Գրեթե 7 ամիս առաջ Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում, «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության սրահում տեղի ունեցավ Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ, «Ազգային միասնություն» շարժման ներկայացուցիչ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի հանդիպումը Տավուշի մարզի գործարարների հետ: Այդ հանդիպման ժամանակ Արամ Սարգսյանն ասաց, որ իրենք նպատակ ունեն ներգրավել ներդրողների, որպեսզի Հայաստանում, հատկապես սահմանամերձ Տավուշի մարզում, գործարար ծրագրեր կյանքի կոչվեն, տնտեսական աշխուժություն լինի: Այդ նպատակով նա առաջարկեց Տավուշից գործարար ծրագրեր ներկայացնել: Հանդիպումից բավական ժամանակ է անցել, «Ազգային միասնություն» շարժման Տավուշի մարզի համակարգող, իջեւանցի գործարար Արթուր Մադաթյանից «Ժողովուրդը» հետաքրքրվեց, թե Տավուշի մարզից քանի ծրագիր է ներկայացվել Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Նա ասաց, որ Տավուշի մարզից 20 բիզնես-ծրագիր է ներկայացվել: Ա. Մադաթյանի խոսքերով, սակայն, այդ ծրագրերը լավ մշակված չեն, դրանք որպես բիզնես-պլաններ մշակելու համար համապատասխան մասնագետները յուրաքանչյուր ծրագրի համար 90 հազար դրամ են պահանջել: Նա հայտնեց, որ «Ազգային միասնություն» շարժումը բիզնես-ծրագրերը ներկայացրել է տարբեր երկրների դեսպանատներ, որպեսզի գտնվեն դրանց ֆինանսավորման աղբյուրները: Ա. Մադաթյանից հետաքրքրվեցինք, թե Հայաստանի այլ մարզերից ներկայացված բիզնես-ծրագրերը իրագործվե՞լ են կամ իրականացման փուլո՞ւմ են: Նրա պատասխանը բացասական էր: «Ազգային միասնություն» շարժման Տավուշի մարզի համակարգողին նաեւ հարցրինք՝ այդ շարժումը իրեն աշխատավարձի, գրասենյակի, փոխադրամիջոցի համար գումարներ վճարո՞ւմ է: Նա ասաց, որ ինքը աշխատավարձ չի ստանում, աշխատում է հասարակական հիմունքներով, իսկ գրասենյակի եւ տրանսպորտային ծախսերի համար իրեն 3 ամիս գումար են տրամադրել, որից հետո վճարումը դադարեցվել է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻՑ
Վերջին օրերին սննդային թունավորման դեպքեր են գրանցվել Լոռու մարզում: ArmLur.am-ի տեղեկություններով՝ առաջին ահազանգը գրանցվել է նախօրեին:
Տուժածը Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել գիշերը՝ ժամը 04-ի սահմաններում: Նա Վանաձոր քաղաքի Էներգետիկների ավանի տներից մեկի բնակչուհի, 1966թ-ին ծնված Մ. Օհանյանն է: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Տուժած կինը թունավորման հիմնական պատճառ նշել է պահածոյացված սմբուկը: ArmLur.am-ը Լոռու մարզային փրկարարական վարչությունից տեղեկացավ, որ թունավորման եւս մեկ դեպք է արձանագրվել:
Հիվանդանոց է տեղափոխվել 54-ամյա Կլարա Բարաթյանը, ով թունավորվել է սնկից: Նրա վիճակը եւս ընդունման պահին գնահատվել է ծանր: Մեզ հետ զրույցում հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը նշեց, որ երկու տուժածներն էլ արդեն դուրս են գրվել: Հովհաննիսյանը հերքեց, թե տուժածները թունավորվել են բոտուլիզմից՝ նշելով, որ նրանք խառը սնունդ են օգտագործել, որոնց մեջ եղել է նաեւ պահածոյացված սմբուկ ու սունկ. «Վիճակները լավ է հիմա, անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, սիստեմաներ են ընդունել ու դուրս են գրվել»,-հայտնեց Հովհաննիսյանը: