ԿՈՆՅԱԿԻ ԵՎ ԳԻՆՈՒ ԷԺԱՆԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանում այս տարվա 10 ամիսներին արտադրվել է 2 մլն 942 հազար լիտր կոնյակ, որը 24.1 տոկոսով ավել է՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածում արտադրվածի:

Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ նույն իրավիճակն է նաեւ գինու արտադրության ոլորտում. այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 709 հազար 300 լիտր գինի: Այսինքն՝ այս տարվա տասը ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գինու արտադրության ծավալները 12.4 տոկոսով աճել են:
Նկատենք, որ այս պատկերը արձանագրվել է 2015 թվականին խաղողի առատ բերքի պայմաններում: Սակայն սրան զուգահեռ նվազեց արտահանումը. տեղական արտադրողները գյուղացիներից մեծ քանակությամբ խաղող մթերեցին, որից պատրաստված արտադրանքը չկարողացան ո՛չ արտահանել, ո՛չ էլ իրացնել ներքին շուկայում: Ինչպես հայտնի է՝ Հայաստանում արտադրվող կոնյակի մեծ մասն արտահանվում է Ռուսաստան: Սակայն ՌԴ-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցները եւ նավթի գների անկումը հանգեցրին ռուսական ռուբլու արժեզրկմանը, ՌԴ տնտեսության վատթարացմանը, որը սկսվել էր դեռեւս 2014 թվականի նոյեմբերից: Ու քանի որ ռուսական շուկան հայկական կոնյակի եւ գինու արտահանման հիմնական շուկան է, ՌԴ տնտեսության վատթարացումը իր բացասական ազդեցությունը թողեց նաեւ հայկական կոնյակ եւ գինի արտադրողների գործունեության վրա: Ի դեպ, տնտեսագետների համոզմամբ՝ 2015 թվականին գինի եւ կոնյակ արտադրողներից շատերը ոչ միայն առանց շահույթի են աշխատել, այլ նաեւ վնասով: Նրանք ռուսական շուկային խմիչքը վաճառում են ռուբլով, ուստի ստանում են արդեն արժեզրկված ռուբլի, ինչը հանգեցրել է եկամուտների զգալի նվազմանը:
Բացի այս՝ գինի եւ կոնյակ արտադրողները նաեւ ներքին շուկայում իրացման խնդիր ունեն. այստեղ ծավալները կտրուկ նվազել են: Այս ոլորտի որոշ տնտեսվարողներ դա կապում են բնակչության թվաքանակի նվազման, գնողունակության անկման հետ: Նրանցից շատերը ստիպված են եղել իրենց շահույթի հաշվին նվազեցնել արտադրանքի գները:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ ՀՀ քաղաքներում այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, կոնյակը էժանացել է: Օրինակ՝ «Արարատ» 0.5 լիտր տարողություն ունեցող 5 տարեկան կոնյակը սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում վաճառվել է 5820 դրամով:
Նշենք, որ ինչպես մյուս ապրանքատեսակները, այնպես էլ կոնյակը ՀՀ քաղաքներում տարբեր գներով է վաճառվել: Բայց կոնյակի ամենաբարձր գինը արձանագրվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, որտեղ 5 տարեկան եւ 0.5 լիտրանոց «Արարատ» կոնյակը վաճառվել է 6230 դրամով: Մինչդեռ նույն կոնյակը Արարատի մարզի Արտաշատ քաղաքում վաճառվել է 6130 դրամով, Վանաձորում՝ 6040-ով, Գյումրիում՝ 5620-ով: Մեկ այլ՝ 0.7 լիտրանոց «Ընտիր» կոնյակի գինը նույնպես այս տարեսկզբից սկսած նվազել է: Ավելին՝ որոշ քաղաքներում այն հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, 20 եւ ավելի դրամով էժանացել է:
Իսկ ահա 3 տարեկան եւ 0.5 լիտրանոց «Արարատ» կոնյակի դեպքում գրեթե նույն իրավիճակն է. այն Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում սեպտեմբերին վաճառվել է 4570 դրամով, հոկտեմբերին՝ 4600 դրամով: Իսկ մյուս քաղաքների դեպքում կոնյակի գները պահպավել են: «Մանե» անվանումով 3 տարեկան եւ 0.5 լիտր տարողություն ունեցող կոնյակը ՀՀ որոշ քաղաքներում այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, չնչին թանկացել է: Օրինակ՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Մանե»-ն հոկտեմբերին վաճառվել է 3580 դրամով, իսկ սեպտեմբերին՝ 3565-ով: Նկատենք, որ բացի կոնյակից՝ էժանացել է նաեւ գինին. օրինակ՝ սեղանի 0.75 լ կարմիր գինու գները տատանվել են 1570-1680 դրամի սահմաններում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
13 ՊԱՇՏՈՆՅԱ՝ 1 ՔՐԳՈՐԾՈՎ
Դիլիջան ազգային պարկում սկանդալային բացահայտում է տեղի ունեցել, որի արդյունքում պարկի 13 աշխատակիցներ կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության: Մասնավորապես Դիլիջան ազգային պարկի պահպանության ինժեներ Աշոտ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից 2014թ. հուլիսի 22-ից մինչեւ 2014թ. օգոստոսի 26-ն ընկած ժամանակահատվածում ազգային պարկում կատարված ստուգման արդյունքում հայտնաբերված անտառխախտումների փաստը քողարկելու դիտավորությամբ 2014թ. օգոստոսին ազգային պարկի վարչական շենքում կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող 15 հատ անտառխախտման կեղծ արձանագրություն՝ դրանցում գրանցելով կեղծ տեղեկություններ:
Դիլիջանի ազգային պարկի տեղամասի պետ Մհեր Հովսեփյանը եւս մեղադրվում է պաշտոնական կեղծիք կազմակերպելու եւ կատարելու մեջ: Նա ազգային պարկում կատարված նշված ստուգման արդյունքում հայտնաբերված անտառխախտումների փաստը քողարկելու դիտավորությամբ 2014թ. օգոստոսին ազգային պարկի վարչական շենքում Արտյոմ Ալիխանյանի անձնական տվյալներով Աշոտ Սարգսյանի կողմից կազմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող 064 անտառխախտման արձանագրության մեջ ակնհայտ կեղծ տեղեկություններ եւ գրառումներ է մտցրել՝ հավաստելով իրականությանը չհամապատասխանող փաստեր: Այս գործընթացում ներգրավված է նաեւ Դիլիջանի ազգային պարկի տեղամասի պետ Նորայր Սարգսյանը: Ըստ մեղադրանքի՝ նա ազգային պարկում կատարված ստուգման արդյունքում հայտնաբերված անտառխախտումների փաստը քողարկելու դիտավորությամբ 2014թ. օգոստոսին ազգային պարկի վարչական շենքում կազմել է 13 հատ անտառխախտման կեղծ արձանագրություն, կատարել ստորագրություններ եւ գրառումներ՝ հավաստելով իրականությանը չհամապատասխանող փաստեր: Ըստ էության, խմբակային դրսեւորում ունեցող այս քրեական գործում ներգրավված ազգային պարկի պահաբաժինների տեսուչներ Արամ Մանուչարյանին, Արամ Պետրոսյանին, Արարատ Թամրազյանին, Արթուր Գուլինյանին, Կամո Պողոսյանին, Կարեն Ստեփանյանին, Մանվել Պետրոսյանին, Քաջիկ Ստեփանյանին, Սամվել Հովհաննիսյանին, Արտյոմ Ալիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նշված ստուգման արդյունքում անտառխախտումների փաստը քողարկելու դիտավորությամբ Աշոտ Սարգսյանի կողմից կազմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող արձանագրությունների մեջ կատարել են ստորագրություններ՝ հավաստելով իրականությանը չհամապատասխանող փաստեր: Վերոհիշյալ բոլոր պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով (Պաշտոնական կեղծիքը): Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է նոյեմբերի 30-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ՊՈԱԿ-Ի ԳՈՒՅՔԸ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆՎԵԼ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը աճուրդի է հանել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի սեփականություն համարվող տրանսպորտային միջոցները: Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ ՊՈԱԿ-ը վաճառում է ռուսական արտադրության հին տարեթիվ ունեցող իր ավտոմեքենաները: Աճուրդի են հանվել թվով 13 ե՛ւ մարդատար, ե՛ւ բեռնատար ավտոմեքենաներ, որոնց մեծ մասը սարքին չէ: Այսպես՝ աճուրդի է հանվել 2003 թվականի արտադրության «Գազ-3110», որի մեկնարկային գինը կազմում է 470 հազար դրամ, 1991 թ.-ի «Գազ-3102»՝ 100 հազար դրամ մեկնարկային գնով, 3 հատ՝ 1986թ., 1987թ., 1984թ. արտադրության «Կամազ-5320»՝ 220 հազար դրամ, 500 եւ 560 հազար դրամ մեկնարկային գներով, 1984 թվականի արտադրության եւ 170 հազար դրամ մեկնարկային գնով «Գազ-5312»: Իսկ 1987-88 թվականների արտադրության անսարք 3 հատ «Ուազ-3303» բեռնատար ավտոմեքենաների մեկնարկային գները կազմում են 26 հազար դրամ, 28 հազար եւ 30 հազար դրամ: «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ավտոմեքենաները գտնվում են Նորատուսում, Սեւանում, Վարդենիկում, Մարտունիում:
Նշենք, որ գույքը չվաճառվելու դեպքում այն ներկայացվում է նոր աճուրդի, որի ժամանակ դրա մեկնարկային գինը նվազում է օտարման մասին որոշմամբ հրապարակված եւ գույքի աճուրդով վաճառքի մասին հայտարարությամբ սահմանված չափով, իսկ այդպիսի չափ սահմանված չլինելու դեպքում՝ վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
Ի դեպ, հին տարեթվով եւ անսարք ավտոմեքենաների աճուրդը տեղի կունենա նոյեմբերի 16-ին: Եթե նշված օրը ավտոմեքենաները չվաճառվեն, եւ հայտ չլինելու պատճառով աճուրդը չկայանա, ապա այն դեկտեմբերի 4-ին նորից կանցկացվի:
Տեղեկացնենք, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը մի քանի տարի է, ինչ տնօրեն չունի: Սերժ Սարգսյանի համակուրսեցի, 65-ամյա Աշոտ Գնդոյանը, ազատվելով ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից, նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԳՈՄԵՇԻ ՄՍԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ՞
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը երեկ հանդիպել է «Աշտարակ կաթ» ընկերության պոտենցիալ գնորդին՝ Արտակ Ասատրյանին: Մոտ 20 րոպե նրա հետ ունեցած փակ հանդիպումից հետո Սուրեն Կարայանի տեղակալ Տիգրան Խաչատրյանն ու «Աշտարակ կաթ» ընկերության առողջացման ծրագրի ղեկավար, Արտակ Ասատրյանի ղեկավարած ընկերության ներկայացուցիչ Արտակ Ավագյանը պատասխանել են լրագրողների հարցերին: Վերջինս մասնավորապես հայտնել է, որ ներդրում կատարողը ներկայացնում է ամերիկյան «Ադրա Ռեմար» ընկերությունը: «Ինքը գործում է Միացյալ Նահանգներում: Համաշխարհային կազմակերպություն է: Թե ինչ կազմակերպությունով ենք սկսում այստեղ վերջնական արտադրությունը, դեռ հայտնի չի, քանի որ հիմա ամբողջ գործընթացը դեռ տեղի չի ունեցել»,- նշել է Ավագյանը՝ հավելելով, որ առքուվաճառքն ու վարձակալությունը դեռ չեն ավարտել: Նա նաեւ հավաստիացրել է, որ Արտակ Ասատրյանը «Պարգեւ» ՍՊԸ-ի հիմնադիրներից չի հանդիսանում: Ավելի վաղ Armtimes.com-ը գրել էր, որ «Պարգեւ» ՍՊԸ-ն կապված է գոմեշի մսի ներկրման հետ, իսկ Արտակ Ասատրյանն այդ ընկերության հիմնադիրներից մեկն է:

 

 

ԼԱՎԱՏԵՍ ՆԱԽԱՐԱՐԸ
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը երեկ հայտարարել է, որ խեցգետնի ու ձկան որսը արգելվում է մինչեւ դեկտեմբերի 25-ը: «Սա այն արգելքի շրջանն է, երբ իսկապես կարեւոր է, որ ձկան բնականոն վերարտադրություն ապահովվի: Եթե մեզ հաջողվի պահել այս արգելքը, մենք, ամենայն հավանականությամբ, կունենանք արդյունագործական ձկնորսությանը շատ մոտ վիճակ»,- ասել է նախարարը` հավելելով, որ դա նշանակում է, որ Սեւանա լճում հաջորդ տարի արդեն կկարողանան ներդնել կառավարելի ձկնորսության նոր հայեցակարգ՝ ապահովելով հատկապես Սեւանի սիգի արդյունավետ աճ:




Լրահոս