Դեկտեմբերի 6-ին Երևանում՝ Նկարիչների միության մեծ ցուցասրահում, տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի «Դիվանագիտություն և միջազգային հարաբերություններ» դասընթացի, ինչպես նաև «Դիվանագետների վերապատրաստում» դասընթացի նախորդ բոլոր տարիների շրջանավարտների հերթական հանդիպումը։
Ողջունելով դպրոցի նախորդ վեց տարիների շրջանավարտներին՝ Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանն ընդգծեց դպրոցի դասընթացների կարևորությունը ինչպես Հայաստանի դիվանագիտական ծառայության, այնպես էլ երկրի ընդհանուր կրթական ոլորտի համար։ «Մեր շրջանավարտների շարունակական համագործակցությունը դասընթացների ավարտից հետո վկայում է ոչ միայն այն մասին, որ դպրոցը հաջողությամբ է իրականացնում իր առաքելությունը. այդպիսի համագործակցություն կարևոր է նաև ողջ հանրային ոլորտի հետագա զարգացման համար»։
Վահե Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց նաև Եվրոպական միությանը` «Աջակցություն Հայաստանի դիվանագիտական դպրոցի վարչական և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը» ծրագրի շրջանակներում Դիվանագիտական դպրոցին տրամադրվող շարունակական օժանդակության և դպրոցի տարբեր միջոցառումները հովանավորելու համար:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր խոսքում ընդգծեց Դիվանագիտական դպրոցի կարևորությունը և հավելեց. «Աջակցության թե նախորդ, թե ներկա ծրագրերի տեսակետից Եվրոպական միության օժանդակության նպատակը Հայաստանի դիվանագիտական կադրերի հմտությունների ամրապնդումն է, երիտասարդ դիվանագետներին Եվրոպական միության մասին, ինչպես նաև միջազգային հարաբերություններում ու արտաքին քաղաքականության շուրջ երկխոսության մեջ առկա եվրոպական արժեքների մասին իրազեկելը»:
Դիվանագետների կողմից դիվանագիտության ակադեմիական ուսումնասիրության նպատակահարմարության վերաբերյալ ելույթով հանդես եկավ Մինեսոտայի (Դուլութ) համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ և պրոֆեսոր, Նիդերլանդների միջազգային հարաբերությունների Քլինգենդայլի ինստիտուտի ավագ գիտաշխատող Փոլ Շարփը: Նա նշեց, որ Դիվանագիտական դպրոցն ունի ուսմամբ չափազանց շահագրգռված ունկնդիրներ, ովքեր թե վերլուծաբար են մոտենում առարկային, թե հետաքրքրված են նոր տեսակետներ և մոտեցումներ ուսումնասիրելու հարցում: «Մենք բոլորս ունենք մեր անձնական և մշակութային պատմությունը և աշխարհի վերաբերյալ մեր տեսակետը, այդ իսկ պատճառով դասախոսների միջազգային կազմի կողմից դասավանդվող ծրագրի լրացուցիչ արժեքն այդ տեսակետին նետված մարտահրավերներն են, որ պայմանավորված են մեզ շրջապատող այլ տեսակետների բազմազանությամբ»:
Միջոցառման մասնակիցների թվում էին երիտասարդ դիվանագետներ, ովքեր Հայաստանի դիվանագիտական ծառայության մաս են կազմել Դիվանագիտական դպրոցն ավարտելուց հետո, դիվանագետներ և միջազգային հարաբերությունների մասնագետներ, ովքեր մասնակցել են դպրոցի՝ «Դիվանագետների վերապատրաստում» ծրագրին:
Ներկա էին արտաքին գործերի նախարարի տեղակալները, ԱԳՆ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, Հայաստանի պետական այլ կառույցների` արտաքին հարաբերությունների ստորաբաժանումների ղեկավարներ, որոնցում ակտիվորեն աշխատում են Դիվանագիտական դպրոցի շրջանավարտներ։
ՏԵՂԵԿԱՆՔ. Հայաստանի Դիվանագիտական դպրոցը հիմնադրվել է 2010 թ-ին` ապագա և գործող դիվանագետների, ինչպես նաև պետական գերատեսչությունների արտաքին հարաբերությունների ստորաբաժանումներում աշխատող անձնակազմի վերապատրաստման նպատակով: Դպրոցը նախորդ տարիներին հաջողությամբ կատարել է այդ դերը` Արտաքին գործերի նախարարության և միջազգային դոնորների, այդ թվում` Եվրոպական միության և ԵԱՀԿ-ի անմիջական աջակցությամբ: 2013թ. մայիսին մեկնարկած քառամյա ծրագրի շրջանակներում ԵՄ-ն աջակցել է Դիվանագիտական դպրոցը բարձրակարգ դասախոսներով ապահովելուն, ապագա դիվանագետների ուսումնական այցերի, Եվրոպայում ՀՀ ներկայացուցչություններում երիտասարդ դիվանագետների աշխատանքային փորձաշրջանի կազմակերպմանը, ինչպես նաև այլ երկրների նմանատիպ հաստատությունների հետ Դիվանագիտական դպրոցի կապն ապահովող գործունեության իրականացմանը: