ԲՀԿ-ՈՒՄ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ԿԱՐԾԵՍ ԱՐԴԵՆ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական թատերաբեմում հայտնված բոլոր ուժերը փորձում են ի մի բերել իրենց մտքերը եւ պատրաստվել սպասվելիք «հակամարտությանը»: Հերթը այս անգամ ԲՀԿ-ինն է: Դեկտեմբերի 3-ին տեղի է ունենալու ԲՀԿ խորհրդի ընդլայնված նիստ, որի դռները փակ են լինելու լրագրողների համար, ինչպես մյուս կուսակցությունների խորհրդի նիստերի դեպքում է լինում:

Այնուամենայնիվ, սպասելի է, իհարկե, որ խորհրդի նիստը տեղի է ունենալու բախումների մթնոլորտում, որովհետեւ ամեն մեկը փորձելու է իր դիրքերն ամրացնել կուսակցությունում, ասել է թե՝ մանդատի կռիվ է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ խորհրդի ընդլայնված նիստի ինտրիգային հարցը լինելու է Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հարցը: ԲՀԿ-ականները փորձելու են հստակեցնել՝ ինչպես է դա տեղի ունենալու, վերջ ի վերջո, գալո՞ւ է նախկին կուսակցապետը, թե՞ ոչ:
Ըստ էության խորհրդի օրակարգում ընդգրկված է լինելու երեք հարց:
Մեկը վերաբերելու է խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելուն: Որքան էլ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, որ դաշինքներ կարող են լինել միայն հավասարազոր քաղաքական ուժերի միջեւ, այնպիսի կուսակցությունների, որոնք գտնվում են միանման քաշային կատեգորիաներում, այնուամենայնիվ, այդ հարցի մասին ԲՀԿ-ականները պատրաստվում են քննարկում անցկացնել:
Մյուս հարցը վերաբերելու է, այսպես ասած, ռեյտինգային պատգամավորներին: ԲՀԿ-ում պատրաստվում են հստակեցնել, թե ում որտեղից պետք է առաջադրեն ռեյտինգային կարգով: Ինչպես հայտնի է՝ նոր ԸՕ-ով ԱԺ ընտրությունների ժամանակ մասնակից կուսակցություններից յուրաքանչյուրն ունենալու է առանձին քվեաթերթիկ: Ի տարբերություն ԸՕ նախագծի առաջին տարբերակի՝ քվեաթերթիկները ոչ թե տարբեր գույնի են լինելու, այլ միանման: ԱԺ ընտրության քվեաթերթիկի մի կողմում նշված են լինելու տվյալ քաղաքական ուժի անվանումը եւ համամասնական ցուցակի առաջին երեք անունները: Մյուս կողմում նշված են լինելու տվյալ ընտրատարածքում քաղաքական ուժի առաջադրած թեկնածուների անունները: Հենց այդ երեք թեկնածուներն էլ համարվելու են ռեյտինգային կարգով առաջադրվածները:
Տեղեկացնենք, որ ԱԺ ընտրությունների ժամանակ հանրապետությունը բաժանված է լինելու 13 ընտրատարածքների՝ չորսը՝ Երեւանում, մնացած ինը՝ մարզերում: Բացառությամբ Վայոց ձորի մարզի, որը Սյունիքի հետ մեկ ընտրատարածք է կազմելու, մնացած դեպքերում գործելու է մարզ-ընտրատարածք սկզբունքը: Երեւանի դեպքում ընտրատարածքները ձեւավորվելու են հետեւյալ կերպ՝ առաջին ընտրատարածք՝ Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ, երկրորդ՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն, երրորդ՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, եւ չորրորդ՝ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն:
«Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, թե ովքեր են ԲՀԿ-ից առաջադրվելու այդ ընտրատարածքներում` որպես ռեյտինգային թեկնածուներ: ԲՀԿ-ն հաշվի է առել իր թեկնածուների ճանաչումը եւ հարգվածությունը տվյալ համայնքներում եւ մարզերում: Այսպիսով՝ Երեւանի Դավիթաշեն համայնքում ԲՀԿ-ի ռեյտինգային թեկնածուն լինելու է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո), Աջափնյակում` ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանը, Քանաքեռ-Զեյթուն համայնքում` ԲՀԿ փոխնախագահ, քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը: Իսկ մարզերում բաշխվածությունը հետեւյալ տեսքն է ստանալու. Արմավիրի մարզում առաջադրվելու է երկու թեկնածու` Էջմիածին քաղաքում ԱԺ պատգամավոր Հրանտ Դավթյանը, իսկ Արմավիր քաղաքում Արայիկ Աղաբաբյանը: Արարատի մարզում ԲՀԿ-ն որոշել է եւս երկուսին առաջադրել՝ Մասիսում` Տիգրան Ստեփանյանի, իսկ Արարատում` նախկին պատգամավոր, ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի թեկնածությունները: ԲՀԿ ցուցակում Սյունիքի մարզից ընդգրկվելու են ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյանը եւ Արթուր Մարտիրոսյանը, որը Կապանի քաղաքապետի թեկնածու էր: Վերջինս եղել է նաեւ զորամասի հրամանատար: Եղեգնաձորում առաջադրվելու է Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը, Գեղարքունիքում ԲՀԿ-ի համար պայքարի մեջ են մտնելու նախկին մարզպետ Նվեր Պողոսյանը եւ նախկին պատգամավոր Հրանտ Մադաթյանը: Գեղարքունիքում ռեյտինգայինների մեջ կլինի նաեւ կոմունիստ, ԱԺ նախկին պատգամավոր Խորեն Սարգսյանը՝ Թռչունիչը:
Տավուշի մարզում ռեյտինգային ցուցանիշ է փորձելու ապահովել ԱԺ պատգամավոր Արմեն Ավետիսյանը: Կոտայքի մարզում առաջադրվելու են միանգամից երեք թեկնածուներ` ԱԺ պատգամավորներ, Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը, Մելիք Մանուկյանը եւ Արշակ Մխիթարյանը, բայց Ծառուկյանի վերադարձի դեպքում նրանց հարցը դեռ քննարկվելու է: Լոռու մարզի պարագայում ԲՀԿ-ն դեռ հստակեցումներ չի կատարել: Հնարավոր է՝ ԲՀԿ-ն «ստավկա անի» բժիշկ Այծեմնիկ Օհանյանի վրա: Վերջինս Վանաձորի ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ի ցուցակն էր գլխավորում: Շիրակի մարզում ԲՀԿ ներկայացուցիչը Գյումրու ՏԻՄ ընտրություններին կուսակցության ցուցակը գլխավորած Վարդեւան Գրիգորյանն է լինելու, ում հաջողվեց այդ ընտրություններում ավելի քան 10 հազար ձայն ստանալ Գյումրի քաղաքում: Եւ, վերջապես, Արագածոտնի մարզից առաջադրվելու է ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
ԲՀԿ-ում կա տեսակետ, որ կուսակցության քաղաքական «կորիզը»` Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ էլի մի քանիսը եւս պետք է ռեյտինգային ընտրակարգով առաջադրեն իրենց թեկնածությունը` իրենց վարկանիշը չափելու համար: Վերջում չստացվի նաեւ այնպես, որ ռեյտինգայինները ապահովեցին ԲՀԿ-ի ձայները, իսկ իրենք ԱԺ մտան նրանց ձայների շնորհիվ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ի համագումարը կկայանա փետրվարից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում: Այդ իսկ պատճառով ԲՀԿ-ականները դեռ շտապելու պատճառ չունեն: Նրանք հանգիստ ծանր ու թեթեւ են անում: Թե ինչ եզրահանգման կգան ԲՀԿ-ականները, հայտնի կլինի համագումարից հետո: Չի բացառվում նաեւ, որ ԲՀԿ-ի ցուցակը էական փոփոխություններ կրի Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՐՑՈՎ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները շարունակում են բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ակտիվ քաղաքականություն վերադարձնելու ուղղությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին օրերին կուսակցության տարբեր ներկայացուցիչներ, պատգամավորներ ամենատարբեր առիթներով հանդիպում են Գ. Ծառուկյանի հետ եւ առաջարկում ընդունել ԲՀԿ-ականների հորդոր-խնդրանքները եւ վերադառնալ: Գործարար-պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, սակայն, չի շտապում երկար սպասված վճռական պատասխանը հնչեցնել, նա թերեւս վերջնական որոշումը չի կայացրել:
Մեզ հաջողվեց պարզել, որ Ծառուկյանին համոզելու առաքելությամբ վերջերս նրան է հանդիպել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը: Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ հանդիպել է, սակայն նրա հետ քաղաքականություն վերադառնալու մասին չի զրուցել. «Հանդիպել եմ իր հետ անձնական հարցով, եւ էդ հարցից բացի այլ հարցով չենք խոսել»:

 

 

ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՉԻ ԼԻՆԻ
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ իշխող ՀՀԿ-ի վերնախավում արդեն իսկ կայացվել են մի քանի պատգամավորների մասով որոշումները: Մասնավորապես ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը 2017 թվականի խորհրդարանում այլեւս չի լինի: Բայց նրան իշխանությունները ձեռնունայն չեն թողնի. գործադիրում պաշտոն կստանա: Թե ինչ պաշտոն կզբաղեցնի, մեզ պարզել չհաջողվեց: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սուքիաս Ավետիսյանը, անդրադառնալով տեղեկություններին, ասաց. «Նման խոսակցություն ոչ մի տեղ ոչ մեկի հետ տեղի չի ունեցել, ես Ձեզանից եմ առաջին անգամ լսում»:
Իսկ կցանկանայի՞ք լինել 2017 թվականի խորհրդարանում, մեր այս հարցին պատգամավորը պատասխանեց. «Ես ինձ տեսնում եմ, բայց որոշելու է թիմը, թիմի ղեկավարը»:

 

 

ՊԱԿԱՍ ՓՈՂԵՐ
Այս տարվա հոկտեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 60 մլրդ 400 հազար դոլար: Նկատենք, որ անցած տարվա հոկտեմբերի համեմատ՝ Հայաստան ուղարկված դրսի փողերի՝ տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է 21 մլն 568 հազար դոլարով: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ հոկտեմբերին եւս տրանսֆերտները շարունակել են անցած տարվա համեմատ նվազել:
Այս տարվա տասը ամիսների արդյունքներով՝ տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 556 միլիոն 540 հազար դոլար: Մինչդեռ 2015 թվականի տասը ամիսների արդյունքներով՝ տրանսֆերտների ներհոսքը կազմել էր 738 միլիոն 16 հազար դոլար: Իսկ ահա ՌԴ-ից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը այս տարվա հոկտեմբերին եղել է 49 մլն 41 հազար դոլար, որը 2015 թվականի հոկտեմբերին կազմել է 66 մլն 1 հազար դոլար, իսկ ԱՄՆ-ից այս տարվա հոկտեմբերին ստացված զուտ ներհոսքը կազմել է 5 մլն 393 հզ. դոլար, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում կազմել է 8 մլն 411 հզ. դոլար:

 

 
ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ
Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարներ Վիգեն Սարգսյանը եւ Սերգեյ Շոյգուն նոյեմբերի 30-ին ստորագրել են երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագիրը: Ինչպես նշել է Վիգեն Սարգսյանը՝ զորախումբը կներառի Հայաստանի տարածքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը եւ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ: Երկու երկրների պաշտպանության նախարարները նաեւ ստորագրել են 2017թ. համագործակցության պլանը:

 

 

ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ
Երեկ Հայաստանում անցկացվել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 21-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել է ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային միասնական անվանացանկին համապատասխան առանձին ապրանքատեսակների դասակարգման եւ միության տարածքով տարանցման ժամանակ երաշխիքային մեխանիզմների հարցը: Դիտարկվել են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի միասնականացման եւ ապրանքների կոդերի միավորման հնարավորությունները: Ուշադրության կենտրոնում են եղել օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման պայմանների խախտումների քանակի նվազմանն ուղղված միջոցառումները: Նիստի ընթացքում կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը Հայաստանի կողմից ընտրվել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նախագահի տեղակալ:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 21-րդ նիստին մասնակցելու նպատակով: Սարգսյանը հույս է հայտնել, որ նիստում քննարկված արդիական հարցերն ու կայացված որոշումները կնպաստեն առկա խնդիրների լուծումն առաջ մղելուն եւ այն նպատակների իրագործմանը, որ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում իրենց առջեւ դրել են Միության անդամ պետությունները:

 

 

ՁՆԱԳՆԴԻ ՆՄԱՆ ԱՃՈՂ
2017-ի տարեվերջին Հայաստանի պետական պարտքն ակնկալվում է 6 մլրդ 245 մլն դոլարի չափով: Այս մասին երեկ հայտնել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ըստ նրա՝ 2016-ի տվյալներով՝ պետական պարտքն ակնկալվում է 5 մլրդ 849 մլն դոլար: Խոսքը կառավարության եւ Կենտրոնական բանկի ընդհանուր արտաքին եւ ներքին պարտքի մասին է: Նախարարի խոսքով՝ այս ցուցանիշը կանխատեսվող է եւ կարող է փոփոխվել արժույթի փոխարժեքի տատանումներից կախված:




Լրահոս