Մի՞թե Օբամայի ադմինիստրացիան «զգուշորեն» ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նման հարց է ուղղում Associated Press-ը, փոխանցում է Daily mail-ը:
Հոդվածում նշվում է, որ «ցեղասպանություն» բառը երկար ժամանակ տաբու էր համարվում ԱՄՆ-ի պաշտոնական անձանց համար, ներառյալ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Սակայն, ինչպես նշում է պարբերականը, այդ լռությունը կոտրեց ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը:
Անցած շաբաթ Վաշինգտոնում Նոբելյան մրցանակաբաշխության դափնեկիր Էլի Վիզելին նվիրված միջոցառման ժամանակ Փաուերը հիշեցրեց «Հայոց ցեղասպանության ժխտման» (Genocide denial against the Armenians) մասին:
«Այդ 5 բառերը կարող են շարժել Թուրքիայի զայրույթը, որը կտրականապես դեմ է ցեղասպանության մասին որևէ հիշատակմանը, և որի ռազմավարական դերը՝ որպես ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի առանցքային դաշնակից, ստիպում է ամերիկացի պաշտոնյաներին զգուշավորություն ցուցաբերել մեկ դար առաջ տեղի ունեցած կոտորածի մասին հիշատակումներում»,-ասվում է հոդվածում:
Հոդվածի հեղինակները հիշեցնում են, որ Օբաման նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն չկատարեց խոստումը:
Հոդվածում նշվում է նաև, որ նախընտարական քարոզարշավի ընթացքում 8 տարի առաջ Փաուերը տեսանյութ էր հրապարակել, որում կոչ էր անում Ամերիկայի հայերին քվեարկել Օբամայի օգտին՝ նշելով, որ Օբաման կկատարի իր խոստումը: