«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ լրագրողների հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը խիստ տարօրինակ, սենսացիոն հայտարարություն է արել: Խոսելով Կարեն Կարապետյանի մասին, նա ասել է. «Առայժմ ինչ լսել եմ վարչապետից՝ կոռուպցիայի խնդրին առաջնահերթություն տալու հարցում, հուսադրող է: Կարծում եմ՝ նա արձագանքում է այն խնդիրներին, որոնք լսում է հայ ժողովրդից, հայկական լրագրությունից՝ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել: Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել նաեւ, քանի որ այն կարող է խոչընդոտել Հայաստանում բիզնեսի աճին եւ ներդրումներին: Կոռուպցիան կարող է նաեւ խնդիր հանդիսանալ ազգային անվտանգության համար, քանի որ կոռումպացված պաշտոնյաներին, կոռումպացված գործարարներին Հայաստանից դուրս կարող են հնարավորություն ընձեռել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա ազդեցություն ունենալ: Կարծում եմ՝ վարչապետը տեղյակ է եւ մտահոգված է այս ամենի մասին»:
Պատրաստ ենք աշխատել իր հետ, կաջակցենք, նրա մոտեցումները հուսադրող են. դեսպանի խոսքի այս հատվածները լիովին հասկանալի են: Բայց ի՞նչ է նշանակում հետեւյալ միտքը. «Կոռուպցիան կարող է նաեւ խնդիր հանդիսանալ ազգային անվտանգության համար, քանի որ կոռումպացված պաշտոնյաներին, կոռումպացված գործարարներին Հայաստանից դուրս կարող են հնարավորություն ընձեռել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա ազդեցություն ունենալ»:
Ի՞նչ է ուզում սրանով ասել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը: Հիշեցնենք, մինչեւ բոլորովին վերջերս Կարեն Կարապետյանը Հայաստանից դուրս խոշոր պաշտոնյա էր: Վարչապետի պաշտոնում նշանակվելով, նրան հնարավորություն է ընձեռվել ազդեցություն ունենալ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա: Կարապետյանը երկար տարիներ բարձր պաշտոն է զբաղեցրել Ռուսաստանում, որտեղ ըստ արեւմտյան կենտրոնների բոլոր հետազոտությունների, պետական համակարգն ամբողջությամբ թաղված է կոռուպցիայի մեջ: Այսինքն՝ արեւմտյան մտածողության տեսակետից, լինել ՌԴ-ում բարձրաստիճան պաշտոնյա, մեխանիկորեն նշանակում է լինել կոռումպացված պաշտոնյա:
Եթե ճիշտ ենք ըմբռնում Ռիչարդ Միլսի մտքերի ընթացքը, ուրեմն նա Կարեն Կարապետյանին համարում է ռուսական կոռումպացված պաշտոնյա, որին Հայաստանի վարչապետ նշանակելն ազգային անվտանգության սպառնալիք է: Բնականաբար, այս հայտարարության հասցեատերը միայն Կարապետյանը չէ: Սա նաեւ Սերժ Սարգսյանին ուղղված խոսք է, որովհետեւ ի վերջո Կարապետյանին նա է հրավիրել Հայաստան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում