ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՔԱՅԼԵՐԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ Միհրան Պողոսյանն ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից՝ հանրահայտ պանամյան օֆշորային գործի հետ առնչություն ունենալու համար, քիչ հավանական էր թվում հեռանկարը, որ նա պատասխանատվության կենթարկվի:

Հայաստանի ղեկավարությունը որքան էլ ուզում է՝ կոկորդը պատռի, թե պայքարում է կոռուպցիայի դեմ, միեւնույն է՝ հանրությանը հայտնի է, որ գրպանահատը չի կարող «ջեբկիրների» դեմ պայքարել: Ինչպես հայտնի է՝ ընթացիկ տարվա մայիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Միհրան Պողոսյանի օֆշորային գործունեության վերաբերյալ «Հետք» կայքում հրապարակված նյութում բերված փաստերի հիման վրա քրեական գործ հարուցվեց: Անցել է մոտ ութ ամիս, սակայն Միհրան Պողոսյանին պատասխանատվության ենթարկելու նախադրյալները դեռեւս չեն նշմարվում, եւ չի էլ լինի այդ հեռանկարը: Նրան «կմաքրեն օֆշորից»:
Ավելին՝ նոյեմբերի 26-ին Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարին Պողոսյանը հրավիրված էր եւ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ ընթացքում է գտնվում քրեական գործը, Միհրան Պողոսյանը տեղեկացրել էր, որ մոտ ժամանակներս նախաքննությունը կավարտվի: Հարցին, թե լուրեր կան, որ կվերադառնաք քաղաքականություն, պետական համակարգ, նա ասել էր, թե այդ մասով քննարկումներ են գնում:
Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 20-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Պանոմայի գործը «սառեցնելու» քաղաքական հրահանգը տրված է: Եւ հիմա Միհրան Պողոսյանը ջանում է հարթել բոլոր խութերը՝ վերադառնալու համար գլխավոր հարկադիր կատարողի հին աթոռին:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ օֆշորային սկանդալի հետեւանքով նախագահականի երիտթեւի հյուսած խարդավանքների արդյունքում ստիպված հրաժարականի դիմում ներկայացրած Միհրան Պողոսյանը հեռանալուց առաջ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու է առաջադրել Արմեն Հարությունյանին, ով համարվում է նրա մտերիմը, վստահելին՝ այդպես պլանավորելով նաեւ իր վերադարձը: Իհարկե, մյուս թեկնածուները եւս հոժարակամ են եղել դառնալու Պողոսյանի «տեղապահը», մինչեւ նա կվերադառնար, սակայն ընտրվել է Ա. Հարությունյանը, որը սակայն հուսախաբ է արել նրան:
Արմեն Հարությունյանը, նշանակվելով ԺՊ, «մոռացության է մատնել» նախկին պետի հետ ունեցած «պայմանավորվածությունը» եւ չհամաձայնեցված գործունեություն է սկսել վարել: Ինչպես նոյեմբերի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, Արմեն Հարությունյանը «պաշտոնավարման» կարճ ժամանակահատվածում օր օրի կառույցը փլուզման է տանում: ԴԱՀԿ-ից սկսել են հեռանալ նաեւ ծառայության հնաբնակներ, այդ թվում՝ բաժինների ղեկավարներ, որոնք այլես չեն կարողացել հանդուրժել Հարությունյանին: Վերջին թարմ օրինակը նոյեմբերի 19-ին էր, երբ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման եւ համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանը զեկուցագիր տարածեց` հայտարարելով, որ այլեւս չի կարողանում աշխատել «ստախոսի» հետ` նկատի ունենալով Արմեն Հարությունյանին, եւ ազատման դիմում ներկայացրեց:
Այս զարգացումները, ըստ էության, մեծապես Միհրան Պողոսյանի սրտով են, քանի որ Հարությունյանը արդեն առիթ է տալիս իր հետ «դաժան վարվելու»: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ օրեր առաջ ԴԱՀԿ նախկին աշխատակիցներից մեկի հուղարկավորության արարողությանը Միհրան Պողոսյանն ու Արմեն Հարությունյանն «առճակատվել են»: Տեսնելով վերջինիս` Մ. Պողոսյանը իր մոտ է կանչել ու հորդորել՝ նայի աչքերիս մեջ, ապա խորհրդավոր լռել է: Թե ինչ է կարդացել Հարությունյանը Պողոսյանի աչքերում, դժվար է ասել:
Միհրան Պողոսյանի ապագան իր համարձակ հայտարարություններից ու ելույթներից արդեն իսկ կարելի է կանխատեսել. նրա վերադարձի հավանականությունը շատ մեծ է: Չի բացառվում նաեւ, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակում ընդգրկվի կամ ռեյտինգային կարգով պատգամավոր առաջադրվի իր հարազատ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից:
Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, «Ժողովուրդ» օրաթերթը չկարողացավ Մ. Պողոսյանից մեկնաբանություն ստանալ: Նրա գրասենյակ կատարած մեր բոլոր զանգերն անպատասխան մնացին, իսկ արդարադատության գեներալ-մայորի հետ կապ հաստատելուց հետո, լսելով մեր հարցը, ԴԱՀԿ նախկին պետը հորդորեց գրասենյակ զանգահարել: Ի դեպ, մենք գրավոր նամակով տեղեկացրինք Պողոսյանին, որ հրապարակումն առանց իր մեկնաբանության է ստացվում, նա անդրդվելի մնաց:
Հիշեցնենք, որ հանրային գիտակցության մեջ արմատացած տեսակետի համաձայն՝ կասկածելի ճանապարհով հարստացած Միհրան Պողոսյանը վայելում է անձամբ Սերժ Սարգսյանի հովանավորությունը: Նրանց հարաբերությունները հայր-որդի ջերմությամբ են արտացոլվում: Իսկ Միհրան Պողոսյանի կարիերայի սահուն առաջխաղացումը ապահովել են մորեղբայրները` Գրիգոր եւ Միքայել Հարությունյանները՝ նախ իրենց հետ ԱԱԾ տանելով, ապա մղելով դեպի գործարար դաշտ:
Հարությունյանները լուրջ գործարարներ են, եւ, ի թիվս շինարարական ու այլ բիզնեսների, նրանց են պատկանում նաեւ «Միկմետալ» ընկերությունը, մայրաքաղաքի «կարմիր գծերի» «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը, Սեւանի «Նոյ լենդ» համալիրը եւ այլն:
Հ. Գ. Տարիներ առաջ հայր ու որդի հարաբերություններ էին ձեւավորված նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Լեւոնն անգամ իր որդու անունը Սերժ դրեց, որպեսզի տանը Սերժ Սարգսյան ունենա: Սակայն Լեւոն Սարգսյանը հիմա «անհետ կորածների» շարքում է՝ սնանկացած վիճակում:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ՈՒՄ ԲԻԶՆԵՍՆ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ
«Հետք»-ն անդրադարձել է ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի մերձավորներից գեներալ Ալեքսան Ալեքսանյանի եւ նրա եղբոր՝ Շանթ Ալեքսանյանի բիզնես գործունեությանը, որը ըստ աղբյուրի՝ նաեւ կապ ունի նախկին նախարարի հետ: «2010-ի մարտի 26-ին Չեխիայի փոխվարչապետ, այն ժամանակվա պաշտպանության նախարար Մարտին Բարտակը ժամանել էր Հայաստան ու հանդիպել Սեյրան Օհանյանին եւ Սերժ Սարգսյանին, չեխական պատվիրակության հետ եկած Շանթ Ալեքսանյանը ներկայացել էր իբրեւ հայ համայնքի ներկայացուցիչ, ինչը զայրացրել էր համայնքին: Ըստ մեր աղբյուրի՝ եղբորը պարբերաբար այցելում է գեներալ Ալեքսան Ալեքսանյանը: Մասնավորապես 2015-ի հոկտեմբերի 13-14-ին, երբ պաշտոնական այցով Չեխիա էր մեկնել Ս. Օհանյանի պատվիրակությունը, գեներալը դրա կազմում էր: Շանթ Ալեքսանյանի մասին լավ գիտեն նաեւ պաշտպանության նախարարությունում: Նա ոչ միայն գեներալ Ալեքսանյանի եղբայրն է, այլեւ նախկին նախարար Սեյրան Օհանյանի մտերիմը, ավելին՝ նախկին բիզնես-գործընկերը: Շանթը բազմաթիվ ընկերություններ է հիմնել ոչ միայն Հայաստանում, այլեւ Չեխիայում ու հիմա այդ երկրում անշարժ գույքի եւ բիզնեսի խոշոր սեփականատեր է: 2002-ի մայիսին Սեյրան Օհանյանը, Տիգրան Մովսիսյանն ու Շանթ Ալեքսանյանը ստեղծել են «Ս.Տ.Շ.-Պիրամիդա» ՍՊԸ-ն իրենց անվան սկզբնատառերի կիրառմամբ: Օհանյանն ու Մովսիսյանը Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղից են, ավելի կոնկրետ՝ նախկին նախարարը ծնվել է Շուշիում, որտեղից մայրն է, հայրը գորիսեցի է, սակայն 1974-ից Օհանյանի ընտանիքն ապրել է Մրգաշենում»,- գրել է պարբերականը:

 

 
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԳՐՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել դատավորների ծանրաբեռնվածության խնդրին: Գերհագեցած գրաֆիկ ունենալու հետեւանքով մեկ քաղաքացիական գործը կարող է տարիներով քննվել եւ մարդկանց, ըստ էության, հոգեբանական սթրեսի ենթարկել: Եւ այս խնդիրն այնքան է լրջացել, որ դատավորները սկսել են գրավոր դժգոհություն հայտնել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս ՀՀ դատարանների նախագահների խորհուրդ է դիմել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Փոլանդյանը եւ հայտնել, որ իրենց հասցեագրված գործերն այնքան շատ են, ինքը չի կարող ապահովել օբյեկտիվ եւ օպերատիվ քննություն: Թերեւս հենց այս դիմումի հետեւանքով է, որ դատարանների նախագահների խորհուրդը որոշել է խնդրին լուծում տալ՝ դատավորների համար քննվող գործերի կոնկրետ քանակ սահմանելով: Այսուհետ ֆիքսված կլինի, թե, օրինակ, քաղաքացիական վեճերի քանակը որքան պետք է լինի, սնանկության գործերի քանակը՝ որքան: Հուսանք՝ որոշումը կմեղմի դատավորների դժգոհությունը եւ կբարձրացնի օբյեկտիվ քննության հնարավորությունը:

 

 

«ՀՐԱԶԴԱՆ ՑԵՄԵՆՏ»-Ի ՇՈՒՐՋ
«Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ի շուրջ աղմուկը չի դադարում: Քաղաքացիները շարունակում են դիմել դատարան՝ ընկերությունից գումար բռնագանձելու պահանջով: Եւ այսպես՝ պարզեցինք, որ 2016 թվականի նոյեմբերի 16-ին քաղաքացի Տիգրան Ստեփանյանը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ից բռնագանձել 2 միլիոն 500 հազար դրամ: Հիշեցնենք, որ գործարանը պատկանում էր Միքայել Բաղդասարովին, որը սնանկացավ, ընկերության բաժնետոմսերն ամբողջությամբ դարձան «ՎՏԲ-Հայաստան» բանկի սեփականությունը: Բանկն էլ հիմա չի վճարում կուտակված պարտքերը: Արդյունքում՝ ՀՀ քաղաքացիները, որոնց «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ն պարտք է, հայտնվել են փակուղու առջեւ:

 

 

 

ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ
ՀՀ ԿԸՀ-ն նոյեմբերի 29-ի նիստում սահմանել եւ համարակալել է տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքները եւ տարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը: «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ` հանրապետությունում գործելու է 38 տարածքային ընտրական հանձնաժողով, որոնցից 10-ը` Երեւան քաղաքում, 28-ը` մարզերում: Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան` տարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումը կիրականացվի 21-օրյա ժամկետում», – նշված է ԿԸՀ հաղորդագրությունում:

 

 

 

ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
Ազգային ժողովը երեկ առաջին ընթերցմամբ ընդունել է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը: Կողմ են քվեարկել 98 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 3: Նշենք, որ նոր օրինագծի համաձայն՝ հիմնադիր համագումարում կուսակցությունը պետք է հավաքի առնվազն 100 հիմնադիր, իսկ գրանցման ժամանակ, այսինքն՝ համագումարից 6 ամիս անց, 1000 անդամ։




Լրահոս