձանագրվել է անգամ «Գելլափ»-ի հարցումների արդյունքում: 3 ամսվա ընթացքում նա հասցրել է ընկալելի դառնալ ամենատարբեր շրջանակների կողմից: Սա թերեւս ունի մեկ բացատրություն. Կարապետյանը խարիզմատիկ կերպար է, ինչը պակասել եւ պակասում է շատ բարձրաստիճան պաշտոնյաների մոտ:
Երբ նա նոր էր վարչապետ նշանակվել, փորձեց ավանդույթը պահել եւ յուրային մի քանի հեռուստաընկերությունների համար ասուլիս կազմակերպեց: Բնականաբար, արժանացավ քննադատության, քանի որ լրատվական դաշտը կրկին բաժանել էր «մերոնք-ձերոնք»-ի: Անակնկա՞լ էր մեզ համար այդ կեցվածքը, բնականաբար ոչ: Բայց լավ է, որ ավելի ուշ վերանայեց այդ որոշումը եւ հանդիպեց 10 թերթերի, 10 կայքերի եւ 10 հեռուստաընկերությունների ղեկավարների հետ:

Հնչեցին ամենատարբեր հարցեր՝ տնտեսությունից, քաղաքականությունից, սոցիալ-կենցաղային թեմաներից մինչեւ նրա փողկապների ու կոստյումների ընտրության մասին: Կարեն Կարապետյանը բավականին անկեղծ էր, չէր խուսափում սուր հարցադրումներից ու անգամ պնդումներից, բայց երբեմն կովկասյան տաքարյունությունը նկատվում էր՝ թեեւ դրսեւորվելով «չափի մեջ»:
Սկզբում խոստովանեց, որ տրամադրված է ագրեսիվություն զգալու, բայց շատ առիթ չունեցավ ագրեսիայի հետ առերեսվելու: Անակնկա՞լ էր Ձեզ համար, որ ըստ «Գելափի»՝ ավելի բարձր վարկանիշ ունեք, քան Սերժ Սարգսյանինը. «Այո»,– կարճ պատասխանեց նա: Իսկ լա՞վ է դա: «Դե, իրենք են գրել, ինչ իմանամ, երեւի լավ է»: Հետաքրքրվեցին՝ ՀՀԿ մտնելով՝ Ձեր վարկանիշը իջա՞վ, թե՞ բարձրացավ. «Իջավ»,- պատասխանեց վարչապետը: «Ժողովուրդ» օրաթերթը հիշեցրեց. ՀՀԿ անդամակցության Ձեր դիմումի մեջ գրված էր, որ ամբողջությամբ կիսում եք ՀՀԿ վարած քաղաքականությունը, այսինքն՝ նախորդների արարքների պատասխանատվությունն էլ եք կրո՞ւմ: Այս հարցը Կարեն Կարապետյանին անակնկալի բերեց: «Բա ասում էիք ագրեսիա չկա՞: Դե, դա ընդհանուր դիմումի ձեւ էր, ստորագրել եմ»,- անկեղծացավ նա:

Ամենաշատ հետաքրքրող հարցը այն էր, թե ինչքան ժամանակով է վարչապետ աշխատելու: Համառ ջանքերից հետո Կարապետյանը պատասխանեց. «2018-ից հետո էլ եմ մնալու որպես վարչապետ: Էս էիք ուզում լսել»:
Նկատենք, որ ընթացքում Կարապետյանը վեր էր կենում տեղից ու քայլում: «Ոչինչ, չէ՞, որ մեկ-մեկ քայլեմ»,- հարցրեց նա, առարկություններ չլսելով՝ ավելի հաճախ սկսեց «ելումուտը»: Սովորույթի համաձայն՝ կոստյումը էլի հանեց եւ կախեց իր աթոռից:

Տնտեսության զարգացման, ազատ մրցակցության, հակակոռուպցիոն մեխանիզմների եւ աշխատատեղ ստեղծելու մասին հարցերին պատասխանում էր հնարավորինս էմոցիոնալ՝ բացատրելով, որ ամեն հնարավոր քայլ արվում է այդ ուղղությամբ, եւ էֆեկտիվ աշխատում է իր թիմը: Թվեր, կանխատեսումներ, կոնկրետացումներ չարեց՝ պատճառաբանելով, թե չի տիրապետում, քանի որ շարունակական գործընթաց է: Միայն հաստատակամ հայտարարեց, որ ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների օպտիմալացիան ճիշտ է, եւ պետք է շարունակել: Գազի սակագնի, գազալցակայաններում առկա գազի գների տարբերության, արձանագրվող պայթյունների եւ այդ թեմայով այլ հարցադրումները Կարապետյանի մոտ «դեժավյու» առաջացրին: «Ինձ թվում է՝ ես դեռ «Գազպրոմում» եմ, ինձ անընդհատ գազի թեմայով եք հարց տալիս»,- տարակուսեց նա՝ հայտարարելով, թե գազի սակագնի ձեւավորումը տրամաբանական է:

«Ժողովուրդ» օրաթերթը վարչապետից հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը՝ Հայաստանի արտաքին իմիջը փոխելու համար, քանի որ եվրոասոցացման գործընթացից մեկ գիշերում Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալուց հետո արտաքին աշխարհի համար ընկալելի չենք, եւ դա ազդում է նաեւ ներդրումների վրա: «Արտաքին իմիջը վարսավիրանոց գնալով, սանրվելով չի փոխվում, շարունակական պրոցես է, աշխատում ենք: ԵԱՏՄ չմտնելու դեպքում ես չունեմ վիճակագրություն, թե ինչ էր լինելու»,- պատասխանեց վարչապետը:
Իսկ ինչո՞ւ չի ստեղծվում խոստացված «կանաչ գոտին» ՌԴ սահմանային Լարսի անցակետում, որպեսզի մեր բեռնատարները Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի բեռնատարների հետ օրերով հերթ չկանգնեն. շարունակեցինք հետաքրքրվել: «Նույն ձեւ չեն վերաբերվում, ինչպես Թուրքիային եւ մյուս երկրներին: Բայց քանի որ սանկցիաներ կան, որոշակի ստուգումներ են արվում այն կետերով, որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք»,- պարզաբանեց Կարապետյանը: Իսկ ինչո՞ւ ԵԱՏՄ երկրներ արտահանվող մեր ապրանքների ծավալը կտրուկ նվազեց, երբ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ձեռք բերելով 200 միլիոնանոց շուկա: Մեր այս հարցին Կարապետյանը պատասխանեց. «Մեծ շուկա մտնելու ժամանակ, եթե անկում ունենք, որեւէ հաշվարկ չկա, թե ինչքան կլիներ այդ անկումը չմտնելու ժամանակ: Ես չեմ կարող տրամաբանական բացատրություն տալ, որ ԵԱՏՄ մտնելու հետեւանք է մեր տնտեսության անկումը»: Ըստ Կարեն Կարապետյանի՝ նախընտրական տարին շատ է խանգարում տնտեսության աշխուժությանը. «Մարդիկ եթե պիտի կահույք գնեն, սպասում են՝ ապրիլից՝ ընտրություններից հետո դա անեն»:
Նա հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձին հանգիստ է վերաբերվում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի հանդիպում, իսկ 2017-ի ապրիլին էլ ՀՀԿ-ի քարոզչությամբ է զբաղվելու: «Եթե պետք է, արձակուրդ կվերցնեմ, եթե ոչ, արձակուրդս ավելի հաճելի բաների համար կօգտագործեմ»,- դարձյալ անկեղծացավ նա՝ տեղեկացնելով, որ փողապներն ու կոստյումներն անձամբ է ընտրում, իր իմիջով որեւէ մեկը չի զբաղվում:

Ամփոփելով երեկվա՝ մոտ 3 ժամ տեւած հանդիպումը՝ թերեւս հենց իր ոճով էլ ավարտենք: Տպավորվա՞ծ ենք արդյոք հանդիպումից, անկեղծ ասած՝ այո: Կարո՞ղ էր ավելի տեղեկացված լինել վարչապետը, անշո՛ւշտ, պարտավոր էր:

Թագուհի Թովմասյան




Լրահոս