ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ողջ աշխարհը կլանված հետեւում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին, եւ կարծես անտեսվեց 2017թ. ապրիլի 23-ին արեւմտյան մեկ այլ ժողովրդավարության` Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախնական ընթացքը: Այստեղ օրեր առաջ կայացավ երկրի առաջատար կուսակցություններից Հանրապետականի ներկուսակցական քվեարկության առաջին փուլը` ջախջախելով նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի քաղաքական հետագա հավակնությունները:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տարբերվում են ամերիկյանից առաջին հերթին ընտրական համակարգով, ապա եւ թեկնածուների բազմազանությամբ: Նկատենք, որ Ֆրանսիայում ժողովրդի ուղիղ քվեարկությունն է որոշում ընտրյալ նախագահին: Ի դեպ, հենց վերջինիս փորձն էլ ժամանակին վերցրեց ՀՀ Գերագույն խորհրդի սահմանադրական հանձնաժողովը` Հայաստանն օժտելով նախագահական կառավարմամբ: Այս առումով Ֆրանսիայի նախագահական ընտրությունները արարողակարգային փուլերում ընթանում են գրեթե այնպես, ինչպես Հայաստանում մինչեւ Սերժ Սարգսյանի կողմից նոր Սահմանադրության ընդունումը: Այդուհանդերձ, ֆրանսիական քաղաքական ուժերը եկել են այն եզրակացության, որ նախագահի թեկնածու պետք է ներկայացնեն ներկուսակցական ընտրությունների հիման վրա: Նախկինում կուսակցությունը համագումար էր հրավիրում եւ ընդգծված առաջնորդին հրամցնում իբրեւ կուսակցության թեկնածու: Ազդված ամերիկյան առողջ նախադեպից` Ֆրանսիայի հիմնական կուսակցությունները այս տարի ներկուսակցական փրայմերիզներ են անցկացնում, որոնց արդյունքներով էլ կորոշվի միասնական թեկնածուն` իբրեւ կուսակցական շարքերի ամենամեծ վստահությունը վայելող գործիչ:
Այդպիսի առաջին փորձը նախաձեռնեցին հանրապետականները` նոյեմբերի 20-ին անցկացնելով ներկուսակցական քվեարկության առաջին փուլը: Աջ-կենտրոնամետ թեւի թեկնածուի կարգավիճակի համար պայքարում էին 7 գործիչներ: Այս ընտրության յուրօրինակությունն այն էր, որ նախագահի թեկնածուի կարգավիճակին էր հավակնում Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը 2012թ. ընտրություններում 2 միլիոն ձայնի տարբերությամբ պարտություն էր կրել գործող նախագահ Ֆրանսուա Օլանդից: Նախագահական պալատը լքելուց հետո Սարկոզին ակտիվ քաղաքականությամբ չէր զբաղվում, սակայն վաղուց էր ակնարկել, որ պատրաստվում է մասնակցել 2017թ. ընտրություններին: Այս տարվա օգոստոսին նախկին նախագահը համոզված էր, որ կուսակցությունը միակամ էր գտնվելու իր թեկնածության շուրջ համախմբվելու հարցում: Սակայն 2016թ. անակնկալները չսահմանափակվեցին Մեծ Բրիտանիայով` հանձին ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեի, եւ Միացյալ Նահանգներով` հանձին Դոնալդ Թրամփի հաղթանակի:
Ֆրանսիական հանրապետականների շրջանում անցկացված սոցհարցումներով Սարկոզին համարվում էր 3 առաջատարներից մեկը: Մյուս երկուսը Սարկոզիի վարչապետ Ֆրենսիս Ֆիլլոնն էր եւ 1995-97թթ. վարչապետ, նույն Սարկոզիի նախագահության շրջանում պաշտպանության, ինչպես նաեւ արտաքին ու եվրոպական գործերի նախարար Ալան Ժուպիեն: Վերջինս համարվում է Ֆրանսիայում ամենամեծ ժողովրդականությունը վայելող քաղաքական գործիչը, եւ բնական էր, որ պիտի լիներ կուսակցության հիմնական թեկնածուի իրական հավականորդը: Ֆրենսիս Ֆիլլոնը նույնպես հեղինակավոր դեմք է թե՛ ներկուսակցական ասպարեզում, թե՛ ֆրանսիական քաղաքական դաշտում: Հետաքրքիր է, սակայն, որ քվեարկությունից առաջ տարածված հարցումներով առաջին հորիզոնականը պատկանում էր Ժուպիեին, իսկ երկրորդ տեղում Սարկոզին էր: Նոյեմբերի 20-ին պարզվեց, որ Ֆրանսիայի հանրապետականները նախընտրում են Ֆիլլոնին (44 տոկոս), որին հաջորդում էր Ժուպիեն` 28 տոկոսով: Նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին զբաղեցրեց ընդամենը երրորդ տեղը` ստանալով քվեարկողների 20 տոկոսի աջակցությունը` ի հեճուկս իր վիթխարի հույսերի: Ըստ էության, Ֆրանսիայում նախկին նախագահի վերադարձը չստացվեց: Եվ սա ինչ-որ տեղ լիովին բնական է հատկապես արեւմտյան ժողովրդավարությունների համար, քանզի առողջ ու դինամիկ համակարգերում նախկին նախագահները պահանջված չեն լինում: Մարդիկ ընկալում են այնպես, որ 5 տարին լիովին բավարար է հասարակության հույսերն արդարացնելու համար, եւ եթե այդ շրջանում դրական արդյունքները կաղում են, նախկին նախագահին կրկին վստահել պետք չէ: Ի վերջո, Սարկոզին անկարող գտնվեց վերընտրվել նույնիսկ գործող նախագահի կարգավիճակով, ուստի նրա պարտությունն այս անգամ լիովին օրինաչափ էր: Հետաքրքիր է նաեւ մեկ այլ հանգամանք, որ ներկուսակցական պայքարում Սարկոզիի հետ մրցում էին նրա նախկին ենթակաները` վարչապետն ու առանցքային նախարարներից մեկը: Ժողովրդավարության, քաղաքական հասուն համակարգի մի վկայություն, որը միանգամայն խորթ է Հայաստանում:
Մեր երկրում նախկին նախագահներից ակտիվ քաղաքականություն շռնդալից կերպով վերադարձավ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը: 10-ամյա լռությունից հետո առաջին նախագահը քաղաքական դաշտը գտավ լիովին ամայացած` իր մուտքով քաղաքական պայքարին նոր ավյուն հաղորդելով: Թեեւ Տեր-Պետրոսյանի շուրջ ընդդիմության բեւեռի բացարձակ համախմբում տեղի չունեցավ, սակայն թե՛ ընտրությունների արդյունքները, թե՛ օտարերկրյա դիտորդներն ու դիվանագետների գաղտնի զեկուցագրերը պնդում են, որ առաջին փուլում Տեր-Պետրոսյանը ստացել էր ավելի քան 35 տոկոս` ի հեճուկս պաշտոնական 21-ի: Հատկանշական է, որ ՀՀ առաջին նախագահի քաղաքական հաջող վերադարձն ապահովված էր թե՛ նրա անձնական ունակություններով, թե՛ քաղաքական նպաստավոր դասավորությամբ: Ի դեպ, Տեր-Պետրոսյանի դեմ, ինչպես Սարկոզիի պարագայում, պայքարում էին նրա նախկին վարչապետն ու ազդեցիկ նախարարը: Իսկ նախագահի պաշտոնը զբաղեցրած մեկ այլ գործիչ` Ռոբերտ Քոչարյանը, այդպես էլ վճռականորեն չհեռացավ ակտիվ քաղաքականությունից` ամեն առիթով հայտնելով իր տեսակետը եւ ըստ մամուլի հրապարակումների` զարտուղի ճանապարհներով ներգրավված լինելով գործընթացներում: Բայց եւ այնպես, Քոչարյանի վերադարձը պետության առաջին դեմքի կարգավիճակին լիովին բացառված է: Մեկ տարի անց Սերժ Սարգսյանը հրաժեշտ կտա իր ներկայիս պաշտոնին, սակայն արդեն ամեն ինչ արել է՝ իշխանության լծակները բաց չթողնելու համար` հաստատ իմանալով, որ հաղթական վերադարձ չի ստացվելու:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 
ՃԱՄԲԱՐԱԿՑԻՆԵՐԸ ԿԳՐՈՀԵՆ ՊԱՆՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչները այսօր մտադիր են գրոհել «Աշտարակ կաթ» ընկերության՝ Ճամբարակում գտնվող գործարանը: Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ այսօր՝ առավոտյան ժամը 11.00-ին, բոլոր այն քաղաքացիները, որոնց ընկերությունը թե՛ որպես աշխատավարձ է պարտք, թե՛ մթերած կաթի գումար, հավաքվելու են եւ ուղեւորվեն դեպի պանրի գործարան:

Հիշեցնենք, որ գործարանը արդեն մի քանի ամիս է, ինչ չի աշխատում: «Մենք նկատում ենք, որ ընկերության սեփականատերերը կարծես թե չեն պատրաստվում վերադարձնել մարդկանց պարտքերը, թեեւ խոստացել էին ու որոշակի պայմանավորվածություն ձեռք բերել: Նախկինում նրանք պարտքի դիմաց պանիր էին տալիս, իսկ մարդիկ այն փորձում էին վաճառել: Հիմա դա էլ չեն անում: Մենք ստիպված ենք այսօր գնալ գործարան, վերցնել պանրի ողջ քանակությունը, որը կբաժանենք մարդկանց: ժողովուրդը պատրաստ է գնա, տիրանա գործարանին ու վերցնի պանիրը, վաճառի»,- վրդովված նկատեց Ավալյանը: Վերջինս «Ժողովուրդ»-ին փոխանցեց նաեւ, որ այս թեմայի շուրջ ՀՀ կառավարությունից եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից ոչ մի արձագանք չեն ստացել: Այս ընթացքում նույնիսկ ընկերությունից ոչ մի ներկայացուցիչ չի այցելել Ճամբարակ եւ չի հանդիպել մարդկանց
«Ժողովրդի միակ հույսը Ճամբարակում գտնվող գործարանում եղած պանիրն է, որը պատրաստվում ենք վերցնել ու վաճառել: Պահակային ծառայություն ունի գործարանը, բայց դա մեզ հետաքրքիր չէ»,- նկատեց քաղաքապետը:
Հավելենք, որ ճամբարակցիներին ավելի են զայրացրել ընկերության հնարավոր վաճառքի մասին լուրերը: Քաղաքապետը տեղեկացրեց, որ ըստ որոշ տեղեկությունների՝ գնվել է ընկերության՝ Երեւանում գտնվող գործարանը, իսկ Ճամբարակի պանրի գործարանը՝ ոչ: Դրա համար ցանկանում են իրենց հարցերը «տեղում լուծել»:

Ս. Հ.

 

 

 
ՊԱՏՃԱՌՆ ԱՆՀԱՅՏ Է
2016թ. նոյեմբերի 17-ի երեկոյան Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկի հսկիչ-անցագրային կետի շինությունում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, Բերդի տարածաշրջանի Նորաշեն գյուղի 23-ամյա բնակիչ Իվան Հայրապետյանի դին՝ բերանի եւ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Զինծառայողի մահվան կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):
Ի. Հայրապետյանն ամուսնացած չէր, նրա մայրը Նորաշենի դպրոցում ռուսերենի ուսուցչուհի է: «Ժողովուրդը» Լոռու զինվորական կայազորի դատախազ Արթուր Զաքարյանից հետաքրքրվեց՝ արդյոք Ի. Հայրապետյանի մահվան գործով ձերբակալված անձ կամ անձինք կան: Նա հայտնեց, որ այդ գործով ձերբակալված չկա: Ինչ վերաբերում է կասկածյալներին, ապա զինվորական դատախազն ասաց, որ դա նախաքննական գաղտնիք է: Փորձեցինք Նորաշեն համայնքի ղեկավար Գոռ Աբրահամյանից պարզել, թե այս օրերին ինչ վարկածներ են շրջանառվում: Գյուղապետը, սակայն, կարծիք հայտնեց, որ կատարվածն ինքնասպանություն է: Հարցին, թե 23-ամյա երիտասարդը ինչո՞ւ պետք է ինքնակամ հեռանար կյանքից, գյուղապետը արձագանքեց՝ խմած են եղել: Նկատենք, որ խոսքը զորամասի հսկիչ-անցագրային կետում ծառայություն իրականացնող զինծառայողի մասին է, եւ հարց է ծագում, թե նա ինչպես կարող էր ոգելից խմիչք օգտագործած լինել: Գյուղապետը, սակայն, ներկայացրեց, որ Իվանն այդ ժամանակ ոչ թե հսկիչ-անցագրային կետում է եղել, այլ զորամասում եղած արագ արձագանքման խմբի կազմում: Ի դեպ, Նորաշենի գյուղապետից տեղեկացանք, որ Իվան Հայրապետյանին հուղարկավորել են քաղաքացիական հագուստով եւ ոչ զինվորական կարգով: Համայնքի ղեկավարի ունեցած տեղեկություններով՝ զորամասը Ի. Հայրապետյանի հոգեհացի ծախսերը հոգալու համար վերջինիս ընտանիքին ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել:

 

 

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԿԻՍԵԼ
Ռազմիկ Պապյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր իրական իրավունքներն ինքնակամ իրականացնելով՝ հանգուցյալ հոր ունեցվածքից մասնաբաժնի իրավունք ունենալով, օրենքով սահմանված կարգով ժառանգություն ստանալու փոխարեն ինքնիրավչություն է արել: Նա 2016թ. հունիսի 26-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Իջեւան քաղաքում գտնվող հայրական տնից մոր՝ Թումիզար Պապյանի ներկայությամբ ինքնագլուխ, որպես իր մասնաբաժին, վերցրել եւ իր բնակարան է տեղափոխել ընդհանուր 195 հազար դրամ արժողությամբ իրեր: Ռ. Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասով (Ինքնիրավչությունը): Այս գործը քննվում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս