ԱՐԺԻ ԱՐԴՅՈՔ ՎԻՃԱՐԿԵԼ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններն ավարտվեցին Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակով, սակայն ընտրական կրքերը համառորեն չեն մարում: Թվում էր` Թրամփի հաղթանակը կասկածի տեղիք չէր կարող տալ, սակայն պարզվում է, որ «երրորդ թեկնածուներից» մեկը, այնուամենայնիվ, որոշել է բողոքարկել արդյունքները մի շարք նահանգներում: Ի տարբերություն Հայաստանի ու թերզարգացած ժողովրդավարությամբ այլ երկրների` ԱՄՆ-ում ձայների վերահաշվարկի կարիք առաջանում է բացառիկ դեպքերում:

Հակառակ տարածված կարծիքի` ԱՄՆ նախագահական ընտրություններին չեն մասնակցում միայն Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցությունները ներկայացնող երկու թեկնածուներ: Գրեթե բոլոր ընտրություններում էլ լինում են մի քանի այլ գործիչներ, որոնք, սակայն, չեն քվեարկվում բոլոր նահանգներում, ուստի եւ զրկված են նախագահ դառնալու հնարավորությունից: Այդպիսի գործիչներից մեկն էլ Ջիլլ Սթեյնն է` Կանաչների կուսակցության թեկնածուն, որ ստացել է ընտրողների 1 տոկոսի աջակցությունը: Հետաքրքիր է, որ Սթեյնը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը` ետ մնալով անգամ լիբերալների թեկնածու Գերի Ջոնսոնից (3 տոկոս): Սակայն նա օրեր առաջ պաշտոնականացրեց իր քաղաքական հայտարարությունը` պահանջելով վերահաշվարկ մի շարք նահանգներում: Խոսքը ընտրությունների արդյունքների վրա մեծագույն դերակատարություն ունեցած նահանգների` Վիսքոնսինի, Միչիգանի եւ Փենսիլվանիայի մասին է, որտեղ Թրամփը Քլինթոնին հաղթել է չնչին տարբերությամբ: Վերլուծաբանների կարծիքով` Սթեյնի քայլը դրդված է Քլինթոնի ճամբարից, որտեղ ոչ մի կերպ չեն հաշտվում պարտության մտքի հետ:
Հիլարի Քլինթոնը քվեարկության արդյունքների ի հայտ գալուն զուգահեռ հասցրել էր զանգահարել եւ շնորհավորել Թրամփին հաղթանակի կապակցությամբ: Իսկ ահա իր պարտության ելույթում հստակորեն ձեւակերպել էր, որ պարտավորվում է հարգել ժողովրդի կամքը` Թրամփին առաջարկելով ազգային միասնությանն ուղղված քայլեր կատարել: Ավելին` նախկին պետքարտուղարը պատրաստակամություն էր հայտնել իր ջանքերն ուղղել այդ գաղափարի իրագործմանը: Սակայն այսօր Սթեյնի քայլը ակնհայտորեն հրահրված է Քլինթոնի շրջապատից, թեեւ նախկին առաջին տիկինը պաշտոնապես պարզաբանել է, որ իրենք չեն վիճարկում արդյունքները: Դրա հետ մեկտեղ Քլինթոնի շտաբի խորհրդական Մարկ Էլիասը պնդում էր, որ իրենք կներգրավվեն վերահաշվարկի գործընթացին` եզակի նպատակ հռչակելով ընտրությունների արդյունքի հանդեպ հանրային վստահության ամրապնդումը: Անշուշտ, Քլինթոնն իրավունք ունի բողոքարկելու արդյունքները, հատկապես, որ Միչիգանում Թրամփը հաղթել է ընդամենը 10.704, Վիսքոնսինում` 27.257, իսկ Փենիսլվանիայում` 70.638 ձայնի տարբերությամբ: Ըստ էության, միլիոնավոր քվեարկողների համապատկերում նման թվերը իսկապես չնչին, սակայն վճռորոշ են: Նույնպիսի իրավիճակ էր առաջացել 2000թ., երբ փոխնախագահ ու դեմոկրատական կուսակցության թեկնածու Ալ Գորը վիճարկում էր Ֆլորիդայի ընտրության արդյունքները` ի վերջո ընդունելով իր պարտությունը:
Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բավականին կոպիտ ու զայրացկոտ է արձագանքել վերահաշվարկի մասին դիմումներին: Նրան հատկապես բարկացրել է Քլինթոնի շտաբի մասնակցության փաստը: Թրամփը հայտարարել է, որ Քլինթոնը, իրեն զանգահարելով ու շնորհավորելով, արդեն իսկ ընդունել է իր պարտությունը, ուստի ծիծաղելի է փրփուրներից կախվելու նախկին մրցակցի պահվածքը: Վերահաշվարկը որակելով պարզ ժամավաճառություն` Հանրապետական նախագահը շեշտել է, որ Քլինթոնի բարձր տոկոսները հետեւանքն են եղել բազմաթիվ անօրինական քվեարկությունների եւ ոչինչ ավելին: Թրամփը համոզված պնդում է, որ վերահաշվարկը որեւէ լուրջ փոփոխություն չի կարող առաջացնել` այդ ուղղությամբ ակտիվ քայլեր կատարողներին անվանելով «լացկանների փունջ»: Հատկանշական է, որ ընտրվելուց հետո Թրամփը հրաժարվել էր Քլինթոնի նկատմամբ հատուկ քրեական հետապնդում իրականացնելու մտադրությունից, սակայն դեմոկրատական թեկնածուի նման կեցվածքը այն աստիճան է բորբոքել նորընտիր նախագահին, որ նրա ավագ խորհրդականը բացեիբաց ակնարկել է նախընտրական խոստումը իրագործելու հնարավորության մասին:
Քվեաթերթիկների վերահաշվարկն ու ընտրությունների արդյունքների վերանայումը հայաստանյան նախագահական ընտրությունների կարեւորագույն բաղադրիչն է: 1996թ. ի վեր ՀՀ նախագահական ընտրությունները (բացառությամբ՝ 1998թ.) վիճարկվել են պաշտոնական տվյալներով պարտված ճանաչված թեկնածուների կողմից: Հաշվի առնելով դատական իշխանության գերկախվածությունը տվյալ պահին գործադիրի իրական լծակներ ունեցող գործիչներից` ամեն անգամ էլ անիմաստ է թվացել այդօրինակ բողոքարկումը: Հատկանշական է, սակայն, 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած գործընթացը: Այդ ժամանակ ընդդիմությունը շուրջօրյա բազմահազարանոց հանրահավաքներով ձգտում էր ոչ միայն կազմաքանդել իշխանական բուրգը, այլեւ ճնշում գործադրել Սահմանադրական դատարանի վրա` իշխանության թելադրած վճիռը չընդունելու համար: Հիշենք, որ ՀՀ ՍԴ անդամներից Վալերի Պողոսյանը այդ օրերին դիմել էր ամերիկյան դիվանագիտական կորպուսի օգնությանը` պատմելով, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն անցկացնող Ռոբերտ Քոչարյանը բռնությամբ է պարտադրել Սերժ Սարգսյանի հաղթանակը ճանաչելու որոշումը: Ի դեպ, այդ ժամանակ Սահմանադրական դատարանը իրավունք էլ չուներ ազդարարելու ընտրական գործընթացի ավարտը` կապված Հայաստանում արտակարգ դրության ռեժիմի հետ: Փաստորեն, ժողովրդավարության հասունության հետաքրքիր օրինաչափություն է հաստատվել Հայաստանում եւ ԱՄՆ-ում: Եթե վերջինում իշխող կուսակցության թեկնածուներն են պարտվում ու վիճարկում ընտրությունների արդյունքները, ապա Հայաստանում այդ դերն անխախտելիորեն պատկանում է ընդդիմությանը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԿԻՍԱՏ ԵՆ ԹՈՂԵԼ
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վարագավանք գյուղի վարչական տարածքում գտնվող Նոր Վարագավանքը նշանավոր հոգեւոր կոթող է, այն 1193-1198 թվականներին հիմնել է Դավիթ Բ Կյուրիկյան թագավորը, հետագայում՝ 1234-1237 թվականներին նրա թոռը՝ Վասակ Բ-ն, վանական համալիրն ընդարձակել է: Մոնղոլների ասպատակությունից հետո Վարագավանքի հոգեւոր առաջնորդ Ղուկասը 1213 թվականին այստեղ է տեղափոխել Վարագավանքի հոգեւոր մասունքները, այդ թվում՝ Սուրբ Խաչափայտի կտորը, որը բերել էին Հռիփսիմյան կույսերը: Ամեն տարի՝ սեպտեմբերի վերջին, Նոր Վարագավանքում Վարագա Սուրբ Խաչի տոնն է, Սուրբ Էջմիածնից այստեղ է տեղափոխվում Քրիստոսի Խաչափայտի մասունքը՝ հավատացյալների երկրպագության համար, մատուցվում է տոնական պատարագ: Այստեղ երբեմն հոգեւոր արարողություններ՝ կնունքներ, պսակադրություններ են կատարվում, շատ հավատացյալներ, զբոսաշրջիկներ են գալիս Բերդի տարածաշրջանից, Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերից, նաեւ արտերկրից: Վանական համալիր տանող ճանապարհը ասֆալտապատ է, ինչը դյուրացնում է Նոր Վարագավանք մարդկանց հոսքը: Վանական համալիրը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության հաշվեկշռում: 2012 թվականի ապրիլի 26-ին՝ Տավուշի մարզ այցելության ժամանակ, Սերժ Սարգսյանը եղել է Նոր Վարագավանքում, քննարկել դրա վերանորոգման հարցը: Արդունքում՝ 2012 թվականին սկսվեց վանական համալիրի նորոգումը «Իդեալ համակարգի» սեփականատեր Նորայր Խաչատրյանի եւ Ռաֆիկ Մանուչարյանի միջոցներով: Նշենք, որ Ն. Խաչատրյանը մորական կողմից Վարագավան գյուղի թոռ է: Որոշ տվյալներով՝ նշված բարերարները այդ գործի համար նվիրաբերել են շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլար: Վերանորոգման ընթացքում, սակայն, Բերդի տարածաշրջանի մի խումբ բնակիչներ դժգոհություն էին հայտնել կատարված աշխատանքների որակի վերաբերյալ: 2014 թվականի աշնանը նորոգման աշխատանքները դադարեցվել են, մինչ ադ վերանորոգվել է վանական համալիրի շուրջ 70 տոկոսը: Վարագավան համայնքի 27-ամյա ղեկավար Արմեն Աբրահամյանը հայտնեց, որ համայնքապետ ընտրվելու օրից՝ 2015 թվականի հունիսի 7-ից հետո, ինքը վանական համալիրում վերանորոգման աշխատանքներ չի տեսել: Հարցին, թե վանական համալիրի մնացած հատվածը երբ, ում միջոցներով կնորոգվի, գյուղապետը պատասխանեց, որ այս տարվա սեպտեմբերին՝ Վարագա Սուրբ Խաչի տոնի ժամանակ, ինքն այդ խնդրով դիմել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին: Թեմի առաջնորդն ասել է, որ այդ հարցով իրենք կդիմեն վանական համալիրի մեծ մասի նորոգումը ֆինանսավորած բարերարներին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-Ն 2017 ԹՎԱԿԱՆԻՆ ՔԻՉ ԿԾԱԽՍԻ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել ընկերության՝ 2017-2019 թվականների ներդրումային ծրագիրը: Այս թեմայի շուրջ դեկտեմբերի 5-ին ՀԾԿՀ-ում տեղի կունենա քննարկում, որին կարող են մասնակցել սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններ եւ այլ շահագրգիռ անձինք:

2017-2019 թվականների ներդրումային ծրագրով ընկերության գազի համալիրում նախատեսվող կապիտալ ներդրումների ընդհանուր գումարը կկազմի 34.72 մլրդ դրամ: Այսինքն՝ 2017 թվականին նախատեսված ներդրումները կկազմեն 3.57 մլրդ դրամ, 2018 թվականին՝ 16 մլրդ դրամ, 2019-ին՝ 15.15 մլրդ դրամ:
Նկատենք, որ ՀԾԿՀ համաձայնեցմանը ներկայացված ընկերության ներդրումային ծրագրով 2017 թվականին քիչ ներդրում է արվելու: Մասնագետները սա պայմանավորում են հունվարի 1-ից գազի սակագնի նվազման հետ: Բացի այս՝ ներդրումային ծրագրից պարզ է դառնում, որ գազի սակագինը մեկ տարի անց կրկին կբարձրանա:
Նշենք, որ գազափոխադրման համակարգում 2017-2019 թվականների ծրագրով նախատեսվող կապիտալ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 26.92 մլրդ դրամ, իսկ գազաբաշխման համակարգում՝ 7.80 մլրդ դրամ: Բացի այս՝ գազափոխադրման համակարգում ծրագրով նախատեսվում է մայրուղային նոր գազատարների, նոր գազաբաշխիչ կայանների, չափիչ հանգույցների եւ այլ տեխնոլոգիական շինությունների, էլեկտրաքիմիական պաշտպանության համակարգի նոր կայանքների կառուցում, ժամանակակից տեխնիկայի եւ տեխնոլոգիաների ներդրում: Ըստ ընկերության ներդրումային ծրագրի՝ նախատեսվում է նաեւ նոր շենքերի եւ շինությունների կառուցում, ավտոտրանսպորտային միջոցների եւ մեխանիզմների, հողատարածքների, շենքերի, շինությունների եւ այլ անշարժ գույքի ձեռքբերում, նաեւ Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնում (նոր օբյեկտների կառուցում):

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս