ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ազգային Ժողովում

Այս լուսանկարը փաստում է այն մասին, ՀՀ ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնը դեռեւս թափուր է: Մեր հրապարակումից որոշ ժամանակ անց հեռացրին ցուցանակը: Իսկ թե երբ կհայտնվի նոր ցուցանակը, եւ ում անունը կհայտնվի այնտեղ, ցույց կտա ժամանակը, բայց փաստ է մեկ բան, որ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովում մնացել է առանց ներկայացուցչի:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ պտղատու ծառերի էտը տարվա ո՞ր ժամանակահատվածում է նպաստավոր կատարել:

Սահակ Ամրոյան (53 տարեկան, գյուղատնտես)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ պտղատու ծառերի էտը պետք է կատարել դրանց հանգստի շրջանում: Էտի կատարման ժամկետները կախված են տեղի կլիմայական պայմաններից: Արարատյան հարթավայրում խնձորենին, տանձենին, ծիրանենին, սալորենին եւ բալենին կարելի է էտել փետրվարի երկրորդ կեսին՝ օդի դրական ջերմաստիճանի դեպքում, իսկ դեղձենին խորհուրդ է տրվում էտել մարտի սկզբին:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պտղատու ծառերի էտի եւ ձեւավորման աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել պատվաստակալը, սորտը, տնկման խտությունը, մշակության, պարարտացման, ոռոգման, հիվանդությունների եւ վնասատուների դեմ պայքարի միջոցառումները: Ծառերը պետք է ձեւավորել՝ թողնելով 5-7 ամուր կմախքային ճյուղեր, որը պետք է համապատասխանի պտղատեսակի եւ սորտի կենսաբանական առանձնահատկություններին եւ մոտ լինի նրա բնական կառուցվածքին: Նշենք նաեւ, որ Էտը, ըստ կատարման ժամկետի, լինում է ձմեռային եւ ամառային: Ձմեռային էտը կատարում են այն շրջաններում, որտեղ խիստ ցրտեր չեն լինում, կամ էտը կատարում են ուժեղ ցրտերից հետո: Ամառային էտի նպատակն է կարճացնել եւ նոսրացնել կանաչ շիվերը եւ հոռաշիվերը:

 

 
ՀԱՐՑ. Ովքե՞ր ունեն հաշմանդամության կենսաթոշակի իրավունք:

Վարազդատ Մելիքյան (57 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վ. Մելիքյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել՝
1) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով, անկախ աշխատանքային ստաժից,
2) ընդհանուր հիվանդության, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին եւ այլ աղետների հետեւանքով, եթե հաշմանդամություն սահմանելու ժամանակ ունեցել են հետեւյալ աշխատանքային ստաժը.
Տարիքային խումբը Աշխատանքային uտաժը՝
օրացուցային տարիներով
մինչեւ 23 2 տարի
23-ից մինչեւ 26 3 տարի
26-ից մինչեւ 29 4 տարի
29-ից մինչեւ 32 5 տարի
32-ից մինչեւ 35 6 տարի
35-ից մինչեւ 38 7 տարի
38-ից մինչեւ 41 8 տարի
41-ից մինչեւ 44 9 տարի
44-ից բարձր 10 տարի
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք չունեցող հաշմանդամներին նշանակվում է հաշմանդամության նպաստ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների մեջ գերակշռում են արյան շրջանառության հետ կապված խնդիրները՝ 31,5 տոկոս, հոգեկան հիվանդությունները՝ 10,9 տոկոս, նորագոյացությունները՝ 8,3 տոկոսը, նյարդային համակարգի հիվանդությունները՝ 8,1 տոկոս, էնդոկրին հիվանդությունները՝ 7,6 տոկոս, աչքի հիվանդությունները՝ 7,3 տոկոս: Հաշմանդամությունը հիվանդություններով, վնասվածքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումների հետեւանքով առաջացած սոցիալական անբավարարություն է, որը հանգեցնում է անձի կենսագործունեության սահմանափակման եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտության:




Լրահոս