1988-ի ավերիչ երկրաշարժից արդեն 28 տարի է անցել: Սակայն «աղետի գոտի» ամոթալի արտահայտությունը դեռ չի վերացել մեր շուրթերից: Պաշտոնական տեղեկություններով՝ զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթեւան է մնացել 530 հազար բնակիչ: «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Վահան Թումասյանի տրամադրած տվյալների համաձայն՝ կիսափլված շենք-շինություններում կամ նախկին գործարանային հանրակացարաններում դեռեւս բնակվում է մոտ 3 հազար ընտանիք, կամ որ նույնն է՝ 15 հազար բնակիչ:
28 տարին քիչ ժամանակ չէր խնդրին վերջնական կարգավորում տալու համար: Սակայն պարզվում է՝ կառուցապատման ծրագիրը 4-5 տարի առաջ դադարեցվել է: Եվ այս աղետալի պայմաններին զուգահեռ՝ իշխանությունները Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար գլուխ են կոտրում, խոստանում սարեր շուռ տալ, սակայն նրանց խոստումների պատկերը հետեւյալն է՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դղյակում է ապրում, շքեղ հյուրանոց է կառուցել՝ «Ալեքսանդրապոլը», «Օազիս» ռեստորանը: Իսկ վագոն-տնակների ֆոնին դղյակում ապրող գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Պոլոզմուկուչ» հայտնի ռեստորանի սեփականատերն է, գարեջրի գործարաններ է աշխատեցնում ինչպես Գյումրիում, այնպես էլ Ջավախքում:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2008-ին հայտարարել էր, թե. «Հաշված տարիներ հետո կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետեւանքները: Երբ ասում եմ ամբողջովին, նկատի ունեմ, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներ չեն լինելու»: Սակայն այսօր իրականությունն այն է, որ ունենք մոտավոր 15000 բնակիչ, որոնք ապրում են տնակներում: Հուսանք` գոնե այս տարի քիչ կշրջանառվեն «տնակ», «աղետի գոտի», «փլատակներ» արտահայտությունները, Գյումրիի նման մշակութային հարուստ ժառանգություն ունեցող քաղաքին դա սազական չէ: