Իրավապահ կառույցներում աշխատելու համար ՀՀ քաղաքացիները մի ողջ գործընթաց են անցնում, ուսումնասիրվում է նրանց անցյալը, կենցաղը, ապրելաբնույթը եւ այլն: Եւ մինչ ոստիկանի կամ զինվորականի «համազգեստի մեջ մտնելը» յուրաքանչյուր ոք անցնում է այդ դժվարությունների միջով: Բայց պարզվում է՝ ոստիկանի կամ զինվորականի «համազգեստի մեջ մտնելը» իրականում բավականին հեշտ գործընթաց է, որովհետեւ մայրաքաղաք Երեւանում կան խանութներ՝ այդ թվում եւ առցանց տիրույթում, որտեղ ազատ վաճառվում են համազգեստները:
Իսկ ովքե՞ր են գնորդները, այդպես էլ անհասկանալի է մնում:
ArmLur.am-ը ՀՀ ոստիկանությունից և ՀՀ պաշտպանության նախարարությունից հետաքրքրվեց, թե որքանով է օրինական և թույլատրելի ոստիկանական ու զինվորական հագուստների վաճառքը: «Պատվերը, որ տրվում է Պաշտպանության նախարարության կողմից, հստակ քանակով է տրվում և այդ պատվերը տարվում է Պաշտպանության նախարարություն և այն ենթակա չէ վաճառքի: Բայց քանի որ պատվեր ընդունող ընկերությունները կարող են և շատ կարել, այդ դեպքում կարի ֆաբրիկայի վրա վերահսկողություն չենք կարող սահմանել»,-ի պատասխան մեր հարցին, ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ զնվորական համազգեստի վաճառքն օրենքով թույլատրելի չէ, քանի որ հագուստները կարելու համար տրվում է համապատասխան կտոր: Եվ կարելի է ասել, որ այդ մասնավոր ընկերություններն ապօրինի են կարում և վաճառքի հանում զինվորական հագուստը: Սակայն ՀՀ ոստիկանության դեպքում իրավիճակն ավելի մեղմ ներկայացվեց: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի ներկայացմամբ, առանց տարբերանշանների համազգեստը թույլատրելի է վաճառել. «Օրենքը չի արգելում»:
Այնուամենայնիվ, արձանագրենք, որ այսօր զինվորական և ոստիկանական համազգեստների ազատ վաճառքը իրականում ռեալ վտանգ է պարունակում, խրախուսում է հանցագործությունների աճին: Ցանկացած ոք կարող է գնել իր ուզած «կոչումը» եւ անել այն, ինչ խելքին փչում է: Եվ քանի դեռ ուժային կառույցները, հղում անելով «վատ և անհեռանկար օրենքներին» ձեռքները ծալած նստել են, կոլեկտիվ անպատասխանատվության դրսևորումները օրեցօր կարող են շատանալ: Թերեւս ժամանակն է՝ այս դաշտը կարգավորելու:
Տեղեկացնենք, որ ոստիկանական եւ զինվորական տարբերանշաններն էլ ազատ վաճառվում են հայկական խանութներում: Եւ ցանկացած մարդ կարող է գնել ոստիկանի համազգեստ, տարբերանշան եւ զբաղվել ինքնագործունեությամբ: Իսկ ՀՀ ոստիկանությունը, ինչպես ավանդաբար, ստիպված է լինելու հետևանքները վերացնել, այլ ոչ թե կանխել հնարավոր հանցանքները:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ, ով ասաց, որ համազգեստների որոշակի սահմանափակում պետք է լինի: «Ոչ թե գնելու վրա պետք է արգելքը դնել, այլ գործողությունների հետևանքով առաջացած նոր իրավիճակները պետք է դիտարկվեն քննության առարկա»,-ասաց նա: