«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է անարգել ներկրել ցանկացած ապրանք»: Վարչապետ Կարեն Կարապետյանի այս հայտարարությանն անմիջապես հաջորդել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարականը մաքսային մարմիններին՝ խիստ եւ հետեւողական լինել գործընթացի նկատմամբ` բիզնեսի համար ապահովելով արդար եւ ազատ մրցակցային միջավայր: Նման հայտարարությամբ նոյեմբերի 21-ին հանդես եկավ ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը:
«ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի տեղեկացմամբ՝ հայտարարությունից անմիջապես հետո ներկրման ոլորտում նոր տնտեսվարողներ են հայտնվել: ԵԱՏՄ տարածքից, մասնավորապես, ՌԴ-ից բանանի ներկրում իրականացնելու տնտեսվարողի փորձը, սակայն, որոշ խնդիրների առաջ է կանգնեցրել վերջինիս: Պարզվել է, որ տնտեսվարողը պարզեցված մաքսային ընթացակարգերով հատել է սահմանը, սակայն խոչընդոտների է հանդիպել արդեն հանրապետության տարածքում, որոնց կարգավորման հարցով ներկրողը դիմել է պետական եկամուտների կոմիտ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն եւ հաջողությամբ իրականացրել ներկրումը»,- նշված է ՊԵԿ հաղորդագրությունում:
Հայտնի ճշմարտություն է, որ բանանի ներկրման մենաշնորհը տարիներ ի վեր պատկանել է «Քեթրին Գրուպ» ընկերությանը, որի հետ առնչվում է ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ Միհրան Պողոսյանի անունը:
Եւ այսպես՝ իրավական ի՞նչ հետեւանքներ է առաջացրել այս առերեւույթ հանցանք պարունակող գործնթացը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել՝ արդյոք քայլեր ձեռնարկվել են անհայտ անձանց հայտնաբերելու եւ կատարվածը բացահայտելու ուղղությամբ: Ի վերջո, ով է խոչընդոտել հայ գործարարին՝ բանան ներկրել Հայաստան:
Ի պատասխան մեր հարցադրման՝ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրության մեջ ներկայացված դեպքի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից պահանջվել են տեղեկություններ տվյալ դեպքի եւ այդ առնչությամբ իրականացված իրավական ընթացակարգերի մասին»:
Ըստ երեւույթին, կատարվածին առաջիկայում իրավական գնահատական կտրվի, անձը, ով դիմել է ՊԵԿ, կկանչվի հարցաքննության: Չի բացառվում նաեւ, որ հեռախոսազանգեր վերծանվեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գուցե տնտեսվարողը ինչ-որ խոչընդոտի բախվելու պահին հեռախոսազանգեր է կատարել, եւ նոր հանգամանքներ ջրի երես դուրս գան: Թե դրանք ինչ բնույթ կունենան, վաղ է ասել, սակայն հանուն արդարության պետք է փաստել, որ, ամենայն հավանականության, դրանք հանրությանն անհայտ կմնան: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ ինչ է ներկայացրել ՊԵԿ-ը դատախազությանը: ՊԵԿ լրատվական բաժնից խոստացան մեր գրավոր հարցմանը պատասխանել այսօր:
Տաթեւ Հարությունյան