Որտե՞ղ է Ադրբեջանին հանձնվելու մտադրություն ունեցողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներն ինտենսիվորեն հրապարակումներ էին անում, իբր հայ սպա, 36-ամյա Նորայր Մինասյանը դիմել է անցած տարի Ադրբեջանից ապաստան խնդրած անհայտ ծագումով ակտիվիստ Վահան Մարտիրոսյանին՝ իրեն այնտեղ տեղափոխելու խնդրանքով:

«Ժողովուրդ»-ը երեկ հայտնել էր, որ Նորայր Մինասյանը ԼՂՀ Քաշաթաղ վարչական շրջանի Վարդաբաց գյուղից է: Նա արդեն երկու տարի է` Ռուսաստանի Դաշնությունում է բնակվում: Մեզ հետ զրույցում սպայի կինը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, ասել էր, որ ճիշտ է՝ ֆինանսական խնդիրներ են ունեցել, չմարած վարկեր, սակայն ամուսինը իրեն չի կարող թույլ տալ Ադրբեջան գնալ:
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ուսումնասիրություններ են կատարվում` պարզելու համար՝ ով է Մինասյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից փորձեց պարզել` ինչ արդյունք են տվել ուսումնասիրությունները: Ի պատասխան մեր հարցի` Ա. Հովհաննիսյանը նշեց. «Տվյալ անձը նախկին զինվորական է, արդեն երկու տարի է` չի ծառայում զինված ուժերում: Նախարարությունը տեղեկացրել է, որ նա նախկինում դատվածություն է ունեցել: Սրանով ՊՆ-ի գործառույթներն ավարտվում են»:

Իսկ ինչ դատվածությունների մասին է խոսքը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ զինվորական ակադեմիայի շրջանավարտ Նորայր Մինասյանը դատապարտվել է երկու անգամ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելու մեղադրանքով: Վերջին դատվածությունը 2014 թվականին էր: Մինասյանն իր մեղքն ընդունել եւ զղջացել էր:

Նախօրեին լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Մինասյանը պարզաբանմամբ է հանդես եկել եւ հայտարարել, որ այս ամենը Վահան Մարտիրոսյանի վրեժխնդրության արդյունքն է, իրենք նախկինում տարաձայնություններ են ունեցել, մտադրություն չունի հանձնվել թշնամի երկրին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ն. Մինասյանի հայրը` ազատամարտիկ, կոչումով մայոր Ժորա Մինասյանը, կտրուկ արձագանքեց. «Ինչ գրում են, սուտ են գրում: Իմ տղան նման բան չէր անի»: Մեր հարցերին` որտե՞ղ է հիմա Ձեր որդին, ե՞րբ եք վերջին անգամ խոսել նրա հետ, Ժ. Մինասյանը, ով ներկայումս Կապանի դպրոցներից մեկում զինղեկ է աշխատում, պատասխանեց. «Ես չգիտեմ: Արդեն երկու տարի է` նրա հետ չեմ խոսել: Կապի դուրս չի եկել ինձ հետ: Որեւէ բան չգիտեմ: Որտեղ է, ինչով է զբաղվում, ում մոտ է: Ինքը իր կնոջ ու երեխայի հետ էլ կապ չունի»:
Մնում է հուսալ, որ պատասխանատու կառույցներն ամեն բան կանեն՝ երկրի համար հերթական խայտառակությունից խուսափելու եւ Ադրբեջան ապաստանած նոր վահան մարտիրոսյան չունենալու ուղղությամբ:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս