Դեկտեմբերի 7-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել գերմանական «Ophardt Hygiene Technologies» ընկերության սեփականատեր Հայներ Օփհարդտի գլխավորած պատվիրակության և «Babikian Design Concepts» ընկերության նախագահ Տիգրան Պապիկյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը:
Նախարարը ողջունել է Հայաստանում հականեխիչ նյութերի և դիսպենսեր սարքերի արտադրություն հիմնելու գաղափարը, նշել , որ, նաև, շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից նախաձեռնությունն օգտակար է: «Իրականում պետության զարգացման հիմքը շրջակա միջավայրն է, որովհետև, եթե չունենանք առողջ, նորմալ շրջակա միջավայր, չենք կարող նաև զարգացում ունենալ: Եվ, հետևաբար ցանկացած բիզնես, որն ուղղված է շրջակա միջավայրում մաքուր պայմաններ ստեղծելուն, նա կարող է ապահովել նաև հստակ զարգացում, իսկ հականեխիչների ձեր ներկայացրած ծրագիրն ուղղված է հենց այդպիսի միջավայր ստեղծելուն»,- նշել է Արծվիկ Մինասյանը:
Հայներ Օփհարդտը շնորհակալություն է հայտնել Արծվիկ Մինասյանին՝ դեռևս էկոնոմիկայի նախարար եղած ժամանակ ծրագրին հավանություն տալու և, ներկայում արդեն որպես բնապահպանության նախարար՝ համատեղ աշխատելու պատրաստակամության համար: Կազմակերպության տնօրենը նշել է, որ ուսումնասիրություններ պետք է կատարեն ոչ միայն Երևանում, այլ նաև առավել թիրախային մարզերում` իրականացնելով համապատասխան աշխատանքները: Գործարար Տիգրան Պապիկյանը ներկայացրել է մինչ արտադրության մեկնարկն իրականացվող աշխատանքները, նշել, որ արտադրության հիմնումը հնարավորություն կտա Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ և Իրան առողջապահական արտադրանքի արտահանումը, իսկ առաջնային նպատակն, իհարկե, առողջության և շրջակա միջավայրի բարելավման հարցերն են: