ՏՄՊՊՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` նոյեմբերի 16-ին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Երեւան Գարեջուր» ընկերությանը գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանել էր 110 մլն դրամով: Պատգամավորը հայտարարել էր, թե բողոքարկելու է որոշումը դատարանում` նշելով.«Ղալաթ է արել Շաբոյանը»: Ուշագրավն այն է, որ ընկերությունը տուգանքի մասին տեղեկացել էր մամուլից: Արդյունքում գործին «խառնվեց» վարչապետը. նոյեմբերի 18-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Կարեն Կարապետյանը աղմկահարույց այս տուգանքի հետ կապված Արտակ Շաբոյանին հորդորեց հանգիստ թողնել գարեջրի շուկան: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի հետ:

-Պարո՛ն Շաբոյան, նախ կբացատրեք, թե ինչպե՞ս է ստացվում, որ «Երեւան Գարեջուր» ընկերությունը 110 մլն դրամով տուգանվում է, սակայն ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ այդ մասին տեղեկացված չեն եղել:
-Մենք մեր ողջ իրավական գործընթացը ամբողջությամբ պահպանել ենք, եւ եթե գտնում են, որ մեր որոշումը իրավաչափ չէ, ապա կարող են դատական կարգով բողոքարկել, եւ մենք դատարանում կպաշտպանենք մեր շահերը: Այդքանը:
-Սա միակ դեպքը չէ. ՏՄՊՊՀ գործունեությունից դժգոհում են բազմաթիվ այլ գործարարներ: Վերջիններս սեպտեմբերի 28-ին վարչապետի հետ հանդիպմանը բարձրաձայնել էին այդ մասին: Արդյունքում կառավարության նիստի ժամանակ վարչապետը Ձեզ հորդորեց ստուգել առաջին անհրաժեշտության ապրանքների շուկան, որոնց շուրջ մարդիկ դժգոհություն են արտահայտում, այլ ոչ թե գարեջրի շուկան, որտեղ մի քանի խաղացողներ կան:
-Վարչապետը հայտարարություն արել է, ես հիմա այս պահին չեմ պատրաստվում մեկնաբանել: Ես միայն մի բան կարող եմ ասել, որ բնականաբար սա սովորական գործընթաց է, հանձնաժողովը այս տարիների ընթացքում բազմաթիվ որոշումներ է կայացրել: Բնականաբար, երբ ֆինանսական տուգանքներ լինում են, միշտ էլ տնտեսվարողները բողոքարկում են, եւ սա սովորական երեւույթ է: Տնտեսվարողները կարող են մեր որոշումները դատական կարգով բողոքարկել: Եղա՞վ:
-Այնուամենայնիվ, ինչպես հասկանալ վարչապետի հորդորը՝ «…հանգիստ թողեք գարեջրի շուկան»: Սա ի՞նչ է նշանակում, առաջիկայում այս հարցում ի՞նչ փոփոխություն է լինելու:
-Ես ավարտեցի արդեն:
-Տեղեկություններ կան, որ գործարարների բողոքից հետո վարչապետը «դաստիարակչական» աշխատանքներ է տարել Ձեզ հետ, եւ Դուք որոշել եք ցույց տալ, թե աշխատում եք ու սկսել եք տուգանել ընկերություններին: Ըստ որոշ տեղեկությունների՝ չի բացառվում, որ Ձեր գործունեությունից դժգոհ գործարարները հասնեն նրան, որ Դուք լքեք պաշտոնը:
-Եկեք՝ անիմաստ հարցեր մի՛ տվեք: Ես Ձեր հարցերին արդեն պատասխանեցի: Շնորհակալություն:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՀՀԿ-Ն ԻՆՆՍՈՒՆԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՉՈՐՍ-ՀԻՆԳ ՀՈԳԻ ԷՐ

ԱԺ երեկվա արտահերթ նիստի օրակարգի առանցքային հարցերից մեկը ՀՀ կառավարության հեղինակած «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծն էր: Հիշյալ նախագծի ընդունման դեպքում հիմնականում փաստի առջեւ են կանգնելու, այսպես կոչված, մարդ-կուսակցությունները: «Ժողովուրդ»-ը «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունների նախագահներից հետաքրքրվել է՝ արդյո՞ք մտավախություն չունեն՝ ՝ կապված նոր օրենքի ընդունման հետ:

Պետրոս Մակեյան, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ
-Պարո՛ն Մակեյան, ծանոթ եք «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծին, արդյո՞ք կուսակցությունների գործունեության հետ կապված առաջարկվող փոփոխությունները Ձեզ չեն մտահոգում:
-Տեղյակ չեմ: Ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե այս վարչախումբը ինչը ինչով կփոխի:
-Նշվում է, որ նոր օրենքի առկայության դեպքում բացառվելու է մարդ-կուսակցությունների գոյությունը:
-Առաջին մարդ-կուսակցությունը կդառնա Հանրապետականը, եթե իշխանությունից զրկվի:
-Մտավախություն չունե՞ք, որ այս օրենքի ընդունումից հետո խնդիրների առջեւ կկանգնեք:
-Բոլոր կուսակցություններն ապագա չունեն Հայաստանում, քանի որ գոյություն չունի ընտրական համակարգ: Եթե բոլոր կուսակցությունները, օրինակ բերեմ՝ ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն եւ մնացածը, փաստորեն, թվեր են գրում ու ԱԺ են ներգրավվում, դա ի՞նչ, իրենք գիտեն, որ Սերժի բարի կամքից է կախված իրենց գոյությունը:

Սոս Գիմիշյան, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ
-Պարո՛ն Գիմիշյան, տեղյա՞կ եք Կառավարության հեղինակած «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծից:
-Տեղյակ չեմ, ճիշտն ասած, առանձնակի չեմ էլ հետաքրքրվում, որովհետեւ ԱԺ-ից, այս իշխանությունից ինչ օրենք սպասենք:
-Նշում են, որ ինքնաբերաբար անհետանալու են մարդ-կուսակցությունները:
-Գիտեք ինչ, Սահմանադրությունն ասում է` ցանկացած ոք իրավունք ունի քաղաքական կառույց ստեղծելու: Իրենց ասածը անգրագիտություն է, հակասահմանադրական մոտեցում է: Ի՞նչ է նշանակում մարդ-կուսակցություն: Ընդհանրապես ինչքան մարդ քաղաքականությամբ զբաղվի, այնքան ժողովրդի որակին համապատասխան կլինի քաղաքական համակարգը: Այսօր զբաղվում են գող-ավազակները հիմնականում, եւ իրենք հավաքել են, թայֆա սարքել` հարյուր-հազարավոր կուսակցության անդամներով, եւ համարում են, որ իրենցից բացի՝ ոչ ոք չպետք է լինի: ՀՀԿ-ն իննսունական թվականներին չորս-հինգ հոգի էր, թող վերանային, այն ժամանակ իրենք չեն վերացել, իշխանության մի տեղը մտած զարգացում են ապրել, զավթել են հետո իշխանությունը եւ սկսում են խոսել մարդ-կուսակցություններից: Մեր կուսակցությունը շատ փոքր է, ու՞մ է խանգարում: Ավելի լավ չէ՞ շատ մարդիկ զբաղվեն, թե՞ պետք է մենաշնորհ ստեղծել: Հնարավորություն չենք տալիս նոր կուսակցություններ ստեղծել եւ դրդում ենք` ուզում ես քաղաքականությամբ զբաղվել, արի կեղտոտ Հանրապետական համակարգը մտի, դու էլ փչացի, որ համակարգը եւ մոտեցումները չփոխվեն, որ բոլորը լինեն փչացած, սա՞ է իրենց ուզածը: Մի մարդ կարող է այնքան գաղափար ունենալ, ինչքան ամբողջ կյանքում ՀՀԿ-ն չունենա: Վաղը զրկեք իրենց փողից, այնտեղ մարդ չի մնա, որովհետեւ այդ կեղտի կճուճից բոլորը կցանկանան փախչել:

Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 

ՀԱՐՑԱՔՆՆՈՒՄ ԵՆ
Ազատամարտիկ, Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը հոկտեմբերի 19-ին հանդես էր եկել աղմկահարույց հայտարարությամբ` Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի գործունեության առնչությամբ: Նա հայտնել էր. «Մովսես Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, խախտելով «Գնումների մասին» օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության եւ պաշտպանության նախարարության միջեւ կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»: Այս հայտարարությունից մոտ մեկ ամիս անց Բադասյանը հրավիրվել էր Հայաստանի զինվորական քննչական վարչություն՝ հարցաքննության: «Ժողովուրդ»-ը ՀՀ քննչական կոմիտեից փորձեց պարզել՝ ինչ ընթացքում է քննությունը, եւ արդյոք հարուցվել է քրեական գործ, թե ոչ: Ի պատասխան մեր հարցադրման՝ ՔԿ-ից նշեցին. «Կատարվում են անհրաժեշտ գործողություններ մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ, արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք»: Նույն պատասխանը ստացանք նաեւ մեր մեկ այլ հարցին՝ հարցաքննվել է արդյոք Մովսես Հակոբյանը:

 

 

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԸ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանի՝ 2016 թվականի կոմունալ վարձերը կազմել են մոտ 21 մլն 760 հազար դրամ: Մարզային այս կառույցը գազի վարձավճարի համար վճարել է մոտ 5 մլն 150 հազար դրամ եւ էլեկտրաէներգիայի համար՝ մոտ 10 մլն դրամ: Իսկ ահա տեղային եւ միջքաղաքային հեռախոսային ծառայությունների համար մարզպետարանը վճարել է 5 մլն 37 հազար 400 դրամ, բջջային ծառայությունների համար՝ 600 հազար դրամ, ինտերնետ ծառայությունների՝ 800 հազար դրամ: Հետաքրքիր է՝ Արմավիրի մարզպետարանը իր ծախսած կոմունալ վճարների չափով մարզին օգուտ տվե՞լ է, թե՞ ոչ:

 

 

ՌԱԴԻՈՆ՝ ՊԱՐՏՔՈՎ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ընկերությունը չի վճարել ռադիոհաճախականությունների օգտագործման պարտադիր վճարները: Եւ հիմա ընկերությունն ունի ռադիոհաճախականությունների օգտագործման պարտադիր վճարների եւ ժամկետանց պարտավորության համար հաշվարկված տույժեր: Եւ այսօրվա դրությամբ այն կազմում է 320 հազար 175 դրամ, որից 200 հազար դրամը ռադիոհաճախականությունների օգտագործման պարտադիր վճարն է, իսկ 120 հազար 175 դրամը՝ ժամկետանց պարտավորության համար հաշվարկված տույժը: Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր որոշում կկայացնի՝ ընկերությանը պարտավորեցնելով պետական բյուջե վճարել նախատեսված ռադիոհաճախականությունների օգտագործման պարտադիր վճարները: Նշենք, որ «Հրազդան կենտրոնական մարզադաշտը», որը պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին, սնանկ է ճանաչված, իսկ մարզադաշտը գրավադրված է:




Լրահոս