ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 25-ի որոշումը հնարավոր է` ազդի նաեւ ՀՀ գազալցակայաններում վաճառվող գազի գնի վրա: Ըստ որոշ տնտեսվարողների՝ գազալցակայաններում գազի գինը, որի 1 խմ-ն այժմ վաճառվում է 190-200 դրամով, հնարավոր է` հունվարի 1-ից 5-20 դրամով նվազի:
Նշենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 25-ի նիստում քննարկվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման հարցը: Հանձնաժողովը միաձայն որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները: Ըստ ՀԾԿՀ որոշման՝ ամսական 10 հազար խմ եւ ավելի սպառման դեպքում տնտեսվարողները սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար կվճարեն 242.1 դոլարին համարժեք դրամ:
ՀՀ գազալցակայանների աշխատակիցների խոսքերով` հենց այս որոշումը կազդի նաեւ որպես վառելիք կիրառվող սեղմված գազի սակագնի վրա, քանի որ գազալցակայանները ամսական 100 եւ ավելի հազար խմ գազ են սպառում: ՀՀ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի գազալցակայանի հաշվապահ Էդիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ որպես վառելիք սեղմված գազի ձեռք բերման գինը դոլարի փոխարժեքի տատանման հետ կապված տարբեր ամիսներին տարբեր է լինում: «Օրինակ՝ անցած ամիս 1 խմ-ի գինը կազմել է 121 դրամ: Բայց այս ամիս այն թանկ կլինի՝ 1 խմ-ն 124-126 դրամ: Հիմա քննարկումների մեջ ենք գազալցակայանում գազի սակագնի նվազեցման թեմայի շուրջ: Բայց եթե այդ նոր սակագներով հաշվարկենք, ապա էժանացումը չնչին կլինի եւ այդքան էլ մեծ ազդեցություն չի ունենա սպառողի գրպանի վրա»,- ներկայացրեց Էդիկ Հարությունյանը:
Իսկ ահա ոլորտի որոշ տնտեսվարողների կարծիքով` ՀԾԿՀ որոշման արդյունքում գազալցակայաններում գազի սակագինը չնչին չափով կնվազի միայն ակցիզային հարկի պատճառով: Նշենք, որ այս տարվա մայիսի 1-ից ուժի մեջ է մտել «Ակցիզային հարկի» մասին փոփոխված եւ լրացված ՀՀ օրենքը, համաձայն որի` բարձրացել է ծխախոտից, ալկոհոլից, բենզինից եւ դիզվառելիքից գանձվող ակցիզային հարկը: Ինչպես նաեւ ակցիզային հարկ է սահմանվել որպես վառելիք օգտագործվող սեղմած գազի համար (8.330 դրամ 1000 մ3-ի համար):
Բանն այն է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո խնդիր է դրված ներդաշնակեցնել բոլոր անդամ պետությունների ակցիզային հարկի դրույքաչափերը ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, վառելիքի, այդ թվում նաեւ որպես վառելիք օգտագործվող սեղմված գազի մասով: Արդյունքում Հայաստանում վերանայվել են այս ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը, մինչ այդ դրանք ՀՀ-ում մոտ 4 անգամ ավելի ցածր էին ԵՏՄ անդամ երկրների դրույքաչափերից:
Ինչպես եւ կանխատեսվում էր` «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները նոր ֆինանսական բեռ են ստեղծել թե՛ տնտեսվարողների, թե՛ սպառողների համար: Եւ այդ ամենի արդյունքում բենզինի ու գազի գների բարձրացումը անհետեւանք չի մնացել:
Բացի այս՝ գազալցակայանների բիզնեսով զբաղվող տնտեսվարողների պնդմամբ՝ վերջին տարիներին բնակչության թվաքանակի նվազումը նույնպես իր բացասական ազդեցությունն է ունեցել սպառման ծավալների վրա: «Եթե նորից մի նոր հարկատեսակ չավելացնեն, ապա գազի գինը կէժանանա: Առաջին հայացքից թվում է, թե մեր հանրապետությունում ավտոմեքենաների քանակն ավելացել է, հետեւաբար աճել է նաեւ սեղմված գազի սպառումը, բայց դա միայն թվում է: Ամեն ինչ շաղկապված է իրար, եթե նախկինում քաղաքացին իր մեքենայի գազի բալոնն ամբողջությամբ էր լիցքավորում, ապա հիմա նա այն 1000 դրամի չափով է լցնում: Աշխատատեղ չկա, մարդիկ աշխատանքի չեն գնում, հասարակական երթուղիների քանակն է նվազել: Նույնիսկ շինարարության ոլորտում արձանագրված անկումն է իր ազդեցությունը թողել մեր բիզնեսի վրա: Շարժ չկա, թե չէ գազի մի քանի դրամի էժանացումը հաստատ ո՛չ մեր եւ ո՛չ էլ սպառողի գրպանին ավելացում չի բերի: Քանի որ հարկատեսակները շատ են: Այսօր նախկինի նման չէ, ամեն մեկն իր գլխի ճարն է տեսնում. մեկը աշխատավարձն է նվազեցնում, մյուսը ծախսերն է պակասեցնում, էն մյուսը աշխատող է կրճատում: Բայց նշեմ, որ այս ոլորտում ուժեղ մրցակցություն է, եւ մեկը մյուսին հակառակ գազի գինը էժանացնում է, թանկացնում կամ զեղչեր է անում»,- նկատեց Էջմիածնի գազալցակայանի աշխատակից Արտակը:
Զրույցի ավարտին նա նշեց, որ գազալցակայանների ծախսերը չեն նվազել, ինչի հետեւանքով սեղմված գազի սակագնի էժանացումը չնչին կլինի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ