Երեկ Կառավարությունում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել էր ԶԼՄ-ների ղեկավարների հետ:
Հանդիպման ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը՝ Հայաստանի արտաքին իմիջը փոխելու համար, քանի որ եվրոասոցացման գործընթացից մեկ գիշերում Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալուց հետո արտաքին աշխարհի համար ընկալելի չենք, եւ դա ազդում է նաեւ ներդրումների վրա:
«Արտաքին իմիջը վարսավիրանոց գնալով, սանրվելով չի փոխվում, շարունակական պրոցես է, աշխատում ենք: ԵԱՏՄ չմտնելու դեպքում ես չունեմ վիճակագրություն, թե ինչ էր լինելու»,- պատասխանեց վարչապետը: Իսկ ինչո՞ւ չի ստեղծվում խոստացված «կանաչ գոտին» ՌԴ սահմանային Լարսի անցակետում, որպեսզի մեր բեռնատարները Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի բեռնատարների հետ օրերով հերթ չկանգնեն. շարունակեցինք հետաքրքրվել:
«Նույն ձեւ չեն վերաբերվում, ինչպես Թուրքիային եւ մյուս երկրներին: Բայց քանի որ սանկցիաներ կան, որոշակի ստուգումներ են արվում այն կետերով, որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք»,- պարզաբանեց Կարապետյանը: Իսկ ինչո՞ւ ԵԱՏՄ երկրներ արտահանվող մեր ապրանքների ծավալը կտրուկ նվազեց, երբ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ձեռք բերելով 200 միլիոնանոց շուկա: Մեր այս հարցին Կարապետյանը պատասխանեց. «Մեծ շուկա մտնելու ժամանակ, եթե անկում ունենք, որեւէ հաշվարկ չկա, թե ինչքան կլիներ այդ անկումը չմտնելու ժամանակ: Ես չեմ կարող տրամաբանական բացատրություն տալ, որ ԵԱՏՄ մտնելու հետեւանք է մեր տնտեսության անկումը»:
Ըստ Կարեն Կարապետյանի՝ նախընտրական տարին շատ է խանգարում տնտեսության աշխուժությանը. «Մարդիկ եթե պիտի կահույք գնեն, սպասում են՝ ապրիլից՝ ընտրություններից հետո դա անեն»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: