ՍՊԱՍՎԱԾ ՆԵՐՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս սեպտեմբերի 10-ին «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համաներումից բացի՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է անհատական ներումներ շնորհել մի շարք դատապարտյալների, որոնց վրա համաներումը չի տարածվելու, կամ անհրաժեշտ կլինի ավելի վաղ ազատ արձակել: Եւ ահա երեկ հայտնի դարձավ, որ խաղաղապահ զորքերի նախկին ծառայող, մեկ տարի չորս ամիս անազատության մեջ գտնվող Դավիթ Հակոբյանին Սերժ Սարգսյանը ներում է շնորհել:
2012թ.-ին խաղաղապահ զորքերում ծառայության ժամանակ Դավիթը ցավեր է զգացել որովայնի շրջանում, նրան տեղափոխել են «Մուրացան» հոսպիտալ, վիրահատել են, ինչն անհաջող է անցել: 2-րդ անգամ վիրահատելուց հետո երիտասարդն ընկել է կոմայի մեջ: Երբ 10 օր անց արթնացել է, ձախ կողմը պարալիզացված է եղել: Պաշտոնապես ասվել է, թե երիտասարդն ինսուլտ է ստացել, սակայն հոսպիտալից դուրս գործունեություն ծավալող մասնագետները հայտնել են, թե նյարդերն են վնասվել վիրահատության ժամանակ: ՊՆ-ում էլ տարիներ շարունակ հորդորել են չբողոքել բժշկի դեմ՝ խոստանալով բուժում արտերկրում, սակայն խաբել են:
Դավիթ Հակոբյանն էլ 2015թ. հուլիսի 21-ին՝ ժամը 10:53-ին, Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի իր տանից, իր բջջային հեռախոսահամարից զանգահարել է 1-02 հեռախոսահամարին եւ սուտ հաղորդում տվել այն մասին, թե իբր ՀՀ պաշտպանության նախարարությունում` Սեյրան Օհանյանի «կաբինետում ռումբ կա տեղադրված»: Այս զանգից հետո առաջին կարգի հաշմանդամ Դավիթ Հակոբյանը մեղավոր էր ճանաչվել ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարելու մեջ (ՔՕ 259 հոդված) ու դատապարտվել 1 տարի 6 ամսվա ազատազրկման:
Սեյրան Օհանյանի հեռանալուց եւ Վիգեն Սարգսյանի ՊՆ նշանակվելուց հետո Սերժ Սարգսյանը ներում է շնորհել երիտասարդին՝ 2 ամիս շուտ ազատ արձակելով նրան: Հուսանք՝ նաեւ կբուժվի պետության միջոցներով:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները շարունակում են բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ակտիվ քաղաքականություն վերադարձնելու ուղղությամբ: Մասնավորապես մեր տեղեկություններով՝ վերջին օրերին կուսակցության տարբեր ներկայացուցիչներ, պատգամավորներ ամենատարբեր առիթներով հանդիպում են Գ. Ծառուկյանի հետ եւ մասնավոր զրույցներում նրան առաջարկում ընդունել նախկին կուսակիցների հորդոր-խնդրանքները եւ վերադառնալ: Գործարար-պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, սակայն, չի շտապում երկար սպասված վճռական պատասխանը հնչեցնել, ասել կուզի՝ վերջնական որոշումը չի կայացրել: Չի բացառվում՝ դեկտեմբերի 3-ին կայանալիք ԲՀԿ քաղխորհրդի նիստում եւս հատուկ անդրադարձ արվի այդ հարցին:

 

 
«Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի» համաձայն` Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է մայրաքաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի չափը սահմանում է ԱԺ նախագահը: Եթե 2010 թվականին պատգամավորներին տրվող բնակարանի վարձավճարը 45 հազար դրամ էր, ապա 6 տարի անց այն կազմում է 100 հազար դրամ: Այսինքն՝ խորհրդարանի ներկայացուցիչներին, բացի աշխատավարձից, տրվում է եւս 100 հազար դրամ՝ Երեւանի որեւէ հատվածում բնակարան վարձակալելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ խորհրդարանի 10 ներկայացուցիչ վարձով է ապրում: Նրանց թվում են նաեւ մեծահարուստ պատգամավորներ համարվող, կալվածատեր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահագն Մախսուդյանը: Թե քաղաքի որ մասն են ընտրում պատգամավորները, պաշտոնապես պարզել չհաջողվեց:

 

 

 
Սնանկացման եզրին գտնվող «Աշտարակ կաթ» ընկերությունից տուժած աշխատակիցները եւ գործարանին կաթ մատակարարած գյուղացիները սպառնում են կտրուկ քայլերի դիմել: Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ այսօր՝ առավոտյան ժամը 11:00-ին, բոլոր այն քաղաքացիները, որոնց ընկերությունը թե՛ որպես աշխատավարձ է պարտք, թե՛ մթերած կաթի գումար, հավաքվելու են եւ ուղեւորվեն դեպի պանրի գործարան: «Ստիպված ենք այսօր գնալ գործարան, վերցնել պանրի ողջ քանակությունը, որը կբաժանենք մարդկանց: ժողովուրդը պատրաստ է տիրանալ գործարանին ու վերցնել պանիրը եւ վաճառել, այլ ելք չկա, պայմանավորվածությունները չեն պահում»,- տեղեկացրեց քաղաքապետը: Մարդիկ մտավախություն ունեն, որ եթե նոր սեփականատեր հայտնվի, իրենց հասանելիք գումարները այդպես էլ չեն վերադարձվի: «Ժողովուրդ»-ը փորձեց ընկերության սեփականատեր, նախկին պատգամավոր Աշոտ Ափոյանից պարզաբանումներ ստանալ, սակայն նա ընդհատակում է: Գտնել չհաջողվեց:

 

 
ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կվիրիկաշվիլին անցած շաբաթ օրը հայտարարել էր, թե Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում: Հիշեցնենք, որ հենց այս կորպորացիան է տնօրինում Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող Հյուսիս-Հարավ մայրուղային գազատարը:
Նման հեռանկարը, անշուշտ, չի կարող չմտահոգել հայկական կողմին: Հիշեցնենք, որ Վրաստանի տարածքով անցնող մայրուղային գազատարը վաճառելու մասին խոսակցություններ նախկինում էլ են եղել: Մասնավորապես դեռեւս 2010 թ. այդ մասին առաջին անգամ հայտարարվեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու վարչակարգի կողմից, իսկ արդեն 2012-ին այդ ուղղությամբ բավականին լուրջ զարգացումներ եղան, անգամ եղան հստակ հայտարարություններ՝ ադրբեջանական նավթագազային soccar ընկերության կողմից գազատարն ամբողջությամբ գնելու մտադրության մասին: Ի պատասխան հայկական կողմի անհանգստությունների՝ վրացական կողմը հավաստիացնում էր, որ վաճառելու դեպքում խոսքը կգնա ընդամենը 25 տոկոս բաժնեմասի մասին, եւ որ իրենց կողմից նախապատվությունը կտրվի նման ցանկություն հայտնած մեկ այլ՝ բրիտանական ծագմամբ ընկերության, որը, սակայն, եւս միջնորդավորված առնչություն ուներ ադրբեջանական նավթագազային ընկերությունների հետ:
Ի վերջո, Հայաստանի իշխանություններին կարծես թե հաջողվեց համոզել վրացական կողմին՝ չգնալ նման քայլի, եւ, ըստ ամենայնի, եղան որոշակի համաձայնություններ նաեւ ռուսական կողմի հետ՝ տարանցման դիմաց Վրաստանին հատկացվող գազի քվոտաների վերանայման շուրջ:
Թե ինչով է պայմանավորված գազատարի վաճառքի մասին խոսակցությունների թարմացումը, թերեւս դժվար չէ հասկանալ: Նախ՝ Վրաստանում տեսնում են, որ կարծես թե Հայաստան գործուղված «Գազպրոմի մարդը»՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, կարողանում է «հարցեր լուծել»՝ հասնելով գազի սակագնի նվազեցման: Եվ ուրեմն՝ եթե այդպես է, ինչու իրենք էլ չփորձեն ստանալ ավելին՝ սպառնալով վաճառել գազատարի բաժնետոմսերը: Վրացական կողմի ուզածը նորություն չէ. այստեղ դեռ անցած տարիներին ցանկանում էին, որ տարանցման դիմաց ռուսները վճարեն ոչ թե գազով, այլ կանխիկ փողով: Բացի այդ՝ գազատարի վաճառքի մասին հայտարարությունը կարող է լինել նաեւ հայկական կողմին ուղղված զգուշացում՝ կապված հայ-ռուսական համատեղ զորամիավորման, առաջիկայում նաեւ՝ ՌԴ պետդումայում վավերացվելիք ՀՕՊ համակարգի գործարկման հետ Վրաստանի շուրջ հնարավոր իրավիճակներում: Եթե գազատարը չվաճառելու դիմաց վրացիները ռուսներից հավելյալ փող են ուզում, ապա ՀՀ իշխանություններից հավելյալ երաշխիքներ են պահանջելու, որ այդ համատեղ հայ-ռուսական ռազմական միավորները երբեք չեն գործարկվելու Վրաստանի դեմ:




Լրահոս