Հայկական արտադրողները օտարերկրյա շուկաներում արտադրանքն առաջ մղելու հմտություններ են ձեռք բերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի զարգացման հիմնադրամը, հաշվի առնելով արտահանմամբ զբաղվող ընկերությունների կարիքները, դեկտեմբերի 6-ին կազմակերպել է «Ապրանքի առաջմղման կարողությունների զարգացում» խորագրով դասընթաց, որին մասնակցում են հայկական շուրջ 25 ընկերությունների ներկայացուցիչներ՝ սննդի, թեթև արդյունաբերության, խմիչքների, ոսկերչության, ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներից։ Շուրջ 12 ժամ տևող դասընթացը վարում է բիզնես-մարզիչ Արմեն Սարգսյանը։ Դասընթացի նպատակն էարտահանմամբ զբաղվող և միջազգային ցուցահանդեսներին մասնակցող հայկական ընկերությունների մարքեթինգային, շուկայի վերլուծության, սեգմենտավորման հմտությունների բարձրացումը,օտարերկրյա գործընկերների հետ բանակցելու կարողությունների զարգացումը։

«Ցուցահանդեսներին մասնակցության ընթացքում ի հայտ են գալիս հարցեր, որոնք հատկապես փոքր ու միջին ընկերություններն այնքան էլ պատրաստ չեն կարգավորել, այդ բացը լրացնելու համար են անցկացվում նմանատիպ դասընթացները։ Նպատակն է միջազգային ցուցահանդեսներից առաջ ընկերություններին պատրաստել, թե ինչպես ներկայանան, մարքեթինգային ինչ քայլեր նախաձեռնեն, ինչպես բանակցեն իրենց գործընկերների հետ»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը։ Դասընթացին մասնակցությունը բաց էր բոլոր ցանկացողների համար։
«Նմանատիպ դասընթացներին մասնակցությունը հնարավորություն է տալիս ձեռք բերել գիտելիքներ ու փորձ՝ մարքեթինգային միջոցառումների կազմակերպման, միջազգային ցուցահանդեսների կազմակերպչական խնդիրների լուծման, ապրանքների առաջխաղացման հարցերում»,- նշել է դասընթացի շահառու, հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող հայկական ընկերություններից մեկի ներկայացուցիչ Հռիփսիմե Գևորգյանը:

Միջոցառման մասնակիցները միաժամանակ տեղեկացվել են, որ այսուհետև միջազգային ցուցահանդեսներին հայկական արտադրողները մասնակցելու են Հայաստանի զարգացման հիմնադրամի հովանու ներքո, հայկական արտադրանքի միասնական տաղավարով։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն




Լրահոս