Պետք է աշխատել վրացական իշխանության հետ. Արտակ Զաքարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի՝ դեռեւ անցած շաբաթ արած հայտարարությանը, որ Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում: Հիշեցնենք, որ հենց այս կորպորացիան է տնօրինում Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը:

«Ժողովուրդ» օրաթերթին վրացական աղբյուրներից հայտնի էր դարձել, որ Վրաստանի վարչապետի հայտարարությունից հետո ակտիվացել է ադրբեջանական նավթագազային «Soccar» ընկերությունը, որը ցանկանում է գնել գազատարն ամբողջությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին երեկ տեղեկություններ հասան, որ Վրաստանի կառավարությունում այս օրերին գազատարի վաճառքի հետ կապված գործընթաց է սկսվել, սակայն այն առայժմ լայն հանրությանը հասանելի չէ: Եվ չնայած սրան՝ մինչ օրս Վրաստանում Հայաստանի դեսպանատան եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարության միջեւ այս հարցի շուրջ որեւէ քննարկում չի եղել, քանի որ Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը տեղում չէ:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Աժ ՀՀԿ-ական պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:

-Պարո՛ն Զաքարյան, տեղյա՞կ եք Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի՝ նախորդ շաբաթ արած հայտարարությանը, որ Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում: Որքանո՞վ եք հավանական համարում նման հեռանկարը, եւ ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անել՝ այն կանխելու համար:

-Նախ կարծում եմ՝ գաղտնիք չէ, թե ինչ կարեւոր նշանակություն ունի գազատարը Հայաստանի էներգետիկ համակարգի համար, այն Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող կառույցներից մեկն է, եւ, բնականաբար, Հայաստանի Հանրապետությունը, նաեւ շատ տրամաբանական է, որպեսզի շահագրգիռ լինի գազամուղի ճակատագրով: Դեռեւս որեւէ գործընթաց այդ առումով կարծես թե չկա, եւ առայժմ վաղ է որեւէ գնահատական տալ, բայց վստահ եմ, որ այդ հարցում Վրաստանի իշխանությունները անպայման նաեւ կխորհրդակցեն Հայաստանի իշխանությունների հետ:

-Գազատարի վաճառքի հարցը նոր չէ, վրաց իշխանությունները նման մտադրություն ունեին դեռ 2011-ին, իսկ արդեն 2012-ին խոսվում էր գազատարի կոնկրետ գնորդների մասին: Բարեբախտաբար ՀՀ իշխանությունները կարողացան հասնել նրան, որ այդ գործընթացը կասեցվեց: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է հենց հիմա վրացական կողմը վերստին նման նախաձեռնությամբ հանդես գալիս: Տեսակետ կա, որ սա կապված է հայ-ռուսական համատեղ զորամիավորում ստեղծելու համաձայնագրի հետ, եւ այսպիսով Վրաստանը ՀՀ իշխանություններին հասկացնում է, որ հարկ եղած դեպքում կարող է կիրառել գազատարի վաճառքի «մահակը», եթե Հայաստանը Վրաստանի շահերի դեմ գործի:

-Գիտեք, հիմա չեմ ուզում գոյություն ունեցող տեսակետների վերաբերյալ մենք ենթադրություններ անենք, երբ կլինեն գործընթացի հետ կապված մանրամասներ, այդ ժամանակ արդեն կարելի է խոսել ավելի ընդարձակ:

-Այնուամենայնիվ, խնդիրը կա, եւ Վրաստանի վարչապետի հայտարարությունից անցել է շուրջ 15 օր: Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկում է անցկացրել՝ հասկանալու համար, թե որոնք պետք է լինեն ՀՀ քայլերը:

-Խորհրդարանի մակարդակով քննարկումներ տեղի չեն ունեցել, մնացած մանրամասներին չեմ տիրապետում:

-Որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ՝ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պետք է անեն այս պայմաններում ՀՀ իշխանությունները:

-Ասացի, որ կարեւոր խնդիր է մեզ համար, հետեւաբար մենք շահագրգիռ կողմ ենք այդ հարցում: Բնականաբար կարծում եմ, որ մեր համապատասխան գերատեսչությունները այդ ուղղությամբ անպայման աշխատանքներ տանում են:

-Իսկ մինչ այդ արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ ադրբեջանական «Socar» նավթագազային ընկերությունն ու ռուսական «Ռոս գազ»-ը բաժնետոմսերի գնման կոնկրետ առաջարկներ են մշակում:

-Նման տեղեկատվություն չունեմ, թե որ ընկերություններն են շահագրգռված, ամեն դեպքում հրապարակային նման տեղեկատվություն չկա: Բնականաբար մեզ համար չի կարող ցանկալի լինել թուրք-ադրբեջանական գործոնի մասնակցությունը հայկական գազամուղի տարանցիկ հատվածում, այնուամենայնիվ, նաեւ պետք է նկատի ունենալ, որ խնդիրը գտնվում է Վրաստանի իշխանությունների իրավասության տիրույթում, եւ այդ առումով պետք է աշխատել վրացական իշխանության հետ:

-Իսկ ըստ Ձեզ՝ Հայաստանը կարո՞ղ է ինքը ձեռք բերել այդ բաժնետոմսերը:

-Ես կարծում եմ, որ պետք չի բացառել նաեւ այդ տարբերակը, բայց կոնկրետ այդ ուղղությամբ դեռեւս հստակ տեղեկատվություն չունեմ:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս