Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անցած շաբաթ օրը հայտարարեց, թե Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում: Նշենք, որ հենց այս կորպորացիան է տնօրինում Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը: Այս հեռանկարը խիստ մտահոգիչ է հայկական կողմի համար: Հիշեցնենք, որ այսպիսի խոսակցությունները Վրաստանի նախկին իշխանությունների օրոք` դեռեւս 2010-ին, էլի են հնչել, սակայն հայկական կողմին հաջողվել էր համոզել Վրաստանի իշխանություններին չգնալ նման քայլի: Ըստ ամենայնի, եղան որոշակի համաձայնություններ նաեւ ռուսական կողմի հետ տարանցման դիմաց Վրաստանին հատկացվող գազի քվոտաների վերանայման շուրջ:
Վտանգն այն է, որ գազատարն ամբողջությամբ գնելու մտադրության մասին արդեն բարձրաձայնել է ադրբեջանական նավթագազային «Soccar» ընկերությունը: Այսինքն` մեր երկրի համար ռազմավարական, կենսական նշանակության գազատարը շուտով կարող է դառնալ ադրբեջանցու սեփականություն, որը, տրամադրության անկմամբ պայմանավորված, երբեմն-երբեմն կարող է փակել գազի փականը, եւ մենք կզրկվենք գազի մատակարարումից:
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց այս հարցի շուրջ զրուցել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Չիչինաձեի հետ: Վերջինս պարզաբանեց, որ վաճառքի բուն գործընթացը չի սկսվել, գնորդների հայտեր էլ դեռեւս չկան: «Ադրբեջանական ընկերությունը մեզ մոտ գազային, տրանսպորտային որեւէ միջանցք չունի, եւ այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ նման հավանականությունը քիչ է»,- հուսադրեց վրացի պատգամավորը:
Իսկ ինչո՞վ է հիմա զբաղված Վրաստանում Հայաստանի դեսպանատունը. այնտեղ քար անտարբերություն է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեսպան Յուրի Վարդանյանը վերջին շրջանում անձնական-առողջական հարցերով հաճախ գտնվում է օտար երկրներում: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներից, սակայն հարցումները երեկվա դրությամբ անպատասխան մնացին:
«Ժողովուրդ» օրաթերթին վերջապես հաջողվեց մեկնաբանություն ստանալ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ Միհրան Պողոսյանից ապագայի հետ կապված նրա ծրագրերի եւ ԴԱՀԿ պետի ԺՊ Արմեն Հարությունյանի հետ լարված հարաբերությունների մասին: Մեր հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ պատրաստվում է ակտիվ քաղաքականություն մտնել, Մ. Պողոսյանը պատասխանեց. «Իմ անցած ուղին, փորձը եւ ունակություններն ինձ իրականում հնարավորություն են տալիս չկաշկանդվել ցանկացած ոլոտում կամ նախաձեռնությունում»: Իսկ Արմեն Հարությունյանի հետ հարաբերությունների մասին խոսելով՝ ասաց. «Նախկին ենթականերիս մեկնաբանելը կոռեկտ չեմ համարում»:
Դեկտեմբերի 3-ին տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի փակ նիստը, որի օրակարգի մասին «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Նոյեմբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ակտիվ քաղաքականություն վերադառնալու առաջարկը կքննարկվի այդ նիստում: Քաղխորհուրդը կքննարկի նաեւ ռեյտինգային ցուցակներում թեկնածուների առաջադրման հարցը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն հայտնի հավանական թեկնածուների մեջ կան ներկա եւ նախկին պատգամավորներ: Մասնավորապես հիշատակվում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի անունը` որպես Դավիթաշենի ռեյտինգային պատգամավորի թեկնածու: Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, նախկին պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը եւ Տիգրան Ստեփանյանը կլինեն Արարատի մարզի թեկնածուները, Գեղարքունիքի մարզում ռեյտինգային կարգով կառաջադրվեն նախկին մարզպետ Նվեր Պողոսյանը եւ նախկին պատգամավոր Հրանտ Մադաթյանը: Շիրակի թեկնածուն կլինի Վարդեւան Գրիգորյանը:
Շինարարության ծավալները Հայաստանում գնալով նվազում են: Այսպես՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ՀՀ-ում այս տարվա տասը ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները 9.8 տոկոսով նվազել են: Ասել է, թե այս տարվա տասը ամիսների ընթացքում իրականացվել է ավելի քան 275 մլրդ դրամի շինարարություն: Մասնավորապես նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվել է ավելի քան 28 մլրդ դրամի շինարարություն՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 26.3 տոկոսով: Ընդհանուր անկման տվյալներով՝ ամենաէական ազդեցությունն ունեցել է հենց այս ցուցանիշը: Ի դեպ, զգալիորեն՝ ամբողջ 37.7 տոկոսով, նվազել են նաեւ Հայ առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով իրականացված շինարարության ծավալները: Ասել է, թե եկեղեցիներ քիչ են կառուցվում:
ՊԱՐՏՎՈՂԱԿԱՆ
Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը երեկ պարզաբանել է «Россия сегодня»-ին տված հարցազրույցում Ս. Սարգսյանի արած հայտարարությունը ԼՂՀ ազատագրված 7 շրջանների վերադարձի վերաբերյալ: Հակոբյանը «Ազատությանն» ասել է. «Որեւէ տարածք վերադարձնելու մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում: Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման առաջարկի փաթեթն ամրագրում է ՀՀ-ի եւ ԼՂ միջեւ ցամաքային կապի անհրաժեշտությունը, որեւէ անկլավային կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող: Խոսքը Հայաստանը ԼՂ-ին միացնող սոսկ ցամաքային ճանապարհի մասին չէ, այլ լայն, անվտանգ եւ անխափան ցամաքային այնպիսի կապի, որը լիարժեք ապահովված կլինի Ադրբեջանի կողմից որեւէ ոտնձգությունից»:
Անշուշտ, լավ է, որ Ս. Սարգսյանի խոսնակը պարզաբանել է այս կարեւորագույն հարցի շուրջ նախագահականի դիրքորոշումը: Սակայն վատ է, որ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունն այնպիսի հարցազրույցներ է տալիս, որոնք հետո կարիք է լինում պարզաբանել, վերախմբագրել կամ էլ մոնտաժել, ինչպես որ դա եղավ այս հարցազրույցի դեպքում: Թեեւ մյուս կողմից էլ չի բացառվում, որ այս պարզաբանումն արված էր ընդամենը ներքին լսարանի համար, մինչդեռ բուն հասցեատիրոջը /հասցեատերերին/ ուղղված ասելիքն արդեն իսկ ասվեց Ս. Սարգսյանի հարցազրույցում: Եվ, առհասարակ, հետաքրքիր է, թե ինչու է Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հարցազրույցները տալիս օտարերկրյա ԶԼՄ-ներին եւ որեւէ անգամ այդպես էլ հարկ չի համարում հայկական լրատվամիջոցների հետ հանդիպել եւ պատասխանել ԼՂ հիմնախնդրի շուրջ նրանց հարցերին:
Այս իրավիճակում, սակայն, ամենաուշագրավն այն է, որ հայկական կողմից բացեիբաց, այն էլ որերորդ անգամ, խոսվում է տարածքները հանձնելու պատրաստակամության մասին, եւ զավեշտալի է հնչում, սակայն հիմա կարծես թե միակ վիճահարույց հարցն այն է՝ 5 շրջան ենք հանձնում, թե 7: Այսինքն՝ չհանձնելու տարբերակն առհասարակ չի դիտարկվում, եւ սա բավականին նորմալ է ընդունվում: Մինչդեռ Ադրբեջանում պաշտոնապես հայտարարում են, որ իրենց ամենամեծ հնարավոր զիջումը կարող է լինել Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակի տրամադրումը Ադրբեջանի կազմում: Եվ Ի. Ալիեւի այս հայտարարությունն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ողջունում է: Հայկական կողմի անհասկանալի վարքագծում վերջին շրջանում միակ շեղումը օգոստոսի 16-ին ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի արած հայտարարությունն էր, թե քանի դեռ Բաքվում չեն հստակեցրել՝ ինչ փոխզիջման են պատրաստ, Հայաստանում փոխզիջումների մասին խոսելը պարտվողկանություն է: Կիսելեւին տված հարցազրույցում Ի. Ալիեւը հստակեցրեց փոխզիջման իրենց չափը, ի պատասխան՝ Ս. Սարգսյանը խոսեց 7 շրջան վերադարձնելու մասին: Հիմա սա ինչ է, եթե ոչ պարտվողականություն: