ԱՆՏԱՐԲԵՐ ԵՎ ԱՆՏԵՂՅԱԿ. ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՃԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում անդրադարձել էր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի՝ դեռեւ անցած շաբաթ արած հայտարարությանը, որ Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում: Հիշեցնենք, որ հենց այս կորպորացիան է տնօրինում Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը: «Ժողովուրդ» օրաթերթին վրացական աղբյուրներից հայտնի էր դարձել, որ այս օրերին՝ Վրաստանի վարչապետի հայտարարությունից հետո, ակտիվացել է ադրբեջանական նավթագազային «Soccar» ընկերությունը, որը ցանկանում է գնել գազատարն ամբողջությամբ: Թվում է, թե սա այն հարցն է, որը պետք է մտահոգի ոչ միայն երկրի առաջին դեմքերին, այլեւ կառավարության անդամներին:

ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո «Ժողովուրդ»-ը նախարարներից հետաքրքրվեց, թե ինչպես են վերաբերվում Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսի վաճառքի հեռանկարին եւ ինչ քայլեր են պատրաստվում իրականացնել՝ այն կանխելու համար:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյան
-Պարո՛ն Մարտիրոսյան, արդեն մեկ շաբաթ է՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում: Ի՞նչ եք մտածում այս առնչությամբ:
-Ես Ձեզ պես մամուլից եմ տեղեկացել:
-Իսկ Դուք՝ որպես ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, չե՞ք փորձել կապ հաստատել Ձեր վրաց գործընկերների հետ, հասկանալ, թե որքանով են լուրջ վրացական կողմի մտադրությունները: Ընդհանրապես, ինչո՞վ եք բացատրում կամ մեկնաբանում վրացական կողմի նման մտադրությունը:
-Ես ինչ բացատրեմ, ինչ մեկնաբանեմ Վրաստանի վարչապետի որոշման հետ կապված:
-Պարո՛ն Մարտիրոսյան, այսինքն՝ Ձեզ չի՞ մտահոգում ռուսական գազը Հայաստան տարանցող մայրուղային գազատարի բաժնետոմսերի վաճառքի հնարավորությունը:
-Հարցը ինձ մի՛ ուղղեք, մտահոգիչ է, բայց այդ հարցի լուծման պատասխանը ես չունեմ եւ չեմ կարող տալ:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան
-Պարո՛ն Ամիրյան, նախորդ շաբաթ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում: Հիշեցնենք, որ հենց այս կորպորացիան է տնօրինում Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը, եւ արդեն իսկ այն գնելու ցանկություն է հայտնել ադրբեջանական նավթագազային ընկերությունը: Սա Ձեզ՝ որպես ՀՀ կառավարության անդամ, չի՞ մտահոգում:
-Ես բավարար ինֆորմացված չեմ, դժվարանում եմ պատասխանել: Ինֆորմացված եմ զուտ վերլուծությունների առումով, բայց հայտարարություն անել վերլուծությունների առումով չեմ կարող:
-Իսկ այդ հարցը կառավարությունում քննարկե՞լ եք, ի՞նչ քայլեր են արվում նման հեռանկարը կանխելու ուղղությամբ:
-Չեմ կարծում, որ քայլեր չեն արվում, քայլեր արվում են, բայց նորից եմ կրկնում՝ բավարար ինֆորմացված չեմ, ուստի քաղաքական հայտարարություն չեմ կարող անել:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան
-Պարո՛ն Առաքելյան, տեղյա՞կ եք վրացական կողմի մտադրության մասին՝ վաճառել Հայաստանին գազ մատակարարող խողովակաշարի բաժնետոմսերը:
-Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի էներգետիկայի նախարարին այդ հարցով դիմեք:
-Դուք համարում եք, որ դա միայն Էներգետիկայի նախարարի խնդի՞րն է: Այսինքն՝ Դուք՝ որպես կառավարության անդամ, այդ հարցի շուրջ Ձեր տեսակետը չունե՞ք:
-Պայմաններից տեղյակ չեմ, դա էներգետիկ քննարկում է, կարող է՝ եղել է էներգետիկ հանձնաժողովի քննարկում, գյուղատնտեսության նախարարությունում այդ հարցով որեւէ քննարկում չի եղել:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան
-Պարո՛ն Մինասյան, Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել, ի՞նչ գիտեք այդ մասին:
-Տեղյակ չեմ:
-Նման խնդիր ծագել էր նաեւ 2012 թվականին, երբ Մ. Սահակաշվիլին ցանկանում էր Հայաստանին գազ մատակարարող խողովակաշարի մի մասը վաճառել ադրբեջանական ընկերությանը: Սակայն ՀՀ իշխանությունները կարողացան հասնել նրան, որ վրացական կողմը չգնա այդ քայլին: Հիմա, կարծես թե, նույնպիսի իրավիճակ է, ի՞նչ պետք է անի ՀՀ կառավարությունը:
-Տեղեկություն չունեմ, ավելի լավ է՝ իրավասու նախարարին դիմեք այդ հարցով:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է հենց հիմա նման հայտարարություն արվում:
-Եթե տեղեկություն չունեմ, բաժակ չեմ ուզում նայել, ներող եղեք:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյան
-Պարո՛ն Հարությունյան, Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել, սա Ձեզ չի՞ մտահոգում:
-Я тут причем: Դիմե՛ք էներգետիկայի նախարարին:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԵՐԵՔ «ՀՐԱՑԱՆԱԿԻՐՆԵՐԸ» ԵՎ…

Երեկ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչները ձեռք են բերել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ: ՔՊ-ն երեկ իր պաշտոնական կայքէջում հայտարարել էր նաեւ, որ երեք ուժերով դեկտեմբերի 12-ին հանդես կգան համապատասխան հայտարարությամբ: «Ժողովուրդ»-ը փորձեց ՔՊ խոսնակ Ռուբեն Ռուբինյանից պարզել, թե խոսքն ինչ հայտարարության մասին է:

-Պարո՛ն Ռուբինյան, ՔՊ, ԼՀ եւ «Հանրապետություն» կուսակցությունները դեկտեմբերի 12-ին ի՞նչ հայտարարությամբ են պատրաստվում հանդես գալ:
-Ինչպես գիտեք` նշված երեք ուժերը նախնական կոնսուլտացիոն հանդիպումներ են ունեցել, եւ այդ հանդիպումների ընթացքում քննարկվել է երեք կուսակցությունների հնարավոր համագործակցության հարցը` թե՛ ընտրությունների համատեքստում եւ թե՛ դրանից հետո: Այժմ ձեռք են բերվել հստակ համաձայնություններ այս հարցերի շուրջ, եւ դրանց մասին ավելի մանրամասն կհայտնենք համատեղ հայտարարության ժամանակ:
-Լուրեր էին շրջանառվում նաեւ, որ Դուք բանակցություններ եք վարում «Ժառանգություն» կուսակցության հետ: Քանի որ համատեղ հայտարարության հետ կապված նշվում է երեք ուժերի անունները, ենթադրվում է, որ «Ժառանգության» հետ քննարկումները արդյունք չեն տվե՞լ:
-Բանակցություններ չեն եղել, եւ այս ուժերի հետ նույնպես դեռեւս որպես այդպիսին բանակցություններ չեն եղել, եղել են կոնսուլտացիոն հանդիպումներ: Նման հանդիպումներ տարբեր ուժերի հետ ունեցել ենք, եւ այնպես է ստացվել, որ այս պահին այդ երեք ուժերին է հաջողվել պայմանավորվածություններ ձեռք բերել:
-Ընդամենը երկու ամիս առաջ ՔՊ-ի եւ ԼՀ-ի հարաբերությունները, մեղմ ասած, հարթ չէին: Ի՞նչ փոխվեց այս ընթացքում:
-Գիտեք, քաղաքականության մեջ հարաբերություն բառը ես չէի օգտագործի, ՔՊ եւ ԼՀ կուսակցությունների միջեւ եղել է բանավեճ որոշակի հարցերի վերաբերյալ, եղել է միմյանց կարծիքների եւ դիրքորոշումների ճշտում: ՔՊ-ն ունեցել է որոշ վերապահումներ եւ տարակարծություններ մասնավորապես Էդմոն Մարուքյանի հետ, վերջինիս՝ կառավարության բյուջեներին կողմ քվեարկելու վերաբերյալ, բայց միեւնույն ժամանակ ՔՊ-ն երբեք պարոն Մարուքյանի մասին չի ասել կամ հայտարարել բաներ, որոնք կնշանակեին, որ հետագա համագործակցությունը բացառվում է: Եվ նաեւ ուրախությամբ պիտի նշեմ, որ պարոն Մարուքյանը վերջին կառավարության բյուջեին դեմ է քվեարկել, եւ բացի դրանից՝ վերոնշյալ կոնսուլտացիոն հանդիպումների ընթացքում տեսակետների մոտեցում է տեղի ունեցել:

Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՊԱՐՏՎԵՑ
Շուրջ երկու տարի տեւած դատական քաշքշուկից հետո ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի եւ ճանապարհային ոստիկանության վեճը ստացավ իր հանգուցալուծումը: «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2014 հոկտեմբերին գրել էր, որ ՃՈ-ն տուգանել է Թեւան Պողոսյանին եւ դատական կարգով փորձում է նրանից գանձել 50 հազար դրամ: Պատգամավորն իր հերթին հակընդդեմ հայց էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել իր նկատմամբ կայացրած ակտը: Պողոսյանը պնդում էր, որ ՃՈ-ն իրեն տուգանելու համար պետք է ստանար ԱԺ համաձայնությունը: Հոկտեմբերի 30-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը պատգամավորի հայցը վարույթ էր ընդունել: Արդյունքում՝ շուրջ երկու տարի տեւած քաշքշուկից հետո դատարանը մերժեց պատգամավորի՝ ՀՀ վարչական վերաքննիչ բողոքը: Ասել է, թե նա պետք է կատարի ՀՀ վարչական դատարանի վճիռը: Թեւան Պողոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կբռնագանձվի 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի գումար:

 

 

ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՕԳՆԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2016թ. հունվար-հոկտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել ավելի քան 7 039.8 մլն տոննա ապրանք, որի արժեքը կազմել է ավելի քան 20 136.2 մլն. դրամ կամ 42 040.9 հազ. ԱՄՆ դոլար: Ստացված օգնության 52.6%-ը կազմել է քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 14.7%-ը` մանածագործական իրերը, 7.5%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 6.8%-ը` մեքենաները, սարքավորումներն ու մեխանիզմները, 4.9%-ը` սարքեր եւ ապարատները, իսկ 13.5%-ը` մնացած ապրանքները: 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մարդասիրական օգնության ծավալն աճել է 10.6 տոկոսով:

 

 

ՍԷՖԻԼՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 11-ին ՀՔԾ-ն Ժիրայր Սէֆիլյանի գործով նախաքննությունը ավարտել է, այն տրամադրվել է կողմերին՝ ծանոթանալու եւ դատարան ուղարկելու համար: Հիշեցնենք, որ Ժիրայր Սէֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ: Սէֆիլյանի գործը միացվել է «Սասնա ծռերի» գործին: Նրան այժմ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 35-225-րդ եւ 38-235-րդ հոդվածներով: Գրել էինք, որ այս քրեական գործը կազմում է 33 հատոր, եւ դրան ծանոթանալու գործընթացը ժամանակատար է: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ այս գործով կալանավորվածներից շատերի պաշտպանները դիմել են իրավապահներին՝ եւս մեկ շաբաթով գործը դատարան ուղարկելու գործընթացը հետաձգելու պահանջով:




Լրահոս