ՆԱԽԿԻՆ ԵՆԹԱԿԱՆԵՐԻՍ ՄԵԿՆԱԲԱՆԵԼԸ ԿՈՌԵԿՏ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ Միհրան Պողոսյանի ապագայի հետ կապված ծրագրերին՝ հայտնել էր, որ օֆշորային սկանդալում հայտնված նախկին պաշտոնյան մտադիր է կա՛մ վերադառնալ նախկին պաշտոնին, կա՛մ մտնել ակտիվ քաղաքականություն եւ որ իր ընտրությամբ ԴԱՀԿ պետի ԺՊ նշանակված Արմեն Հարությունյանի հետ լարված հարաբերություններ ունի:

«Ժողովուրդ»-ն ամեն կերպ փորձել էր մեկնաբանություն ստանալ Մ. Պողոսյանից եւ երեկ վերջապես հաջողվեց ստանալ որոշ հարցերի պատասխաններ:
-Պարո՛ն Պողոսյան, վերջին շրջանում հրապարակումներ եղան, որ ԴԱՀԿ-ում անառողջ մթնոլորտ է ձեւավորվել, ծառայության հնաբնակները զանգվածաբար հեռանում են կառույցից: Իսկ ԴԱՀԿ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանը ԴԱՀԿ պետի ԺՊ Արմեն Հարությունյանին հրապարակավ մեղադրեց ստախոսության եւ կոռուպցիոն քայլերի գնալու մեջ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Բնականաբար, հարկադիր կատարման ծառայությանը վերաբերող ոչ մի հարցում չեմ կարող անտարբեր լինել: Հպարտությամբ փաստում եմ, որ իմ ղեկավարման տարիներին ԴԱՀԿ-ը ներկայացել է որպես բոլոր առումներով կայացած կառույց: Իմ եւ գործընկերներիս ջանքերով ծառայությունը ներկայանալի եւ վստահելի գործընկերոջ համբավ ձեռք բերեց միջազգային հեղինակավոր հարթակներում: Կազմակերպվել է երկու միջազգային գիտագործնական համաժողով, որոնց մասնակցել են շուրջ 16-18 երկրների ներկայացուցիչներ: 2015թ.-ին ՀՀ հարկադիր կատարման ծառայությունը դարձավ Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ: Սա իսկապես լուրջ ձեռքբերում էր Հայաստանի համար: Ավելին՝ Միության այս տարվա լիագումար նիստը նախատեսված էր անցկացնել Երեւանում: Ցավոք, ապրիլյան պատերազմը այլընտրանք չթողեց, քան այս միջոցառման անցկացումը Հայաստանում չեղարկելը: Կայացվածության առումով չեմ ցանկանա կետ առ կետ անդրադառնալ ծառայության տարբեր բաժինների կամ ենթակառուցվածքների աշխատանքին, հերթական անգամ նշել, որ, օրինակ, նույն ՏՏ տեխնոլոգիաների կամ էլեկտրոններդման առումով ծառայությունը առաջինն է եղել ԱՊՀ եւ եվրոպական մի շարք երկրներում:
Ի դեպ, վերջին շրջանում բավականին քննարկող պարտապաններին իրազեկման համար մշակված տելեգրամ համակարգի ԴԱՀԿ բոտը 2015 թվականի վերջին հաջողությամբ շահագործման հանձնեցինք, որը եւս կարեւորագույն ձեռքբերում է: Մի խոսքով, արվել է հսկայական աշխատանք՝ սկսած արագ սպասարկման գրասենյակների բացումից մինչեւ կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրումը, ալիմենտային վարույթներով գործերում հոգեբաններին ներգրավելը, ինչը եւս աննախադեպ էր պետական գերատեսչության համար: Իրականում թվարկելու շատ բան կա, որի համար ես միայն հպարտ եմ…
-Այնուհանդերձ, չմեկնաբանեցիք ԺՊ-ին վերաբերող հատվածը: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ գրել էր, թե վերջերս հոգեհանգստի արարողության ժամանակ Ձեզ մոտ եք կանչել Արմեն Հարությունյանին եւ բոլորի ներկայությամբ նախատել նրան…
-Բացարձակապես կոռեկտ չեմ համարում Ձեր նշած հրապարակումը որեւէ կերպ մեկնաբանելը, առավել եւս, երբ խոսքը իմ նախկին ենթակայի մասին է: Ինձ ճանաչողները հրաշալի գիտեն սկզբունքներս ու արժեքային այն համակարգը, որից այն կողմ ոչ մի պարագայում ինձ թույլ չեմ տա անցնել, ինչը եւ առաջնային պայման եմ համարել եւ համարում աշխատանքային առողջ ու արդյունավետ մթնոլորտ ունենալու համար:
-ՀՀԿ համագումարին, ըստ էության, չհերքեցիք, որ առաջադրվելու եք գալիք խորհրդարանական ընտրություններին: Ձեզ ոչինչ չի՞ կաշկանդում մտնել ակտիվ քաղաքականություն:
-Նախ՝ չհերքելը դեռեւս չի նշանակում հաստատել: Երկրորդ՝ իմ անցած ուղին, փորձը եւ ունակությունները ինձ իրականում հնարավորություն են տալիս չկաշկանդվել ցանկացած ոլորտում կամ նախաձեռնությունում:

Զրուցեց ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

 

 

 
ԶՈՐԱԿՈՉԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՎ
Նոյեմբերի 23-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ բացահայտվել է առողջական խնդիրների պատճառաբանությամբ, կեղծիքների միջոցով 2010-2015թթ. զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու 32 դեպք, որոնց հետ կապված մեղադրանքներ են առաջադրվել 12 անձի, եւս մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ըստ քննչական կոմիտեի՝ Երեւանի մի բնակչուհի, չունենալով մշտական կամ ժամանակավոր աշխատանք, զարտուղի ճանապարհով, խարդախությամբ գումար վաստակելու նպատակով, տարբեր քաղաքացիների ներկայացել է որպես ՀՀ զինված ուժերի նախկին աշխատակից, գործող բուժհաստատություններում ազդեցիկ ծանոթներ ունեցող անձ եւ իր ծառայություններն առաջարկել ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից ազատվելու ցանկություն ունեցող անձանց՝ խոստանալով տարբեր չափերի գումարների դիմաց տարկետումներ տրամադրել, որոշ դեպքերում նաեւ ընդհանրապես ազատել զորակոչից:
Քննության տվյալներով՝ նշված կինն ընդհանուր առմամբ համաձայնություն է ձեռք բերել մոտ երեք տասնյակ անձանց հետ: Ըստ կոմիտեի՝ այս առիթով դատարան է ուղարկվել երկու քրեական գործ, երրորդ քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է: Մինչ իրավապահները քննում են մյուս դեպքերը, «Ժողովուրդ»-ին քննչական կոմիտեի քննիչների կողմից դատարան ուղարկված գործից որոշ մանրամասներ հայտնի դարձան: Եվ այսպես՝ քաղաքացի Կարինե Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. մայիսի վերջերին իր ծանոթ Աշոտ Գրիգորյանի միջոցով ծանոթացել է Սաթենիկ Սարգսյանի հետ եւ առաջարկել 2 միլիոն 864.160 ՀՀ դրամ գումարին համարժեք 6000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց Խաչիկ Խաչատրյանին ստացիոնար բուժման նպատակով «պառկեցնել» եւ զինծառայությունից ազատել: Նկատենք, որ Կարինե Խաչատրյանը այս գործընթացի մեջ է ներգրավել նաեւ իր ամուսնուն` Արգամ Սիմոնյանին:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ վերոնշյալ աղմկալի գործը չէր կարող գլուխ գալ առանց ՊՆ համապատասխան պաշտոնյաների աջակցության: Եվ ահա, ինչպես տեղեկանում ենք այս աղմկահարույց գործից, խառնվել են նաեւ ՀՀ ՊՆ N զորամասի աշխատակիցները: Պարզվում է` ՀՀ ՊՆ N զորամասի ուռոլոգիական բաժանմունքի օրդինատոր-սեքսապաթոլոգ, կոչումով բ/ծ կապիտան Աշոտ Սիմոնյանը, օժտված լինելով մի շարք լիազորություններով, 2015թ. մայիսին միջնորդ Երվանդ Կարապետյանի հետ համաձայնություն է ձեռք բերել ԼՂՀ ՊԲ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Խաչատրյանին ստացիոնար բուժման ընդունել: Ասել է, թե ՊՆ աշխատակիցը իր պաշտոնեական դիրքը օգտագործելով՝ օգնել է վերոնշյալ անձանց:
Հիշեցնենք` «Ժողովուրդ»-ը գրել էր, որ նոյեմբերի 22-ին ՀՀ ՊՆ ՌՈ բաժին էր հրավիրվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի մի բնակիչ եւ իրավապահներին պատմել, թե ինչպես է ինքը խաբվել Երեւանի բնակչուհու կողմից: Ըստ Դիլիջանի բնակչուհու` իրեն ներկայացած կինը ասել է, թե ինքը գործող բուժհաստատություններում ազդեցիկ ծանոթներ ունի, կարող է օգնել: Ինքն էլ հավատալով՝ նրան է փոխանցել յոթ հազար ԱՄՆ դոլար, որ իր որդուն նույն թվականի ամառային զորակոչից երեք տարի ժամկետով տարկետում ձեւակերպի: Բայց չի ստացվել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԷԼԻ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ
Նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 45 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 360 կրակոց: Շփման գծի արեւելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (10 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ):

 

 

ԳԱԶԸ ՉԻ ԹԱՆԿԱՆԱ
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե «Գազպրոմ Արմենիայի» առաջիկա 3 տարիների ներդրումային ծրագրից ակնհայտ է դառնում, որ 2018 թվականին գազի սակագինը կրկին բարձրացնելու կարիք կառաջանա, քանի որ 2018թ. համար նախատեսվում է անել 18 միլիարդ դրամի ներդրում (2017-ին նախատեսված է 13.6 միլիարդ դրամի), ինչը պետք է ներառվի սակագնի մեջ, հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «2018-ից գազի սակագինը չի բարձրանա, քանի որ արդեն իջեցված սակագնի հայտով հաշվի են առնվել նաեւ այդ բոլոր ներդրումները: Բնական գազի սակագների վերանայման հայտով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀԾԿՀ-ին դիմել էր նոյեմբերի 1-ին, ընդ որում, ընկերությունը հաշվի է առել նաեւ հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացված 2017-2019 թթ. ներդրումային ծրագրով նախատեսվող ներդրումները»:

 

 

«ՆԱԻՐԻՏԸ» ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԵՑ
«Նաիրիտ» գործարանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: 2017 թվականի հունվարի 25-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր գործարանի սնանկության գործով դատական հերթական նիստը: Սակայն lurer.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 28-ին նույն դատարանում տեղի է ունեցել արագացված դատական նիստ: Թե որն է եղել դատական նիստն առաջ գցելու պատճառը, հայտնի չէ: Նշենք, որ «Նաիրիտ»-ին դատի էր տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն՝ պահանջելով գործարանի կողմից սպառած էլեկտրաէներգիայի վճարները եւ գործարանը սնանկ ճանաչել: Դատավոր Արմեն Չիչոյանը բավարարել է հայցվորի դիմումը եւ գործարանը սնանկ է ճանաչել:

 

 

ՍՈՒԼԹԱՆԻԶՄ
Ադրբեջանում համացանցում երկրի նախագահի դեմ հնչեցրած վիրավորանքների համար սպասվում է քրեական պատասխանատվություն: Նման որոշում է ընդունել երկրի խորհրդարանը գլխավոր դատախազ Զաքիր Գարալովի առաջարկով: Նախկինում Ադրբեջանի օրենսդրությունը պատիժ նախատեսում էր ԶԼՄ-ներում նախագահին վիրավորելու համար: Այժմ հոդվածում ավելացել է նաեւ «տեղեկատվական ինտերնետ-ռեսուրսներում» եզրը: Օրինախախտներին սպասվում է 500-1000 մանաթ (շուրջ 280-570 դոլար) տուգանք կամ երկու տարի ուղղիչ աշխատանք կամ 2 տարվա ազատազրկում: Ընդ որում, առավել խիստ պատիժ է սպասվում նրանց, ովքեր նախագահի հասցեին համացանցում վիրավորանքներ կհնչեցնեն կեղծ օգտահաշիվներից: Նրանց սպասվում է 1000-1500 մանաթ (շուրջ 570-850 դոլար) տուգանք կամ մինչեւ 3 տարվա ազատազրկում:

 

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Անկարայից Ռեջեփ Էրդողանի վերջին հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ թուրքական զինուժը Սիրիա է մտել՝ նախագահ Ասադի վարչակազմը տապալելու համար: «Սա իսկական նորություն էր մեզ համար, շատ լուրջ հայտարարություն, որը, ընդհանուր առմամբ, հակասում է նախորդներին եւ Ռուսաստանի մոտեցումներին, – հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով,-Ռուսաստանը միակ երկիրն է, որի զինված ուժերը լեգիտիմ հիմունքներով են Սիրիայի տարածքում այդ երկրի լեգիտիմ իշխանությունների խնդրանքով: Հուսով ենք, որ առաջիկայում ինչ-որ պարզաբանումներ կստանանք մեր թուրք գործընկերներից», – ասել է Պեսկովը եւ հավելել, որ մինչ այդ Կրեմլը կխուսափի հետեւություններ անելուց:




Լրահոս