Այսպիսով՝ ՀՀԿ 16-րդ հերթական համագումարն էլ կայացավ, սակայն հակառակ ակումուլյացվող ակնկալիքների՝ առանձնապես բեկումնային որեւէ բան չեղավ՝ ո՛չ կուսակցության ներսում, ո՛չ էլ, առավել եւս, երկրի ներքաղաքական կյանքում: Իսկ ՀՀԿ նախագահի պաշտոնում վերընտրված Սերժ Սարգսյանի հաշվետու ելույթն էլ չէր տարբերվում նախորդներից՝ ո՛չ իր պաթետիկ փաթեթավորմամբ, ո՛չ էլ ցանկալին իրականության տեղ ներկայացնելու ոճով:
Հաշվետու այդ զեկույցում Սերժ Սարգսյանն անդրադարձավ ՀՀ տնտեսությանը, 2017-ի խորհրդարանական ընտրություններին, էլի խոսեց աղքատության մասին, անդրադարձավ Հայաստանի միջազգային հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի խնդրին, բանակին, խոսեց մեր հարեւան երկրների հետ հարաբերությունների եւ սփյուռքի մասին: Բնականաբար, անկեղծ եւ իրականությանը համապատասխանող փաստերի ներկայացում որեւէ մեկը չէր էլ ակնկալում՝ աչքի առաջ ունենալով Սերժ Սարգսյանի՝ նախկինում ունեցած ոչ պակաս «բարեհարդար» ելույթները: Այնուհանդերձ, այդ զեկույցից առանձնացնենք մի քանի վիճահարույց կետեր եւ հասկանանք, թե իրականում ինչի մասին էր խոսում Սերժ Սարգսյանը, ինչ հիմքերով էր այդպիսի գոհունակությամբ արտահայտվում մեր տնտեսության, ՀՀ-ի «բարձր» ցուցանիշների մասին: Արդյո՞ք խնդիրը մեր մեջ է, որ Սարգսյանի ելույթներում մշտապես այնքան գունեղ ներկայացվող այդ բարձր ցուցանիշները չենք նկատում:
«Մեզ հաջողվել է զարգացնել բոլոր այն ինստիտուտները, որոնք զսպանակի նման աշխատելով՝ կարողանում են լրջորեն մեղմել արտաքին աշխարհից եկող ուժեղ բացասական ալիքները եւ չթողնել, որ դրանք անխոչընդոտ հասնեն մարդկանց, հասնեն ընտանիքներ։ Հենց այդ՝ անընդհատ ավելացող ամրության պաշարն է նաեւ, որ մեզ թույլ տվեց առաջանցիկ աճ ապահովել»,-նշեց իր զեկույցում Սարգսյանն ու սկսեց հպարտորեն ներկայացնել ՀՀ ԱՎԾ-ի «նկարած» թվերը` մոռանալով օրեցօր աճող ՀՀ-ի արտաքին պարտքի մասին: Մինչդեռ միայն վերջին մեկ ամսում Հայաստանի պետական պարտքը աճել է 10 մլն 400 հազար դոլարով, եւ հոկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմել է 5 մլրդ 606 մլն 800 հազար դոլար: Ինչ տնտեսական աճի մասին է խոսքը, եթե երկրի արտաքին պարտքը աճում է ավելի արագ, քան համախառն ներքին արդյունքը: Էլ չասած այն մասին, որ անգամ ԱՎԾ-ի տվյալներով` այս տարվա հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշը վերջին 7 տարվա մեջ ամենացածրն է եղել՝ 0.4 տոկոս: Իսկ մինչ այս տնտեսական աճի ամենացածր ցուցանիշը արձանագրվել էր 2009-ի աշնանը: Մասնավորապես այդ տարի նույն 10 ամիսների արդյունքներով արձանագրվել էր 17.5 տոկոսի անկում, իսկ արդեն 2015-ին` ընդամենը 3,5 տոկոս:
Եթե 2008թ. Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 11,7 մլրդ դոլար, ապա 2016թ.-ին մասնագետների կանխատեսմամբ՝ Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի 10,7 մլրդ դոլար։
Թվերի մեկնաբանությունից հետո Սերժ Սարգսյանը փորձում է հռետորական հարց հնչեցնելով ու դրան պատասխանելով մեղմել աղքատության մասին հայտնի իրողությունը. «Իհարկե, հարց է ծագում՝ եթե աշխատավարձերն աճել են, կենսաթոշակն աճել է, ու տնտեսությունը նույնպես աճել է, ապա ինչպիսին է մեզ բոլորիս առաջին հերթին հուզող աղքատության վիճակը։ Ազնվորեն պետք է արձանագրենք, որ Հայաստանում աղքատության համեմատաբար ցածր մակարդակը պայմանավորված էր հիմնականում արտագնա աշխատողների եկամուտներով ու դրանցով պայմանավորված սպառմամբ»։ Ի՞նչ է ստացվում Սերժ Սարգսյանի այս ազնիվ «խոստովանությունից»: Դրսում «բախտ» որոնողների՞ց է կախված ՀՀ բնակչության բարեկեցությունը: Եթե այո, ապա դա խոստովանություն է նաեւ արտագաղթի` լինի դա ժամանակավոր, թե մշտական, մեծ ծավալների մասին:
«Այլեւս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը»,- իր զեկույցում նշեց Սարգսյանը։ Բայց այդպիսի քաղաքականություն Հայաստանը դեռ շարունակում է վարել: Հիշենք թեկուզ վերջին՝ ամենաթարմ օրինակները: Ինչպես արդեն տեղեկացրել է «Ժողովուրդ»-ը, «Հայաստանի եւ Վերակառուցման, զարգացման միջազգային բանկի միջեւ «Զարգացման քաղաքականության ֆինանսավորում»» ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստորագրել «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագիրը: Փաստաթղթով ՀՀ-ին կտրամադրվի բյուջետային վարկ` 50 մլն դոլարի չափով: Վարկի գումարի մարման ժամկետը 25 տարի է, իսկ մայր գումարի մարման ժամանակացույցը՝ 2031 թվականի նոյեմբերի 15-ից մինչեւ 2041 թվականի նոյեմբերի 15-ը: Այսպիսով՝ ՀՀ կառավարությունը Հայաստանի պետական պարտքը, որը կազմում է 5 մլրդ 606 մլն 800 հազար դոլար, ավելացնում է եւս 50 մլն դոլարով:
Սա, իհարկե, միակը չէ: Երեւանի տրանսպորտային միջոցների արդիականացման համար էլ ընթանում են բանակցություններ ֆինանսական կազմակերպությունների հետ, որպեսզի կարողանան ձեռք բերել նախատեսված գումարը եւ ծրագիրն իրականացնեն: Ի՞նչ է սա, եթե ոչ վարկային միջոցներին ապավինելու քաղաքականություն:
Այսպես երկար կարելի է շարունակել ներկայացնել Սերժ Սարգսյանի զեկույցի «բացերը», զեկույց, որը ոչ մի աղերս չունի իրականության հետ: Ուղղակի մեր իշխանությունները շարունակում են «Առաջ Հայաստան» գոռալ եւ նորից վստահեցնել, որ գալիք տարիների փոփոխությունները լինելու են բեկումնային: Առանց մեկնաբանության Սերժ Սարգսյանի զեկույցից մեջբերենք մի հատված եւ եզրափակենք.«Գալիք տարիների փոփոխությունները լինելու են բեկումնային, քանի որ հասել ենք այն կետին, որտեղ, թեկուզ ինչ-որ չափով ձգելով մեր գոտիները, սահմանափակելով ու ընդունելով պահպանողական բյուջե, կարողացել ենք արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին, ապահովել տնտեսական աճ, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, մեծացնել արտահանումը»:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ
3 ՄԼՆ ԴՐԱՄԻ ԳԻՐՔ
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ պաշտպանության նախարարությունը անհատ ձեռներեց Արմեն Խաչատրյանից գնել է գրադարանի գրքեր մոտ 60 հատ՝ վճարելով ավելի քան 3 մլն դրամ: Համապատասխան փաստաթղթերի մեջ ներկայացված չէ գնման նպատակը: Իհարկե, գիտելիքը եւս համարվում է կարեւորագույն զենք, բայց եթե այդ ձեռք բերած գրականությունը իրականում նպատակաուղղված է զինծառայողների գիտելիքների զարգացմանը, այլ ոչ թե ՊՆ որեւէ սենյակի համար դիզայներական ատրիբուտ է ծառայելու:
ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը կալանավայրերի շուրջ աղմուկը մեղմացնելու համար գործուն քայլեր է իրականացնում: «Ժողովուրդ»-ը անդրադարձել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Սպարտակ Դանիելյանի կողմից ՔԿՀ-ից մի շարք քաղաքացիներից խարդախությամբ տարբեր իրերի հափշտակությունների դեպքերին: Եվ ահա երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Սպարտակ Դանիելյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են Արմավիրի քրեակատարողակայն հիմնարկ: Ըստ լուրերի՝ Արմավիր ՔԿՀ-ում առավել խիստ պայմաններ են, որտեղից վարչությունը հույս ունի, որ դատապարտյալը չի կարող շարունակել իր հանցավոր գործունեությունը եւ մարդկանց համացանցի կամ հեռախոսի միջոցով խաբել, թե օգտագործված ինչ-որ իր է ցանկանում գնել: Տեսնենք, թե ինչ արդյունք կտա այս տեղափոխությունը: Ի դեպ, նշենք, որ Սպարտակ Դանիելյանից բացի՝ այլ դատապարտյալների տեղափոխություն եւս եղել է, որը կապված է եղել ՔԿՀ-ում հանցավոր խումբ ստեղծելու մասին տարածված լուրերի հետ:
ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ՎՍՏԱՀԵԼԻՆ
Շուրջ 2 ամիս է, ինչ պաշտպանության նախարարության համար կարեւոր նշանակություն ունեցող պաշտոններից մեկը թափուր է: Ինչպես հայտնի է՝ ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտպանության նախարարի տեղակալ-ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը ազատվեց պաշտոնից, եւ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: Սակայն հոկտեմբերի 3-ին պաշտպանության նախարար նշանակվեց Վիգեն Սարգսյանը, ինչից հետո Մովսես Հակոբյանը լքեց ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը՝ նշանակվելով ԶՈՒ գլխավոր շտաբի պետ: Այս փոփոխություններից անցել է շուրջ երկու ամիս, իսկ Պնախարարի տեղակալ, պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը թափուր է: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իշխանություններն այս պաշտոնի համար վստահելի մարդ են փնտրում, սակայն չի հաջողվում գտնել:
ՀՔԾ-Ն 9 ՏԱՐԵԿԱՆ Է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում երեկ տեղի է ունեցել ՀՀ հատուկ քննչական ծառայության հիմնադրման 9-րդ ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: Ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը, շնորհավորելով աշխատակիցներին, շեշտել է, որ մասնագիտական տոնը նշելու ամեն մի առիթ դրա հասցեատիրոջն ուղղված լրացուցիչ հնարավորություն է՝ իմի բերելու ծանր ու դժվար աշխատանքի ընթացքում արձանագրված թերություններն ու արդյունավետորեն շտկել դրանք: ՀՔԾ 9-ամյակի կապակցությամբ Սերժ Սարգսյանի հրամանագրերով ՀՔԾ պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Բաբայանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում, իսկ ծառայության խոշտանգումների եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, արդարադատության մայոր Գարեգին Բեգոյանը պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:
ՎԻՐԱՀԱՏԵԼ ԵՆ
Արցախի մարտական դիրքերում նոյեմբերի 22-ին վիճաբանության ժամանակ, նախնական տվյալներով, ծառայակցի կողմից գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած Ազնավուր Բալեյանին Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխել են ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ նրան վիրահատել են: Բալեյանը Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից է: ArmLur.am-ի հետ զրույցում զինվորի մայրը՝ տիկին Ամալյան, ասել է. «Բժիշկներն ասում են՝ վիճակը կայուն է, ամեն ինչ անում են նրա համար: Ես շատ գոհ եմ այստեղի բժիշկներից»: Նա, սակայն, վրդովված նշել է, որ իր որդին գերազանց ծառայության համար ստացել է 4 պատվոգիր: Հավելենք, որ Ազնավուր Բալեյանի ծառայության ավարտին մնացել էր ընդամենը մեկ ամիս: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
ԱՅՑԻՑ ՀԵՏՈ ՄԻԱՅՆ
Նոյեմբերի 25-ին՝ վաղ առավոտյան, ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող Արարատ Խանդոյանին, պատժախցում առանձնազրույց են ունեցել նրա հետ, ուսումնասիրել նրա պահման պայմանները: «Առանձնազրույցի ընթացքում Ա. Խանդոյանը նշել է, որ թեեւ իրեն տրամադրվել է էլեկտրական ջեռուցիչ, այդուհանդերձ պատժախցում ցուրտ է: Պարզվել է, որ ապակին կոտրված է, եւ այդ հատվածը Ա. Խանդոյանը բարձով է ծածկել: Արարատ Խանդոյանը տեղեկացրել է նաեւ իր մոտ հիվանդությունների առկայության մասին», – ասված է ՄԻՊ հաղորդագրությունում՝ հավելելով, որ քրեակատարողական հիմնարկի կողմից նույն օրը խցի պատուհանին տեղադրվել է նոր ապակի: ՄԻՊ-ից նաեւ տեղեկացնում են, որ այսօր առավոտյան Խանդոյանին կայցելի բժիշկը: