ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆՎԱԶԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած օրերս ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ներկայացրած տնտեսական «վարդագույն» ցուցանիշներին, իրականությունը շատ ավելի մռայլ է, եւ դա փաստում են ոչ թե ընդդիմադիր գործիչները կամ փորձագետները, այլ հենց պետական օղակները՝ ի դեմս Ազգային վիճակագրական ծառայության: Մասնավորապես երկրի տնտեսության համար կարեւոր ճյուղերից մեկի՝ շինարարության ծավալների նվազումը ոչ մի կերպ չի տեղավորվում Սարգսյանի ներկայացրած վարդագույն պատերի մեջ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա տասը ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները 9.8 տոկոսով նվազել են: Այսինքն՝ այս տարվա տասը ամիսների ընթացքում իրականացվել է ավելի քան 275 մլրդ դրամի շինարարություն: Մասնավորապես նշված ժամանակաընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվել է ավելի քան 28 մլրդ դրամի շինարարություն: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարի պետբյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալները 26.3 տոկոսով նվազել են: Ընդհանուր անկման տվյալների վրա ամենաէական ազդեցությունն ունեցել է հենց այս ցուցանիշը: Իսկ, ահա, համայնքների բյուջեով իրականացված շինարարության ծավալները, հակառակը, ավելացել են 16,9 տոկոսով: Միջազգային վարկերով իրականացված շինարարությունը նույնպես ավելացել է 18.8 տոկոսով, այդ թվում՝ Համաշխարհային բանկի միջոցներով իրականացված շինարարության ծավալները, որոնք ավելացել են 22.8, եւ Ասիական զարգացման բանկի միջոցներով իրականացված շինարարական աշխատանքները, որոնց ծավալներն աճել են 36.1 տոկոսով: Նկատենք, որ միջազգային վարկերով իրականացված շինարարության ծավալի ավելացումը հիմնականում պայմանավորված է ծրագրային միջոցներով, որոնք հատկացվել են անցյալ տարի կամ մի քանի տարի առաջ: Դա կարող է լինել հյուսիս-հարավ ճանապարհի կամ ջրամաբարների վերակառուցման ծրագրի շրջանակներում:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 8.1 տոկոսով նվազել են բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալները: Ի դեպ, զգալիորեն՝ ամբողջ 37.7 տոկոսով, նվազել են նաեւ Հայ առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով իրականացված շինարարության ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նկատեց, որ շինարարության մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ այն կապված է արտաքին կամ ներքին, պետական կամ մասնավոր ներդրումների հետ: Դրանից ելնելով է մակրոտնտեսական գնահատական կամ տնտեսական միջավայրի գնահատական տալու առումով շինարարությունն ինդիկատոր հանդիսանում. «Ասենք, եթե շինարարության աճ չկա, եթե նոր հիմնական, կառույցների գործարկում չկա, դա նշանակում է, որ երկրում իսկապես ներդրումային վիճակը եւ կապիտալի կուտակման խնդիրները վտանգավոր սահմանների են հասել: Իսկ դա էլ արդեն նշանակում է, տնտեսագիտորեն ասեմ, ընդլայնված վերարտադրության կասեցում, այն, ինչ այսօր փաստում է նաեւ վիճակագրական մեկ այլ տվյալ` տնտեսական ակտիվության կամ համախառն ներքին արդյունքի զրոյի մոտ ցուցանիշը»: Խաչատրյանի խոսքով` այս ցուցանիշի նվազումը փաստում է նաեւ, որ մարդիկ ուղղակի ապագայի նկատմամբ կասկածներ ունեն եւ իրենց միջոցները օգտագործում են ոչ թե ապագային միտված ծրագրեր իրականացնելու համար, այլ ընդամենը այդ գումարները ծառայեցնում են իրենց առօրյա խնդիրները լուծելուն.«Պետական մակարդակով դա կոչվում է բյուջետային առօրյա ծախսեր` աշխատավարձ, նյութական ծախսեր, վառելիք, իսկ առօրյա կյանքում էլ, սովորական քաղաքացու համար, դա նշանակում է ընդամենը ընտանիքի մինիմալ պահանջների բավարարում, որը կապված է սննդամթերքի գնման կամ խիստ անհրաժեշտ կոմունալ ծախսերի վճարման հետ: Իհարկե, եթե գումար է ավելանում, կարող է ծախսել երկարաժամկետ տնային ապրանքների գնման համար, բայց ոչ ավելի երկարաժամկետ ծրագրերի իրականացման, որը հենց կարող էր հանդիսանալ շինարարությունը, հանձինս իր կապիտալ շինարարության ծրագրերի»,- նշեց Խաչատրյանը:
Շինարարության ծավալների աճ մոտ ապագայում տնտեսագետը չի կանխատեսում: Վ. Խաչատրյանը նկատում է, որ այս բյուջեով արդեն երեւում է, որ շինարարության ծավալների նվազումը կշարունակվի. «Եթե նայեք 2017 թվականի բյուջեն, այնտեղ ամենակարեւոր ցուցանիշներից մեկը ներդրումներ-համախառն ներքին արդյունք հարաբերությունն է, որը մեզ նման երկրների համար պետք է լիներ մոտ 35 տոկոս, եթե մենք ցանկանում ենք իսկապես զարգացում ապահովել եւ դուրս գալ այս իրավիճակից: Հիմա մեզ մոտ 19.1 տոկոս է նախատեսված, իսկ նվազագույնը պետք է լինի 25 տոկոս: Եկող տարվա համար երեւում է, որ շինարարության տեմպերի ակնկալվող ինչ-որ մեծացում չի նախատեսվում, որովհետեւ կապիտալ ներդրումների ծավալներն ավելի են պակասելու համախառն ներքին արդյունքում»:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ԹԱՆԿ ԳԱԶԸ ՏԱՎՈՒՇՑԻՆԵՐԻՆ «ՎԱՌԵԼ Է»
Տավուշի մարզի սահմանամերձ, սոցիալական արտոնություններից օգտվող գյուղերի բնակիչներն իրենց սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի դիմաց վճարում են կես գնով, մնացած գումարը փոխհատուցվում է պետբյուջեից: Սահմանագոտու բնակիչների համար առկա են բնական գազի եւ էլեկտրաէներգիայի առավելագույն չափաքանակներ, որոնք գերազանցելու դեպքում զեղչված սակագները չեն գործում: Ի տարբերություն բնական գազի եւ էլեկտրաէներգիայի՝ ավտոմեքենաները լիցքավորելու համար նախատեսված գազի գները Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների մոտ դժգոհության տեղիք են տալիս: Բանն այն է, որ Նոյեմբերյանի, Իջեւանի, Դիլիջանի տարածաշրջանների ավտոգազալցավորման ճնշման կայաններում մեկ խմ գազը վաճառվում է 200 դրամով: Մինչդեռ, օրինակ, Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի ԱԳԼՃԿ-ներում մեկ խմ գազի գինը 170 դրամ է: Նշենք, որ Նոյեմբերյանի տարածաշրջանով է անցնում ռուսական գազը ՀՀ ներմուծող մայրուղային գազատարը, որից էլ սնուցվում են Հայաստանի ավտոգազալցավորման ճնշման կայանները: Եթե հաշվի առնենք այն, որ գազի ինքնարժեքին ավելանում է դրա տեղափոխման ծախսը, տնտեսագիտական օրենքներով Նոյեմբերյանի տարածաշրջանում, ընդհանրապես Տավուշի մարզի տարածքում ավտոմեքենաների լցավորման գազը պետք է ավելի էժան լիներ, քան Սեւանում, սակայն հակառակն է: Ակնհայտ է, որ ՀՀ-ում տնտեսագիտական օրենքները չեն գործում, գործում են չգրված այլ օրենքներ: Զարմանալի է նաեւ, որ Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Բերդի տարածաշրջանի ավտոմեքենաների գազալցավորման կայաններում մեկ խմ գազի գինը 180 դրամ է, ավելի էժան, քան Տավուշի մարզի այլ տարածաշրջաններում, որոնց տարածքով է ձգվում Հայաստանը սնուցող ռուսական գազատարը: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գարեջրի շուկան է ուսումնասիրել եւ խոշոր տուգանքներ նշանակել, թեեւ Հայաստանի գարեջրի շուկայում մրցակցություն կա: Լավ կլիներ, որ այդ հանձնաժողովն ուսումնասիրեր եւ պարզեր, թե ինչու է սահմանամերձ Տավուշի մարզում ավտոմեքենաները լիցքավորող գազը այլ մարզերի համեմատ թանկ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
ՀՀ առողջապահության նախարարությունը առողջության առաջնային պահպանման օղակի բժշկական հաստատություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված հակաուռուցքային, հակագերճնշումային, հակախոլեստերինային, աչքի եւ ականջի հակաբորբոքային եւ ցավազրկող կաթիլներ, միզամուղ, ալցհեյմերի հիվանդության ժամանակ կիրառվող, հակաբիոտիկներ, հակավիրուսային, հակախոցային, հակադիաբետիկ, պարկինսոնիզմ հիվանդության ժամանակ կիրառվող դեղեր, ինչպես նաեւ օպտիկական ակնոցներ: ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը եւ արդյունավետությունը: Մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվելու են բոլոր հիվանդներին՝ ըստ բժշկական ցուցումների, անկախ սոցիալական խմբի պատկանելությունից:

 

 
«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶ»-Ը ՔՑԵԼ Է ՀԷՑ-ԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Գլենդել Հիլզ» ընկերությունը դեռ չի մարել «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին ունեցած ավելի քան 134 մլն դրամի պարտքը: Տեղեկացնենք, որ «Գլենդել Հիլզ»-ը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի վճռով ճանաչվել է սնանկ: Իսկ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել ՀԷՑ-ը: «Ժողովուրդ»-ին ՀԷՑ-ից տեղեկացրին, որ «Գլենդել Հիլզ» ընկերությունը այս տարվա ընթացքում վճարում չի արել: Դրա պատճառներն իմանալու նպատակով մենք դիմեցինք ընկերություն եւ հետաքրքրվեցինք, թե ե՞րբ է ընկերությունը նախատեսում մարել պարտքերը: Սակայն ընկերությունից պատասխանեցին, որ մեր հարցերը թողնում են անպատասխան: Ի դեպ, որոշ տեղեկություններով՝ «Գլենդել Հիլզ»-ը կապ ունի նաեւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ: Այդ կապը իրականացվել է սփյուռքահայ գործարար Վահե Յաղուբյանի միջոցով, որը փաստացի ներկայացել է որպես ընկերության սեփականատերերից մեկը եւ ժամանակին աշխատել է «Հարությունյան եւ գործընկերներ» իրավախորհրդատվական ընկերությունում, արդարադատության նախարարությունում (Դավիթ Հարությունյանի օրոք), ինչպես նաեւ քավոր-սանիկական կապեր ունի Դավիթ Հարությունյանի հետ:

 

 

ԱՄԱՆՈՐՅԱ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ ֆինանսական խախտումներ է թույլ տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պարզեցված ընթացակարգով իրավապահ այդ կառույցը գնել է ամանորյա նվերներ: Բայց դրանց գնման գործընթացը ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնի կողմից բացասական եզրակացություն է ստացել: Ըստ այդմ, հրավերի «Մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշի գնահատման կարգով սահմանված համանման համարվող տնտեսական գործունեության տեսակը չի համապատասխանել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված պահանջներին: Բացի այս՝ գնման առարկայի տեխնիկական բնութագրում հղում է կատարվել ֆիրմային անվանմանը, ինչը չի համապատասխանում օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջներին: Նաեւ գնման առարկայի տեխնիկական բնութագիրը չի համապատասխանել օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին:




Լրահոս