ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը աճուրդի է հանել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած զրահապատ «Mercedes» մեքենան:
Ուշագրավ է, որ առնվազն թանգարանային նմուշ հանդիսացող այս մեքենան, որը, որպես այդպիսին, կարելի է համարել նաեւ պատմական, հանվել է աճուրդի եւ հայտնվել իրենցից ոչինչ չներկայացնող բազմաթիվ ջարդոնների կողքին: Հարցի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ:
-Պարո՛ն Սահակյան, աճուրդի եք հանել ՀՀ առաջին նախագահին սպասարկած մեքենան, մինչդեռ այն կարող է թանգարանային նմուշ համարվել, համենայն դեպս շատ երկրներում իրենց առաջին նախագահներին սպասարկած մեքենաները համարվում են թանգարանային նմուշ…
-Դա միայն առաջին նախագահին չի սպասարկել, դա հետագայում նաեւ կառավարության ղեկավարին է սպասարկել, այսինքն՝ այնպես չէ, որ միայն առաջին նախագահի ծառայողական ավտոմեքենան է եղել:
-Բայց, վերջ ի վերջո, սպասարկել է, չէ՞, առաջին նախագահին …
-Անկեղծ ասած` ես չեմ կարծում, որ այդպես կարելի է համարել: Ի՞նչ պատմական մեքենայի մասին է խոսքը: Դրանից հետո այն սպասարկել է ՀՀ վարչապետին: Ոչ մեկը չի ժխտում դա, ընդամենը ես հետեւյալն եմ ասում, որ սպասարկել է ե՛ւ ՀՀ առաջին նախագահին, ե՛ւ տարբեր վարչապետների: Կառավարության հաշվեկշռում գտնվող մեքենա է:
– Իսկ մինչ աճուրդի հանելը այն ու՞մ էր սպասարկում:
-Դա չշահագործվող ավտոմեքենա էր, որովհետեւ բավականին խնդիրներ ունեցող մեքենա է, եւ կառավարության որոշումով տրվել է պետական գույքի կառավարման վարչությանը, որպեսզի համապատասխան ընթացակարգով գնահատվի եւ աճուրդային եղանակով օտարվի:
– Նախնական գինը որքա՞ն է սահմանված:
-Դեռ չի գնահատվել ավտոմեքենան, որովհետեւ ավտոմեքենաների քանակը շատ-շատ է: Դուք գիտեք, որ 1000-ից ավելի ավտոմեքենաներ են օպտիմալացվել, որոնցից 444-ը այս պահին գտնվում են պետական գույքի գույքագրման գնահատման գործակալության պահառության տարածքում,եւ բավականին երկարաժամկետ ընթացք է պետք, որովհետեւ դրանք ամբողջովին պետք է ՃՈ հաշվառումից հանվեն, վերցվեն նորից հաշվառման, դրանից հետո գնահատվեն եւ ուղարկվեն աճուրդով վաճառքի: Այս պահին այդ ավտոմեքենան դեռ գնահատված չէ եւ աճուրդի դրված չէ:
– Իսկ այդ ավտոմեքենայի հանդեպ հետաքրքրություն նկատվու՞մ է:
-Դուք գիտեք, որ դա մեր բարեփոխումների մի մասն էր: Եթե հիշում եք՝ անցած ժամանակներում մարդիկ չէին կարողանում ուսումնասիրել, տեսնել այն շարժական գույքը, որը հնարավոր էր ձեռք բերել: Հիմա այնտեղ /պետական գույքի գույքագրման գնահատման գործակալության պահառության տարածքում, հեղ./ ամեն օր հարյուրից ավելի մարդիկ են այցելում, եւ կարծում եմ, որ, բնականաբար, նաեւ հետաքրքրություն կառաջանա:
զրուցեց Վահագն Հակոբյանը